ՀՀ-ին զենք վաճառելու համար ներողություն է խնդրել Ալիեւից

27/10/2011

Ըստ ադրբեջանակլան ԶԼՄ-ների` Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն ասել է, թե Վարշավայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը Հայաստանին զենք վաճառելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Իգոր Բոդյուն հաստատել է, որ Մոլդովան 3 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է վաճառել Հայաստանին` ընդգծելով, որ դա սխալ քաղաքական քայլ էր։

«Չնայած Հայաստանին սպառազինություն վաճառելն արգելված չէ, դիվանագիտական տեսանկյունից դա սխալ էր: Երկու պետություններն էլ ՎՈւԱՄ-ի անդամներ են, եւ մենք հուսով ենք, որ այդ փաստը որեւէ վնաս չի հասցնի երկկողմ հարաբերություններին: Մոլդովայում արդեն ստեղծվել է 2 հանձնաժողով` խորհրդարանական հանձնաժողով եւ Անվտանգության խորհրդի հանձնաժողով, որոնք զբաղվում են տվյալ միջադեպի հետաքննությամբ»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մոլդովան Հայաստանին վաճառել է 60 տոննա ժամկետանց սպառազինություն: Այս տեղեկությունը հաստատել է Մոլդովայի պաշտպանության նախարարը, չնայած հայկական կողմը հերքում է այն: Մամուլը գրել էր նաեւ, թե Մոլդովան Հայաստանին վաճառել է ժամկետանց, բայց բավական թանկարժեք զինատեսակներ` շուկայականից անհամեմատ ցածր գնով: Ըստ այդմ` ՀՀ-ին վաճառված զինատեսակներից են «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ, «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9B862, 9B863, ինչպես նաեւ` «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9B871-3 վերահսկիչ-ստուգիչ համալիրները, որոնցից յուրաքանչյուրի գինը գերազանցում է 60 հազար ԱՄՆ դոլարը: