Խե՜ղճ ՀՔԾ

27/10/2011

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ՀԱԿ-ի անդամների հայտարարությունը` ՀՀ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: «Այն զուրկ է տրամաբանությունից եւ բացարձակ հերյուրանք է: Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. 2011թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 12:15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացել քրեական գործով մեղադրյալ Վ. Գեւորգյանը: Վերջինս հրավիրվել է հարցաքննության նպատակով, սակայն ներկայացել է առանց պաշտպանի, թեեւ պաշտպանը նախապես տեղեկացված է եղել քննչական գործողության կատարման տեղի եւ ժամի մասին: Քննիչը ցանկացել է մեղադրյալին ծանուցագիր հանձնել` մեկ այլ օր ներկայանալու համար, սակայն աշխատասենյակում Վ. Գեւորգյանն իրեն պահել է հանդուգն եւ ոչ կոռեկտ, որի կապակցությամբ նրան դիտողություն է արվել: Ի պատասխան քննիչի դիտողության` Վ. Գեւորգյանը փորձել է հրահրել սադրանք, բղավել է, թե իբր իր նկատմամբ բռնություն է կիրառվում, իրեն հայհոյում են: Այնուհետեւ Վ. Գեւորգյանը, ինչպես նաեւ նույն օրը ՀՀ ՀՔԾ հրավիրված մյուս մեղադրյալներ Դավիթ Քիրամիջյանն ու Սահակ Մուրադյանը, միջանցքում պատռել են անցաթղթերը, թեեւ դրանք պարտադիր են վարչական շենքից դուրս գալու համար: Այդուհանդերձ, նրանք անարգել հեռացել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: