ՀԺ-ն այսօր կվճարի պատգամավորների գումարը

27/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ օրվա երկրորդ կեսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա:

Այսօր թերթի խմբագրությունը ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Լեւոն Սարգսյանին եւ Ռուբեն Հայրապետյանին պետք է վճարի ավելի քան 6 մլն դրամ, յուրաքանչյուրին` 2 միլիոն 44 հազար դրամ: Այս տարվա փետրվարին նման վճիռ էր կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը: Կենտրոնի դատարանի այս վճիռը թերթը բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, որոնք էլ անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Եվ ԴԱՀԿ-ն երեկ կատարել է դատարանի այդ վճիռը ու կալանք է դրել թերթի գույքի ու հաշիվների վրա: Բացի այդ, ԴԱՀԿ-ն թերթին պարտավորեցրել էր կատարել դատարանի վճռի մյուս պահանջը` «առաջին էջին տպագրել «Հայկական Ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը»: Երեկ ՀԺ-ն իր առաջին էջում կատարել էր նաեւ դատարանի այս պահանջը:

Հիշեցնենք, որ հենց այս հոդվածում հրապարակված տեղեկությունները պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել: Ու թեեւ թերթը ավելի ուշ հրապարակել էր նաեւ տպագրած տեղեկությունների աղբյուրը, միեւնույն է, դատարանը պատգամավորների պահանջով պատասխանատվության վճիռ կայացրեց ՀԺ-ի նկատմամբ եւ նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը գնահատեց 2 միլիոն 44 հազար դրամ: Իհարկե, արժե նշել, որ պատգամավորներն իրենք մի փոքր ավելի բարձր էին գնահատել իրենց պատիվը` յուրաքանչյուրը 3 մլն դրամ: «Հայկական Ժամանակի» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ-ի այդ քայլերն անակնկալ չէին իրենց համար, եւ, որ այդ ծառայությունն իրականացրել է դատարանի վճռի կատարումը: Նա նաեւ փոխանցեց, որ ԴԱՀԿ-ի այդ քայլը չի խոչընդոտի թերթի աշխատանքներին, որովհետեւ իրենք արդեն ունեն պահանջված գումարը եւ հենց այսօր էլ կարող են փոխանցել համապատասխան հաշվեհամարին: Հիշեցնենք նաեւ, որ երեք պատգամավորներին այդ գումարը վճարելու համար հօգուտ ՀԺ-ի անցկացվեց հանգանակություն, եւ հավաքվեց պահանջվածից ավելին` ավելի քան 7 մլն դրամ:

Ավելացնենք, որ վերջին շրջանում թերթերի նկատմամբ դատական հայցերի առատությունը պատճառ հանդիսացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրեց, որով պահանջում էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող: Դա այն հոդվածն էր, որն օլիգարխներին ու պաշտոնյաներին հնարավորություն տվեց դատի տալ լրատվամիջոցներին եւ միլիոնավոր դրամների փոխհատուցում պահանջել, եթե գտնում էին, որ տպագրված նյութերը վիրավորում են իրենց «պատիվն ու արժանապատվությունը»: Նշենք նաեւ, որ դա վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական այն փաթեթն էր, որը հեղինակել էր նույն Կ.Անդրեասյանը, երբ դեռ ՄԻ պաշտպան չէր: Պարզապես կոալիցիոն 3 պատգամավորներ այդ նախագիծն անցյալ տարի ներկայացրել էին որպես իրենց նախաձեռնությունը: Եվ հիմա ՀՀ ՍԴ-ն օմբուդսմենի այդ դիմումը ոչ միայն ընդունել է, այլեւ որոշել է այն քննել նոյեմբերի 15-ին արագ եւ բանավոր ընթացակարգով` հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը: Եվ նկատի ունենալով դեպքերի նման զարգացումը` ՍԴ Կ.Անդրեասյանի դիմումը եւ ՍԴ-ի արագ արձագանքը, շատերը կարծում են, թե մեծ է հավանականությունը, որ լրատվամիջոցներին նման խոշոր գումարների տուգանքների ենթարկելու հնարավորություն տվող օրենքները կարող են վերանայվել: Մասնավորապես` տուգանքների չափերը կարող են կրճատվել: Դեռ մեկուկես տարի առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվեց եւ ընդունվեց այդ օրենսդրական փաթեթը, կոալիցիոն պատգամավորներից շատերը չարախնդում էին, թե դրանով լռեցնելու են իրենց մասին գրող լրատվամիջոցներին: Եվ, իսկապես, դա դարձավ շատ լրատվամիջոցներին ֆինանսապես ճնշելու գործիք: Եվ եթե որեւէ լրատվամիջոց իր հրապարակումների համար տարին 2-3 անգամ նման փոխհատուցում վճարի, կարող է հայտնվել սնանկացման եզրին: Իսկ այսօր ՀՀ դատական ատյաններում լրատվամիջոցների նկատմամբ միլիոնավոր դրամների փոխհատուցումների պահանջով տասնյակ հայցեր են քննվում: Ընդ որում, լրատվամիջոց կա, որի նկատմամբ միաժամանակ մի քանի հայց է քննվում: Այժմ դժվար է ասել, թե ով կամ ինչն է դրդել օմբուդսմենին մեղմել այդ հոդվածների խստությունը: Դժվար է ասել նաեւ, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն: Իսկ Ա.Հակոբյանը երեկ մեզ փոխանցեց, որ եթե ՍԴ որոշման արդյունքում իրենք չկարողանան արդարադատության հասնել, ապա անպայման կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ես մտածում եմ` այն, որ օմբուդսմենը դիմել է ՍԴ, եւ այն, որ ՍԴ-ն արագացված ընթացակարգով լսելու է հարցը, դրանք նախադրյալներ են, որ կարող են հիմք տալ ենթադրելու, թե հնարավոր է ինչ-որ բան անել»,- ասաց Ա.Հակոբյանը: