«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների ցանկում տեղ են գտել այնպիսի անուններ, որոնց, մեղմ ասած` դժվար է համարել թե՛ երիտասարդ ստեղծագործողներ, թե՛ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ:
Այդ ցանկում հայտնված անուններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում երիտասարդ ստեղծագործողներ չկան, ուստի երիտասարդ ստեղծագործողներ մեր երկրում համարվում են 50-ից բարձր տարիք ունեցող գրողները, նկարիչները…
Ուստի, մեղմ ասած, անհիմն ու նույնիսկ վիրավորական է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականների եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի անվանումը: Մարդու տարիքը միաժամանակ հուշում է` նա երեխա՞ է, երիտասա՞րդ, թե՞ պատկառելի տարիք ունեցող անձ, որն էլ ապացույց է հանդիսանում նրա հասունության, ապրած կյանքի իմաստնության, իսկ տվյալ պարագայում` սկսնակ երիտասարդ ստեղծագործող կամ արդեն գրող կոչվելու համար:
Այս ծրագրի շրջանակներում արդեն մի քանի բազմաբնակարան շենքեր են կառուցվել համալսարանականների համար: Այժմ այդ ծրագրով Պարույր Սեւակ փողոցում կառուցվում է հերթական բազմաբնակարան շենքը, որը, ըստ ծրագրի անվանման, պետք է հատկացվեր երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին: Այս ծրագրի հիմնական առաքելությունը բնակարաններ չունեցող երիտասարդ ստեղծագործողներին (մինչեւ 35 տարեկան) կացարաններով ապահովելն է` համեմատաբար էժան գներով: Սակայն «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված` միայն Գրողների միության կողմից ներկայացված եւ վերոնշյալ հասարակական կազմակերպության կողմից հաստատված շահառուների ցանկը բավական է` համոզվելու համար, որ երիտասարդ ստեղծագործողների անվան տակ կառուցվող բազմահարկ շենքն ամենեւին էլ այդ նպատակին չի ծառայում:
Օրինակ, Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի (ի դեպ, նա «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է) ներկայացրած 26 հոգանոց ցանկում 30-40 տարեկան ստեղծագործողի թերեւս մեկ անուն հայտնաբերեք: Ցուցակում հայտնված մյուս գրողներին ոչ միայն դժվար է երիտասարդ անվանելը, այլեւ` անապահով: Այդ ցանկում, կարելի է ասել` ընդամենը երկու-երեք գրող կա, ովքեր բնակարանի կարիք ունեն. Ֆելիքս Եղիազարյանը` նույնը ինքը` Հուսիկ Արան, եւ Ավագ Եփրեմյանը, ով, ճիշտ է` երիտասարդ չէ, բայց հաստատ բնակարանի կարիք ունի եւ արժանի է այդ ցուցակում տեղ ունենալու: Բայց նույնքան անհասկանալի է, թե ինչու է այդ ցանկում հայտնվել, ասենք, ՀՀ մշակույթի նախկին նախարար, գրող, 52 տարեկան Հակոբ Մովսեսի անունը (իսկական անունը` Հակոբ Մովսեսի Հակոբյան): Այն դեպքում, երբ մեր տեղեկություններով` նա նույնիսկ բնակարան ունի Հյուսիսային պողոտայի նորակառույց էլիտար շենքերից մեկում, ուստի խիստ կասկածելի է, թե ինչո՞ւ է նախկին երիտասարդ գրողը հավակնում նոր բնակարանի: ԳՄ-ի ներկայացրած ցանկում տեղ է գտել նաեւ Արտեմ Հարությունյանի քրոջ որդու անունը` Վահե Արսենյանը, ով, մեր տեղեկություններով, նույնպես բնակարանի կարիք չունի: «Նարցիս» գրական ամսագրի խմբագիր, նախկին երիտասարդ, 58 տարեկան Շանթ Մկրտչյանը, ով բնակարան ունի Դավիթաշեն վարչական շրջանում, նույնպես հայտնվել է «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների ցանկում: «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանը, պարզվում է` նույնպես բնակարանի անհրաժեշտություն ունի, սակայն, մեր տեղեկություններով, նա ապահովված է բնակարանով: «Գրական թերթի» խմբագիր Բագրատ Ալեքյանի անունը նույնպես ընդգրկված է այս շահառուների ցանկում: Ամենաուշագրավն այս ցանկում Աշոտ Ալեքսանյանն է, ով Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան գլխավոր քարտուղարն է եւ բնակարան ունի ոչ միայն Երեւանում (Կամոյի դպրոցի հարեւանությամբ), այլեւ շքեղ ամառանոց (Երեւանից ոչ հեռու): Բոլորին քաջ հայտնի եւ ամենեւին ոչ երիտասարդ գրող Գուրգեն Խանջյանը, ով Այգեձորում բնակարան ունի, նույնպես ցանկանում է մատչելի գնով բնակարան ձեռք բերել այս ծրագրի շրջանակներում:
Իսկ թե ինչու է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն անտեսում իր իսկ սահմանած չափորոշիչների նման ակնառու խախտումները` կարելի է միայն ենթադրել: Այս` առաջին հայացքից ականջ շոյող անվանումը կրող ծրագրի ներքո, փաստորեն, իրականացվում է հայտնի ծանոթ-բարեկամ ավանդույթի հերթական նախագիծը: Դարձյալ` բարձր հովանու ներքո: Հիշեցնենք, որ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ խորհրդի անդամներն են` Արսեն Քարամյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «ԵՊՀ Բարեկամների միության» նախագահ, հրապարակախոս Երվանդ Ազատյանը, ՀԳԱ ակադեմիկոս Էդուարդ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը: