ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ մանկապղծությունից Հայաստանում տուժել է 100 անչափահաս: «Սա այսբերգի միայն երեւացող մասն է, իսկ դատավորներն ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ տուգանքով մանկապիղծներին ազատություն են շնորհում: Վերջին շրջանում մեր բարոյական նկարագրին անհարիր դեպքեր են արձանագրվում` 80-ն անց տատիկների բռնաբարությունը: Առաջարկում եմ ՀՀ օրենսդրության մեջ ամրագրել սեռական մոլագարների կաստրացիա կամ ամորձատում, որն իրականացվում է մի շարք եվրոպական երկրներում»,- նշեց Դալլաքյանը` հիշատակելով Գերմանիայի փորձը, որտեղ կաստրացիայի կիրառումից հետո սեռական հանցագործությունների դեպքերը նվազել են 84 տոկոսով: Ի պատասխան, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե հասարակության մեջ ոչ բոլոր խնդիրներն են իրավական լուծումներ ստանում. պատժի խստացումը որոշակիորեն կարող է զսպաշապիկ հանդիսանալ, բայց ոչ անմիջապես լուծել հարցը: «Ես այս խնդիրների լուծումը տեսնում եմ բազմաշերտ հարթության մեջ, ոչ միայն իրավական: Պատրաստ ենք քննարկել եւ տեսնել, որոշակի լուծումներ գտնել»,- ասաց Հ. Թովմասյանը: