– Ինչպե՞ս եք մեկնաբանում իշխող կոալիցիայում պարբերաբար առաջացող հակասությունները: Ձեր կարծիքով` մինչեւ խորհրդարանական ընտրությունները կոալիցիոն ձեւաչափը կպահպանվի՞, թե՞ ոչ:
– Այսօր արդեն բացարձակապես հետաքրքիր չէ` այն կպահպանվի՞, թե՞ ոչ, քանի որ հերթական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն այլեւս միայն մեկ էական առաքելություն ունի` մինչ տարեվերջ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը: Ինչ վերաբերում է կոալիցիայի ներսում հարաբերություններին, իսկ ավելի ճիշտ` ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններին, ապա դրանք համապատասխանում են իրավիճակին բոլոր առումներով: Նախ, կոալիցիոն կառավարության ձեւավորումն ամուսնություն չէ, որ դրա ընդհատումը համարվի արտառոց երեւույթ: Ճիշտ հակառակը, շատ հաճախ կոալիցիոն հարաբերությունների ընդհատումը վկայում է առողջ միջկուսակցական հարաբերությունների, մրցակցության առկայության մասին: Այս կամ այն սկզբունքային հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումների եւ դրանց հիման վրա տարաձայնության անհաղթահարելիության հետեւանքով կոալիցիոն հարաբերությունների վերանայման վճռականությունը միայն հարգանք կարող է առաջացնել: Ցավոք, դա Հայաստանում չկա, եւ ոմանք անգամ իրենց գնահատմամբ` «ախմախությանն» են կողմ քվեարկում` հանուն կոալիցիոն հարաբերությունների: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ ԲՀԿ-ի լուռ ընդվզումները տրամաբանական են: Իշխանության մեջ կոալիցիոն համամասնությունները սովորաբար համապատասխանում են խորհրդարանում ձայների համամասնությանը, մինչդեռ դժվար չէ նկատել, որ Հայաստանում այն ակնհայտորեն խախտված է` ի վնաս ԲՀԿ-ի: Իհարկե, դրա վերանայումն այսօր իմաստ չունի, սակայն այս կամ այն ձեւով դժգոհության դրսեւորումը կարող է գործոն դառնալ առաջիկա ընտրություններից հետո նոր կոալիցիոն կառավարության ձեւավորման ժամանակ: Առավել եւս, որ իշխանության մեջ գրեթե բացարձակ դերակատարություն ունեցող քաղաքական ուժից հնարավորինս տարանջատվելն ընտրություններից առաջ կարող է մեծացնել ԲՀԿ հնարավորությունները:
– Երբ հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Վ. Պուտինը առաջադրվելու է ՌԴ նախագահական ընտրություններում, Հայաստանում էլ ավելի ակտիվացան խոսակցությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին: Հնարավո՞ր է ՌԴ սցենարի կրկնությունը նաեւ Հայաստանում: Եվ ընդհանրապես, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձին:
– Ցավոք, Հայաստանում քաղաքական կյանքը շատ հաճախ նման պարզունակ խոսակցություններով էլ սահմանափակվում է: Ակնհայտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ահռելի տարբերություններ ունեն: Խոսքը միայն չափերին ու նյութական հնարավորություններին չի վերաբերում: Ռուսաստանը եղել է հսկայական կայսրություն, որը վերջին երկու դարերի ընթացքում կարեւոր դերակատարություն է ունեցել համաշխարհային պատմության մեջ ու թեեւ ԽՍՀՄ փլուզումից հետո զգալիորեն տկարացավ, սակայն ամերիկյան միաբեւեռ աշխարհի հիմնական ընդդիմախոսներից մեկն է: Ավելին, Ռուսաստանը եզակի քաղաքակրթական ուղի անցած երկիր է, որը միշտ էլ առանձնացել է յուրահատուկ կառավարման համակարգով: Հետեւաբար` Ռուսաստանին նմանակումը, իսկ նման փորձեր Հայաստանում, ցավոք, եղել են ու կլինեն, միայն տխուր ծաղրանկար է հիշեցնում: Ողբերգական է այն հասարակության վիճակը, որի քաղաքական համակարգը, բացի ուրիշներին կապկելուց, այլ բանի ընդունակ չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա արդեն իսկ այն հանգամանքը, որ Ռուսաստանում վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցավ փոխատեղում եւ հակառակ փոխատեղում է սպասվում եկող տարի, վկայում է, որ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո պետական կառավարման համակարգում երկրորդ (իսկ որոշ առումներով` առաջին) դիրքն ունենալը կարեւոր հանգամանք է: Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձի հնարավորության մասին սպառիչ պատասխան է տվել հենց ինքը, եւ որեւէ բան ավելացնելն անտեղի կլինի: Մի կողմ թողնելով անձնական համակրանքներն ու հակակրանքները, կարծում եմ` յուրաքանչյուր ողջամիտ մարդ կարող է նկատել, որ 1998-2007թթ. ժամանակահատվածը շահեկանորեն տարբերվում էր թե նախորդ, թե հետագա տարիներից: Իհարկե, այդ տարիներին եւս եղել են սխալներ ու թերություններ, սակայն համեմատեք գները, մեր քաղաքացիների գնողունակությունն ու կենսամակարդակը, արտագաղթի ծավալները եւ այլն, ու տարբերություններն ակնհայտ կլինեն: Միաժամանակ, արժե նշել նաեւ, որ այսօր առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միանգամայն նոր որակի ծրագրեր, գիտելիքներ եւ քայլեր:
– Արդեն իսկ խոսակցություններ կան, թե որ քաղաքական ուժը կամ անձինք որ թիմերում են հանդես գալու` գործո՞ղ նախագահի, թե՞ նախկին: Կարելի՞ է ասել, որ Դուք` դուրս գալով ՀՀԿ-ից, բացառեցիք գործող իշխանությունների հետ հետագայում նույն թիմով հանդես գալու հավանականությունը: Իսկ հնարավո՞ր է` հանդես գաք Ռ. Քոչարյանի թիմակիցների շարքում:
– Իսկապես, հեշտ է նկատել, որ սկսվել է մի տենդագին իրարանցում` մրցավազք այս կամ այն ցուցակում հայտնվելու համար: Ընդ որում, շատերը մոռանում են, որ ոչ հեռու անցյալում վերջին խոսքերով հայհոյում էին ներկայիս իշխանության գլխավոր դերակատարներին, իսկ այսօր փորձում են յոթերորդ պորտում ինչ-որ առնչություններ գտնել ու ներկայանալ որպես յուրային: Ոմանք էլ ամենաանթաքույց ձեւով իրենց են առաջարկում նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կարող են հաջողության հասնել առաջիկա ընտրություններում: Սա, իհարկե, Հայաստանի բազմակուսակցական համակարգի այլասերման արդյունքն է ու պատկերը: Քաղաքական ուժերին կարծես թե երկրի վիճակը բացարձակապես չի հետաքրքրում, մինչդեռ այն կրիտիկական է: Մարդիկ շատ ավելի վատ են ապրում, տգիտությունը, կեղծիքն ու խաբեությունը դարձել են համատարած, բարոյահոգեբանական անկումը հղի է աղետալի հետեւանքներով, արտագաղթը կրկին հասել է սպառնալից չափերի, բոլոր հարցերի համար գործում է մեկ արժեք` փողը, եւ մեկ սկզբունք` առեւտուրը: Ավելի քան կրկնապատկված երկրի արտաքին պարտքը ապագայի ոչ մի հույս չի թողնում: Առավել եւս, որ ասպարեզում չկա այդ ամենի հաղթահարմանն ուղղված ծրագիր ու այն կատարելու ունակ քաղաքական թիմ:
Անկախ անհատների անձնական հատկանիշներից, փորձից, գիտելիքներից ու մտավոր կարողություններից, քաղաքականությունը թիմային աշխատանք է, եւ իմաստ ունի դրան մասնակցել, եթե կան անհրաժեշտ պայմանները` համախոհների թիմ, ընդհանուր սկզբունքներ ու արժեքներ: Այդ դեպքում կարելի է նաեւ իրավիճակն արմատապես շտկելու ծրագիր մշակել ու փորձել իրագործել: Խորհրդարանում աշխատանքի շարունակությունն ինձ համար պայմանավորված է լինելու այդ պայմանների առկայությամբ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին շրջանի արտաքին քաղաքական զարգացումներին: Մասնավորապես` Սերժ Սարգսյանի ԱՄՆ, Ֆրանսիա կատարած այցից, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատած այցից հետո գնահատականներ են հնչում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին:
– Բայց ինչ-որ բան փոխելու համար այն պետք է նախ ունենալ: Ո՞րն է այսօր Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը: Այցերն ինքնին որեւէ բան չեն նշանակում: Դրանք արժեւորվում են արդյունքներով, որոնք էլ պայմանավորված են այցերի միջեւ ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքով: Եթե մի կողմ թողնենք փոխադարձ նվերներն ու պարգեւատրումները, արարողակարգային քաջալերանքի խոսքերը, նախընտրական շրջանով պայմանավորված ամբոխահաճո խոսքերը, տակը բան չի մնա: Թերեւս, միայն Ռոդենի ստեղծագործությունը, այն էլ` հավանաբար, խորհրդանշական ձեւով տեղադրված հասարակության համար անհասանելի վայրում: Համոզվելու համար փորձեք ձեւակերպել այդ «կուրսի» արդյունքները: Ինչքան էլ ցավալի է, բայց ոչ մի էական ձեռքբերում չեք արձանագրի: Իսկ ձախողումներն ակնհայտ են բոլոր ուղղություններով: Կարծում եմ, հետագայում առիթ կլինի արտաքին քաղաքականության ոլորտում առկա իրավիճակի մասին ավելի հանգամանալից խոսելու: