Լավատեղյակ աղբյուրներից երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Որոշ ժամանակ անց ողջ քաղաքն այդ մասին էր խոսում: Ըստ նույն աղբյուրների` այդ մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը միայն, քանի որ այս օրերին Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ Երեւանում է գտնվում Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի պատվիրակությունը, որն այստեղ մասնակցում էր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովին: Ի պաշտոնե նրանց ընդունել է Կ. Կարապետյանը, եւ եթե երեկ հայտարարվեր նրա հրաժարականի մասին, կստացվեր, որ այդ պատվիրակության այցի գոնե մի մասն ընդունել է պաշտոնանկ արված քաղաքապետը: Այս անակնկալ հրաժարականի պատճառների մասին երեկ մի քանի վարկածներ էին շրջանառվում: Ի դեպ, նշենք, որ նաեւ տեսակետներ կային, թե Կ. Կարապետյանը վերջերս ինքն էր ցանկանում թողնել քաղաքապետի պաշտոնը: Ավելին, երեկ ասում էին նաեւ, թե ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը պատահական չէ, որ նախօրեին կոշտ ելույթ ունեցավ Կ. Կարապետյանի դեմ, քանի որ նա արդեն տեղյակ էր նրա հնարավոր հրաժարականի մասին: Ինչեւէ, այս հրաժարականի վարկածներից մեկն այն է, որ Կ. Կարապետյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած պետական այցով եւ դրա շրջանակներում ՌԴ ղեկավարության հետ Հայաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններով: Խոսքը վերաբերում է մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ այդ համատեքստում` ԲՀԿ-ի` իշխող կոալիցիայում մնալ-չմնալու հնարավորությանը: Շատերն էին նկատել, որ Ս. Սարգսյանի` ՌԴ կատարած պետական այցի ընթացքում Երեւանի քաղաքապետը պատվիրակության մեջ ընդգրկված չէր: Ի դեպ, դեռեւս անցած շաբաթ մենք տեղեկացրել էինք, որ իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն, ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն հետեւելու են Ռ. Քոչարյանի մերձավոր համարվող մի քանի պաշտոնյաների հրաժարականներ: Այդ ցանկում էին հենց Երեւանի քաղաքապետի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունները: Այսինքն` բացառված չէ նաեւ, որ Կ. Կարապետյանի հրաժարականով տրվել է նշված սցենարի մեկնարկը: Ընդ որում, ոմանց կարծիքով` արդեն հնարավոր է, որ այս պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն դուրս չգա կոալիցիայից եւ հայտարարի 2013թ. ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Կ. Կարապետյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն, դա կապված է նրա կողմից հետեւողականորեն կատարված այն քայլերի հետ, որոնք առաջացրել են երեւանցիների դժգոհությունը (փողոցային առեւտրի արգելում, կրպակների ապամոնտաժում եւ այլն): Ըստ այդ վարկածի, թեեւ բոլոր այդ քայլերը կատարվում էին բարձրագույն իշխանության համաձայնությամբ, միաժամանակ իշխանական լրատվամիջոցներով ներկայացվում էր քաղաքացիների սուր դժգոհությունը` հարմար պահի նրան պաշտոնանկ անելու համար: Իհարկե, այս վարկածն այնքան էլ հիմնավոր չէ` հաշվի առնելով իրադարձությունների զարգացման արագությունը. Կ. Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ս. Սարգսյանի` Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց, երբ Երեւանում դեռեւս ընթանում էր վերը նշված վեհաժողովը, որի «ընդունողն» ինքը` Կ. Կարապետյանն էր: Առաջիկա օրերին պարզ կդառնան այս հրաժարականի իրական պատճառները: Հնարավոր է, որ պաշտոնապես դա կներկայացվի «այլ աշխատանքի տեղափոխվելու» պատճառաբանությամբ: Առավել եւս, որ ինչպես տեղեկացրել էինք, դեռեւս անցած շաբաթ Կ. Կարապետյանին Մոսկվայում երկու գայթակղիչ պաշտոններ են առաջարկվել` «ԾԿնհԽ»` «Մոսկովյան Միացյալ Էլեկտրական Ցանցեր» ընկերությունում (որի հիմնադիրների թվում են «Գազպրոմը», Մոսկվայի քաղաքապետարանը) եւ «Գազպրոմ Էներգոյում»: Ի դեպ, նշենք, որ նախօրեին էլ լուրեր էին շրջում, թե առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրեն Վարդան Հարությունյանը, որն այդ պաշտոնում էր նշանակվել` Կ. Կարապետյանի Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո եւ համարվում էր վերջինիս «կադրը»: Այդ պաշտոնանկությունները, բնականաբար, կապված են իրար հետ: Ըստ նույն տեղեկությունների` ռուսական կողմը պնդել է, որ «ՀայՌուսգազարդի» տնօրենը կարող է ազգությամբ հայ լինել միայն այն դեպքում, եթե այդ պաշտոնը զբաղեցնի Կ. Կարապետյանը: Իսկ վերջինս դեռեւս ամիսներ առաջ հայտարարել էր, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո չի վերադառնա «ՀայՌուսգազարդ»: Ինչ վերաբերում է Երեւանի նոր քաղաքապետի թեկնածությանը, ապա, ամենայն հավանականությամբ, եւ «տեխնիկական պատճառներով»` այդ պաշտոնը կզբաղեցնի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի գործող ավագանու կազմում որեւէ այլ «քաղաքապետացուի» անուն չկա: