Բուժիչ նամակներ

29/10/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Գեղեցկացնող կալինան
Viburnum opulus, բռնչի սովորական, Կալինա կրասնայա

Հնագույն ժամանակներից համարվել է հարսնացուի գեղեցկության, սիրո, ընտանեկան երջանկության խորհրդանիշ։ Բալկաններից մինչեւ Լեհաստան բոլոր սլավոնական ազգերը այս բույսն անվանում են «Կալինա», դա կապված է հասունացած պտուղների բոցագույն լինելու հետ, կրակ` «բռն-ել» չի կարելի։ Հատկապես տարածված է ՈՒկրաինայում` ընդունված է եղել հարսանիքները զարդարել բռնչու վառ սպիտակ ծաղկաբույլերով կամ պտղաբույլերով։ Ծաղկաբույլի ներքին ծաղիկները կարճ, զանգակաձեւ եւ մանր են, եզրայինները` տափակ, մինչեւ 25 մմ տրամագծով, դրանք սերմ չեն տալիս։ Բռնչի սովորականը խոշոր (3-4 մետր) տերեւաթափ, ցրտադիմացկուն թուփ է, ընձյուղները մերկ են, հարթ, կարծրավուն, հին ճյուղերը գորշադարչնագույն են, ճաքճքված, տերեւները (3-5) բլթակավոր են, սրածայր, գրեթե շրջանաձեւ, մուգ կանաչ, տակից ավելի բաց։ Պտուղները հավաքում են ուշ աշնանը, առաջին սառնամանիքներից հետո։

Ֆրանսիացի բուսաբան Լեմուանը ստեղծել է «բուլ-դե-նեժ» = ձնագնդի դեկորատիվ տեսակը, որի ծաղկաբույլը ճերմակ, անպտուղ ծաղիկներից կազմված գունդ է։ Բռնչի սովորականի ծաղկման շրջանում (մայիս-հունիս) մեղուները հավաքում են բույսի ծաղկափոշին եւ ծաղկահյութը։ Մեղվատվությունը 1 հա-ից` 15-30 կգ է։

Բույսի սերմերը կարող են փոխարինել սուրճին, կեղեւից ստանում են` մուգ կանաչ, իսկ պտուղից` կարմիր ներկանյութ։ Պտուղներից պատրաստում են ոգելից խմիչքներ, կիսել, մարմելադ։

Կեղեւը պարունակում է գլյուկոզիդ, վիբուռնին, սապոնին, ֆենոլկարբոնային եւ օրգանական թթուներ (լինոլի, մրջնի, վալերինի, քացախի, պալմիտինի եւ այլ), դաբաղանյութ, ֆիտոստերին, խեժ, սպիրտ։ Ծաղիկները հարուստ են ֆլավոններով, իսկ սերմը` ճարպով։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, K, P, օրգանական թթուներ, եթերային յուղ, պեկտին, դաբաղանյութ, կարոտին, շաքար, սիտոստերին։

Բռնչի սովորականը բնական պայմաններում հանդիպում է Սկանդինավիայից մինչեւ Տյան-Շանի լեռները տարածվող խոնավ մեղմ կլիմա ունեցող վայրերի, ցածրադիր եւ լեռնային գոտու անտառների մոտակայքում, գետափերին եւ թփուտներում։

Հայաստանում հանդիպում է Լոռու Շնող բնակավայրի մոտակայքում։

Կեղեւի եփուկը եւ ջրային մզվածքը (Viburni Fluidium) օգտագործվում է մրսածության, հազի, հեւոցի, հիպերտոնիայի, թութքի, մկանային ջղակծկման, վիժման վտանգի, ներքին արյունահոսության, նեւրասթենիայի, ընկնավորության, աղեստամոքսային հիվանդությունների դեպքում։ Հատապտուղների թուրմը խորհուրդ է տրվում գրիպի, ստամոքսի խոցի, սրտային անբավարարության, բոլոր տեսակի այտուցների, ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, լյարդի հիվանդությունների դեպքում։

Դեղատոմսեր բռնչի սովորականով

Արյունը մաքրող միջոց. Խառնեք 4 ճ/գ եղեւնու ասեղիկներ, 1 ճ/գ տրորած սխտոր եւ 3 ճ/գ հատապտուղ, 10 ժամ թրմեք ջերմապահում 1 լ եռջրում։ Խմեք 100-ական մլ առավոտյան եւ երեկոյան, շարունակեք 15 օր։

Կլիմաքսի դեպքում. Խառնեք հատապտուղը, մոշենու (Rubus caesius) տերեւը, մատիտեղ թռչնի խոտը (1։1։1), 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Հիպերտոնիայի դեպքում. 3 ճ/գ սրոհունդի չոր ծաղիկները 5 րոպե եփեք 1 լ եռջրի մեջ։ Ավելացրեք 2 ճ/գ հատապտղի հյութ եւ 3 ժամ թրմեք ջերմապահում։ Քամեք, խմեք 100-ական մլ, ուտելուց 3-4 ժամ հետո։

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Խառնեք տրորած մասուրի եւ բռնչու հատապտուղները, պատրինջի եւ եղեսպակի խոտերը (1։1։1։1), 2 ճ/գ-ն 400 մլ եռջրով 2 ժամ թրմեք ջերապահում, քամեք։ Խմեք 100 մլ, օրը 4 անգամ։ Շարունակեք 15 օր։

Շաքարային դիաբետ. Խմեք 50-ական մլ հատապտղի հյութ` օրը 3-4 անգամ։

Հակացուցված է` հիպոտոնիայի, արյան բարձր մակարդելիության, վարիկոզի, հոդատապի, երիկամների, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, ինֆարկտի դեպքում եւ հղիներին։

Բռնչի սովորականը լայնորեն կիրառվում է գեղարարության մեջ, պատրաստում են լոսյոն, քսուք, դիմակ դեմքի համար։

Լոսյոն. 2 թ/գ ծաղիկները 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թարմացնում է դեմքը։ Կարելի է նաեւ թուրմը սառեցնել (սառնարանի սառնախցիկում) եւ ստացված խորանարդիկներով մերսել դեմքը առավոտյան (կարճատեւ)։

Դիմակներ. 1 թ/գ նիվենու (էվկալիպտ) չոր տերեւները 3 ժամ թրմեք 70 մլ եռջրում` փակ վիճակում։ Քամեք, ավելացրեք 2 ճ/գ բռնչի սովորականի թարմ տրորած հատապտուղ եւ ցորենի ալյուր, խառնեք, մինչեւ ստացվի համասեռ զանգված, 15-20 րոպե անց դիմակը լվացեք սառը ջրով։

Խոնավացնող դիմակ. 1 ճ/գ բռնչի սովորականի հատապտուղը 1-2 րոպե պահեք եռջրի մեջ, տրորեք։ Ստացված շիլային ավելացրեք մեկական թ/գ բժշկական գլիցերին, մեղր, բուսայուղ եւ կաթի փոշի։ Խառնեք, 15 րոպե անց լվացեք գոլ, ապա սառը ջրով։ Դիմակը նախատեսված է չոր եւ նորմալ մաշկերի համար, ունի կնճիռների առաջացումը կանխարգելող հատկություն։

Սնուցող դիմակ. 2 ճ/գ հատապտուղը թրմեք 20-30 մլ եռջրում, տրորեք, խառնեք նույնքան կաթնաշոռի հետ։

Մաշկը հարթեցնող դիմակ. Սառեցրեք հատապտղի հյութը, ստացված խորանարդիկներով մերսեք դեմքն առավոտյան (կարճատեւ)։

Սպիտակեցնող դիմակ

– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1-2 ճ/գ հատապտղի հյութ, պահեք դեմքին 15-20 րոպե, կարելի է կատարել ամեն օր, կամ`

– Հյութի մի քանի կաթիլ խառնեք ձեզ համար նախընտրելի քսուքին, այնպես, որ քսուքը պահպանի իր խտությունը։ Դիմակը պահեք դեմքին մինչեւ 1 ժամ։ Շարունակեք օրը մեջ` 15-20 օր։

– Տրորեք չհասունացած հատապտուղը մեղրի հետ (3։1), 30 րոպե անց լվացեք դիմակը կիտրոնաջրով (1 թ/գ կիտրոնի հյութը լուծեք 100 մլ սառը ջրի մեջ)։

Սնուցող քսուք տարեցների համար. Հարեք 1 ձվի դեղնուցը 3-ական ճ/գ բուսայուղի եւ հատապտղի հյութի հետ, թրմեք մեկական ճ/գ վաղենակի եւ երիցուկի ծաղիկները 200 մլ եռջրի մեջ, երբ գոլանա` քամեք։ Բամբակե խծուծով քսուքը ներմերսեք պարանոցին եւ լանջաբացվածքին, 15 րոպե անց լվացեք ծաղիկների թուրմով։

Բռնչի սովորականի հատապտղի հյութը օգտագործեք կորյակների, բշտիկների, պիգմենտային բծերի հեռացման, պեպենների գունաթափման համար։

– Թրջեք անձեռոցիկը հատապտղի թարմ հյութի մեջ, պահեք 10 րոպե։ Առաջին օրը կատարեք 5 անգամ։ Երկու օրից` 7, հինգ օրից` 9 անգամ։ Դիմակը հանելուց հետո դեմքը մշակեք սնուցող քսուքով։

Ձեռքերի խնամք. Գոլ ջրի մեջ լուծեք 2 ճ/գ հատապտղի հյութ եւ 1 ճ/գ ծովի աղ։ Ձեռքերը 20 րոպե պահեք լոգանքի մեջ։ Փափկեցնում է մաշկը, ամրացնում եղունգները։

Ոտքերի քրտնածություն. Բռնչի սովորականի ճյուղի կեղեւի 10 գրամը եփեք 200 մլ եռջրի մեջ։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Կատարեք գոլ լոգանք մինչեւ 15 րոպե տեւողությամբ։