Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ

27/10/2011

Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում որպես միջնորդ հանդես գալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ըստ APA գործակալության` երեկ այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Պետք է պահպանել ցանկացած ձեւաչափ: Ցանկացած բանակցություն ավելի լավ է` քան հակամարտությունը»,- նշել է նա: Նաեւ հավելել է. «Հարավային Կովկասն ամբողջական օրգանիզմ է, եւ նրան հնարավոր չէ մասնատել։ Բոլոր երեք պետությունները պետք է հասկանան, որ մենք գտնվում ենք նույն նավակում, եւ մեր ինքնիշխանությունն անքակտելիորեն կապված է: Եթե մի օր այդ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ լինի Վրաստանի մասնակցությունը կամ միջնորդությունը, կամ մեր կողմից որեւէ այլ աջակցություն, մենք պատրաստ ենք»: Անդրադառնալով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ընթացող ժնեւյան բանակցային գործընթացին, Գ.Վաշաձեն ասել է. «Այդ բանակցություններում մենք կանգնած ենք այն տեղում, որտեղ 2009թ. էինք: ՌԴ-ն կտրականապես հրաժարվում է իրեն ճանաչել որպես հակամարտության կողմ, կատարել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, հրաժարվում է քննարկել Վրաստանում կայունության եւ անվտանգության, փախստականների վերադարձի հարցերը: Սակայն հակառակ դրան` Վրաստանը կանի հնարավորինը` ժնեւյան ձեւաչափը պահպանելու համար: Կարծում եմ` դա վերաբերում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին»: