– Ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել «Յունիքորն գրուպ» ընկերության գովազդային գործունեությունը:
– Մենք որոշել ենք Երեւանում ժամանակավորապես դադարեցնել մեր գործունեությունը, մինչեւ ստանանք մեր կողմից դատական ատյաններին ներկայացրած հայցերի իրավական գնահատականները: Դրանից հետո կկայացնենք վերջնական որոշումը: Բացի այդ, մեր երկու` «Յունիքորն գրուպ» եւ «Նուշիկյան ասոցիացիա» ընկերություններին հասցվել է մոտ 280.000 դոլարի նյութական վնաս, մեր կողմից շահագործված գույքը դարձվել է մետաղի ջարդոն: Մենք դիմելու ենք դատարան, որ ստանանք այդ փոխհատուցումը: Բայց քանի որ մենք գիտենք, որ եթե հաղթենք դատարանում, այդ գումարը պետք է վճարի երեւանցին` նրա վճարած հարկերի միջոցով է գոյանալու այդ գումարը, մենք որոշել ենք դատարան մտնել յուրաքանչյուրս 1000 դրամ հայցով: Մեզ պետք է ունենալ այդ փաստաթուղթը, որ ճիշտ ենք, եւ որ չի կարելի մարդկանց սեփականությունը կամայականորեն ոչնչացնել: Որեւէ մեկի գործողությունների հետեւանքով Երեւանն ու երեւանցին չպետք է պատասխան տան: Եվ մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանն ասի, թե չի կարելի կամայականորեն ոչնչացնել մարդկանց սեփականությունը:
– Ի՞նչ ապօրինություն է կատարել քաղաքապետարանը Ձեր երկու ընկերությունների նկատմամբ: Հայտարարվել է, որ քաղաքապետարանը ընկերություններին ծանուցել է գովազդային վահանակները ապամոնտաժելու մասին որոշումը:
– Այդ ընկերություններն ավելի քան 10 տարի աշխատում են գործող օրենքների շրջանակում, վճարել են բոլոր հարկերը, ապահովել են աշխատատեղեր, մատուցել են ծառայություններ: Երեւանում գործող ընկերությունները եւ քաղաքային իշխանությունները միշտ աշխատել են համագործակցության սկզբունքով: Այս քաղաքային իշխանությունը վարչական վարույթ է հարուցել եւ ակտ ընդունել, թե քանի որ այս ընկերությունները չունեն հողի վարձակալության պայմանագիր, ապա պետք է 5 օրվա ընթացքում ապամոնտաժեն գովազդային վահանակները: Հակառակ դեպքում` դա կանի իր ուժերով: Ակտի հաջորդ կետում գրել է, որ այդ ընկերությունները իրավասու են այս որոշումը բողոքարկել 30 օրվա ընթացքում: Մենք նամակ գրեցինք քաղաքապետարան, որ իրենց ընդունած վարչական ակտն ունի տրամաբանական կամ օրենսդրական հակասություն` օրենքը մեզ մեր իրավունքները պաշտպանելու համար ժամանակ է տալիս, եւ մեզ վրա ոչ իրավաչափ պարտականություն մի դրեք: Դուք չեք դատական իշխանությունը, մեր իրավունքները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, որոնց համաձայն` մենք ունենք դատական պաշտպանության իրավունք: Մեր կարծիքով` ինքը յուրացրել է մեր այդ իրավունքների մի մասը, սահմանափակել է մեր հնարավոր գործողությունները: Քաղաքապետարանը ներկայացնում է, որ իր գործողությունների նպատակը Մաշտոց եւ Սայաթ-Նովա պողոտաները գովազդային վահանակներից մաքրելն է, որ փոխվի քաղաքի էսթետիկ տեսքը: Դրան մենք կողմ ենք: Մեզ մեղադրում են անօրինական գործունեությամբ զբաղվելու` հողի վարձակալության պայմանագիր չունենալու մեջ: Վերջին 10 տարվա մեջ առնվազն 30 անգամ այդ հարցը բարձրացվել է, թե` մեզ հետ կնքեք հողի ենթավարձակալության պայմանագիր, եւ մերժվել ենք: Նույնիսկ ընկերություններից մեկը դատարան էր դիմել, թե` ասեք, որ մեզ հետ համապատասխան պայմանագիր կնքեն: Նորից մերժել են, թե` աշխատեք, հողի վարձակալության սակագները չունենք: Եվ մենք աշխատել ենք լռելյայն համաձայնությամբ: Հաջորդը` եթե ապամոնտաժված բոլոր վահանակներն անօրինական են, ուրեմն Երեւանի բոլոր վահանակները նույն սկզբունքով են գործում: Այդ դեպքում եղեք սկզբունքային եւ նույն գործընթացը սկսեք բոլորի հետ կապված: Քաղաքային իշխանությունները մոռացել են, որ Երեւանը հիմնարկ չէ, մասնավոր ընկերություն չէ, համայնքային միավոր է, որտեղ ինքնակառավարում է իրականացվում իրենց միջոցով: Ընդունված որոշման նպատակները շատ լավն են, գործիքները` շատ կեղտոտ, ինչի արդյունքում ոտնահարվել է մեր դատական պաշտպանության իրավունքը, համագործակցության սկզբունքը, ոչնչացվել է մասնավոր ընկերությունների սեփականությունը, որի համար մենք հարկեր ենք վճարել: Մի վահանակի պատրաստման եւ տեղադրման արժեքը մոտ 7000 դոլար է: Եվ հիմա չգիտենք, թե ինչ հիմնավորումով ենք մեր ընկերության հաշվեկշռից դուրս գրելու ոչնչացված գույքը:
– Իսկ ինչպե՞ս պետք է կատարեք ապամոնտաժված վահանակներին տեղադրված գովազդի պատվիրատուների նկատմամբ ունեցած Ձեր պարտականությունները:
– Քաղաքապետարանը մի գործունեություն է իրականացրել, որի արդյունքում մեր գործարար համբավի հետ կապված խնդիր է ստեղծել: Մեր վահանակի գովազդային պաստառը պատվիրատուի սեփականությունն է, ապամոնտաժելուց հետո դրանք էլ տարել են անհայտ ուղղությամբ: Այդ մարդկանց մտքով նույնիսկ չի էլ անցել, որ դա համակարգային գործունեություն է, բիզնես միջավայրի բաղադրիչ, որն իր պարտավորություններն ունի: Մենք ունենք պայմանագրային պարտականություններ մեր պատվիրատուների առաջ, դա կկատարենք` տույժ ու տուգանքներ կվճարենք: Բայց ինչո՞ւ ես ոչնչացնում ուրիշի սեփականությունը, կամ` ո՞ւմ միջոցով ես իրականացրել այդ գործողությունը: Արդյո՞ք ապամոնտաժողները լիազորված մարդիկ են, հասկանում են, թե ինչ են անում: Լիազորված չեն, ես նրանց տեսել եմ, պատահական մարդիկ են: Մենք պահանջելու ենք այդ մարդկանց ցուցակը, եւ թե ինչ կազմակերպություն է եղել: Ուզում ենք հասկանալ, թե այդ մարդիկ ունեի՞ն համապատասխան թույլտվություն եւ գիտելիքներ, թե ինչի հետ են աշխատում: Նաեւ պահանջելու ենք փորձագիտություն` ապամոնտաժվածը կարո՞ղ է հետագայում օգտագործվել, թե՞ մետաղական ջարդոնի է վերածվել: Գովազդային վահանակը լուրջ կոնստրուկտիվ կառույց է, կարող է վտանգ ներկայացնել քաղաքացու համար, որովհետեւ ունի, օրինակ, քամու դիմադրողականության եւ այլ հաշվարկներ: Հիմա ինչ-որ մեկը վերցրել է վերամբարձ կռունկն ու եռակցման ապարատը եւ եկել է քարուքանդ անելու: Այդ մարդիկ տարիներ շարունակ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, մեզ հետ չեն կնքել հողի վարձակալության պայմանագիրը, եւ վերջում մեզ մեղադրանք են ներկայացնում, թե անօրինական գործունեությամբ ենք զբաղված:
– Դա Երեւանի քաղաքապետարանի կողմից անփույթ գործունեությա՞ն հետեւանք էր, թե՞ կոնկրետ Ձեր նկատմամբ կար հատուկ տրամադրվածություն:
– Չկա հատուկ տրամադրվածություն, բացառված է: Դա լավ նպատակ սպասարկելու վատ ճանապարհ է, որը ես ուզում եմ բացառել իմ քաղաքում: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են մասնավոր, փակ հիմնարկի կառավարիչ, Երեւանի քաղաքապետի պոստում շարունակում են այդ հոգեբանությամբ աշխատել: Երեւանն ու Երեւանի քաղաքապետարանը հիմնարկ չեն, ՏԻՄ մարմին է: Քաղաքապետն էլ հիմնարկի պետ չի: Մենք մեր գործունեությունը Երեւան քաղաքում դադարեցնում ենք, որովհետեւ այսպիսի քաղաքային իշխանությունների հետ աշխատելը համարում ենք արժանապատվությունից ցածր:
– Գովազդային վահանակներ ունեի՞ք Երեւանի այլ հատվածներում: Դրա՞նք էլ եք ապամոնտաժելու:
– Ողջ Երեւանում, ամբողջությամբ դադարեցնում ենք գովազդային գործունեությունը: Չեմ ապամոնտաժելու, դրանք պարզապես գովազդային գործունեություն չեն իրականացնելու: Ես չեմ կարծում, որ իմ աշխատած փողը պետք է փոխանցեմ այսպիսի քաղաքային իշխանությանը, որ ես աշխատեմ` ինքը ուտի: Ես երեւանցի եմ եւ նմանատիպ մոտեցում չեմ հանդուրժում, որովհետեւ դա աղետալի է մեր հասարակական ընկալումների համար:
– Նմանություն տեսնո՞ւմ եք այս դեպքի եւ այն իրադարձությունների միջեւ, որոնց արդյունքում Երեւանի ու Հայաստանի իշխանությունները կենտրոնի բնակիչներին նույնիսկ բռնի ուժով վտարեցին իրենց տներից ու համարժեք փոխհատուցում չտվեցին:
– Այդ մարդիկ ոչ թե բողոքում են իրենց սեփականությունից զրկվելու համար, այլ ասում են, թե` համարժեք փոխհատուցում չտվեցիք: Մեր դեպքում ոչ միայն փոխհատուցման մասին խոսք չի եղել, մեր գույքն ընդհանրապես ոչնչացվել է: Իսկ մենք ստեղծող եւ համայնքին, պետական բյուջեին փող տվող մարդիկ ենք: Ես կարծում եմ, որ հարցը հանրապետության իշխանություններին չի վերաբերում, վերաբերում է կոնկրետ մի գործչի մոտեցումներին: Ու նրա մոտեցումներին չարձագանքեց իր ղեկավարությունը` երեւանցիների ընտրած ավագանին: Դա ինձ մտորումների տեղիք է տալիս, թե ում ընտրեցինք, արդյո՞ք այդ մարդիկ երեւանցիների շահերի ոտնահարման դեպքում պատրաստ են նրանց ձայնը բարձրացնել:
– Ինչո՞ւ է դա զարմացնում: ՀՀ ցանկացած ընտրված մարմին ունի նման գործելաոճ: Եվ դա կեղծիքներով ու այլ ապօրինություններով տեղի ունեցող ընտրությունների արդյունքն է:
– Երբ մենք մարդկանց ենք ընտրում, պետք է մտածենք, թե այդ ընտրությունն անելով` արդյո՞ք ստանում ենք մի կառավարչական մարմին, որն իր գործունեությունը կծառայեցնի մեր քաղաքի, երկրի համար: Թե՞ տալիս ենք նրան իրավունքներ, որը հետագայում չարաշահելու հիմք է լինելու: Էսթետիկան շատ լավ բան է, եւ բարի եղիր անցնել Արամ Խաչատրյան փողոցով ու տես քո էսթետիկայի հետեւանքները, այն գազի խողովակները, որ քաշել ու անճոռնիացրել ես իմ սիրած փողոցը: Երեւանով շրջեք ու տեսեք, թե այս քաղաքն ինչ խողովակային ջունգլիի է վերածել էսթետիկայի սիրահարը: Նմանատիպ քաղաքային իշխանությունների հետ աշխատելը, նրան փող փոխանցելն իմ արժանապատվությունը վիրավորում է:
– Տարեկան որքա՞ն գումար է «Յունիքորն գրուպը» վճարել համայնքային եւ պետական բյուջե: Եվ դա ի՞նչ չափի կորուստ կլինի նրանց համար:
– Շատ, բայց ես կորուստի մասին չեմ խոսում: Այս մոտեցումը պետք է բոլորինը լինի, ու այդ դեպքում ինքը չի մնա: Այս հոգեբանությամբ չի կարող աշխատել այս քաղաքում, որ ինքը նաչալնիկն է, մենք` ենթակա: Այստեղ համագործակցության սկզբունք է եղել, որն այս քաղաքապետի օրոք փոխվեց: Դու կարող ես ամեն մի կրպակ ունեցողի վրայով անցնել, բայց մի օր այս քաղաքը քո դեմ դուրս կգա: Շատ բան պիտի սիրուն լինի, բայց այս մարդիկ չքավորության մեջ են: Դու չես մտածում քաղաքի վերելակային տնտեսության մասին, որը աղետալի վիճակում է, ծաղկի, գազոնի մասին ես մտածում: Եղբայր, գազոնը լավ բան է, բայց վերելակն ավելի կարեւոր է:
– Դուք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն եք արել: Ձեր ղեկավարած ՄԱԿ-ը անցած տարիներին ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել: Ի՞նչ ակնկալիքով եք մասնակցելու ընտրություններին:
– Ակտիվ հրապարակային գործունեությամբ չզբաղվելը նշանակում է, որ մենք ընտրություններին չպիտի՞ մասնակցենք: Մեկը մյուսին խոչընդոտ չէ: ՄԱԿ-ի եւ Գ.Արսենյանի հրապարակային քաղաքականության մեջ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում ստեղծվեց մի վիճակ, երբ քաղաքական դաշտը բեւեռացավ երկու հատվածի: Այս պայմաններում մենք հասկանում էինք, որ երկու կողմերն էլ իրենց տակտիկական նկատառումներից ելնելով` կարող են շահարկել մեր մոտեցումները: Եվ որոշում ընդունվեց, որ մենք հնարավորություն ենք տալիս եւ նույնիսկ կաջակցենք կողմերին, որ ճշտեն իրենց դիրքորոշումները, երկխոսություն իրականացնեն: Նախագահական ընտրություններին մենք կողմ չենք եղել, ընդամենը հռչակել ենք, որ մեզ համար ավելի նախընտրելի է Սերժ Սարգսյան թեկնածուի ծրագիրը: Մենք ոչ իշխանության բաղադրիչ ենք, ոչ էլ ընդդիմության ջատագով: Հիմա մենք ունենք մի վիճակ, որը պակաս պայթյունավտանգ է, քան 1 տարի առաջ: Հիմա մենք մեր տեսակետները կշարադրենք, կգտնենք դաշնակիցներ, կորոշենք, թե ինչ նպատակների շուրջ ենք համագործակցելու, ինչ նպատակներ ենք ուզում սպասարկել:
– Ո՞ր ուժերի հետ եք համագործակցելու: Կարծիք կա, որ համագործակցելու եք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող ուժերի հետ:
– Առաջին հերթին ուզում եմ ասել, որ Ռ.Քոչարյանը հրապարակային քաղաքական ասպարեզ չի վերադարձել եւ նմանատիպ հայտ չի ներկայացրել: Իսկ ես գաղտնի գործարքների կողմնակից չեմ, գաղտնի պայմանավորվածություն չեմ կարող ունենալ ոչ մեկի հետ: Եթե որեւէ մեկի հետ գնամ դաշինքի, այդ մասին կհայտարարվի ու կասվի նպատակները, թե ինչի համար են Գ.Արսենյանն ու ՄԱԿ-ը դաշինքի գնում որեւէ ուժի հետ: Ես կարծում եմ, որ ստեղծված քաղաքական իրավիճակը ՄԱԿ-ին առանձին թիմով ընտրություններին գնալու հնարավորություն տալիս է: Սակայն դա նպատակահարմար չէ, որովհետեւ մենք սթափ մարդիկ ենք եւ գիտակցում ենք, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ՄԱԿ-ին լայն աջակցություն տալ, որովհետեւ մենք տարբերվում ենք մեր հասարակության էլեկտորալ ակնկալիքներից: Բայց մոտենում է այն ժամանակը, որ մոտ կլինենք այդ ակնկալիքներին: Մենք կընտրենք մեր նպատակները սպասարկող քաղաքական ուժին, որի հետ կքննարկենք միասին լինելու հարցը: Վերջիվերջո պետք է կարողանանք հասնել նրան, որ Հայաստանում ցանկացած իշխող համակարգ պատրաստ լինի փոխվել հասարակության ազդեցության միջոցով:
– Բայց ընտրություններին շատ չի մնացել, ընդամենը` 5-6 ամիս: Եվ պետք է արդեն հստակեցրած լինեիք Ձեր նպատակներն ու գործողությունները:
– Ընդամենը չէ, ամբողջ 5-6 ամիս էլ կա: Եվ դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կարող է էական, 180 աստիճանի շրջադարձ տեղի ունենալ մարդկանց գիտակցության, երկրի իրավիճակի մեջ: Նախընտրական քաղաքական գործընթացները սկսվել են, բայց դեռ ինձ համար մի բան մութ է: Քաղաքական ուժերը թող բարի լինեն` հռչակեն իրենց թիրախը, թե ինչ են ուզում անել: Մեզ մոտ նույնիսկ քաղաքականության մեջ ներդրվել է շատ արատավոր մի սկզբունք. «ՍՐցՑՌՑ» են լինում, իրավիճակի մեջ հարմարվում են: Ինչո՞ւ չեն հռչակում իրենց նպատակները: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստաթղթի վրա: Փետրվարին ստորագրվեց մի հուշագիր, որտեղ ինչ-որ բաներ են գրված, 3 քաղաքական ուժ թուղթ են ստորագրել, որտեղ գրված միտքը ինձ հասկանալի է: Բայց ես ուզում եմ հարց տալ ստորագրող 3 քաղաքական ուժերին` այդ թուղթն ուժի մե՞ջ է, թե՞ առոչինչ է:
– Կարծես թե այն փուլն է, որ կոալիցիոն հուշագրի ու կոալիցիայի ճակատագիրն էլ է հստակեցվում:
– Ես այսօր մեսիջ եմ հղում` թափանցիկ, կանխատեսելի եղեք հասարակության համար: Մենք այս հասարակության անդամ ենք, մենք էլ պիտի գնանք ընտրության, ասեք` իմանանք: Եղբայր, կարո՞ղ է խաղում եք բոլորի հետ, ներկայացրեք, թե ինչ եք ուզում անել: Չունե՞ք ծրագիր, էլ մի ասեք` չէ, այսօր` այսպես, վաղը` այնպես, այս մասին էլ` հաջորդ դասին: Հրապարակային քաղաքականությունը մի դարձրեք մութ սենյակում գործողությունների թատերաբեմ: Ժամանակն է, որ կարողանանք հրապարակային քաղաքականության մեջ բարոյական նորմը մտցնել: