Քեզ է՞լ հաշվեցին

27/10/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մարդահամարը մի տեսակ աննկատ սկսվեց: Առաջին երկու օրը մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ բնակչությունը մի տեսակ դժկամությամբ է ընդունում հաշվարարներին: Իսկ ընդունելուց հետո զայրանում է հաշվարարների տված հարցերից: Իսկապես դժվար է պատկերացնել, որ 40-60 տոկոս ստվերային տնտեսություն ունեցող երկրում քաղաքացիները բաց-բաց պատասխանեն իրենց եկամուտների ծավալի ու աղբյուրի մասին հարցերի: Հատկապես, որ այս մարդահամարով մեր իշխանությունները ոչ միայն մեր քանակն էին ուզում պարզել: Այլեւ փորձում էին մեր իսկ մասին այլ տեղեկություններ էլ ստանալ: Թե որքանով հաջողվեց` դժվար է ասելը: Բայց իշխանությունների տեղեկատվական քաղցը բազմաբնույթ էր: Մի հարցով նրանք փորձում էին պարզել, թե իրենց հպատակներից քանիսն են օգտվում ողողվող արտաքնոցից: Մեկ այլ հարցով, թե` քանիսը համակարգիչ ունեն, կամ` մշտական ինտերնետ: Այդ ու մնացած բոլոր ճիշտ տեղեկությունները հավաքելը, բնականաբար, բարի նպատակ ունի: Ենթադրվում է, որ մեր իշխանությունների տեղեկատվականացվածության մակարդակի բարձրացումը նպաստելու է մեզ ավելի արդյունավետ կառավարելուն: Եթե, իհարկե, իշխանություններին հաջողվի ճիշտ տեղեկատվություն հավաքել մեր մասին: Հանրաքվեի անցկացումը առաջին հերթին բնակչության բարի կամքի կարիք ունի: Այլապես ճշգրիտ տվյալների հավաքագրում հնարավոր չի լինի: Այսօր կարելի է ասել, որ մարդահամարի մասին բնակչությունը բավարար չափով տեղեկացված չէր: Ազգային վիճակագրության ծառայությունը հոկտեմբերի 7-ին հրապարակեց «Անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման վիճակի մասին» տեղեկություն: Ըստ դրա` մարդահամարի մասին 15 վահանակ է տեղադրվել. ութը` Երեւանում, ինը` տարբեր մայրուղիների վրա: Արդար լինելու համար` նշենք, որ վահանակներից հինգը երկկողմանի են եղել: Մարդահամարի կազմակերպիչները հավանաբար կարծում են, որ մարզերի բնակչությունն ամբողջ կազմով երթեւեկում է մայրուղիներով: Երթեւեկում ու այդ վահանակներից իրազեկվում է մարդահամարի անցկացման մասին: Բացի դրանից, պարզվում է, որ տեսահոլովակ էլ է պատրաստվել: Պատրաստվել ու ամբողջ 10 անգամ ցուցադրվել է հանրային հեռուստատեսությամբ: Հետո տասը ցուցադրությունը քիչ է թվացել, եւ դրանք եւս մի քանի անգամ ցուցադրվել են եւս երկու մասնավոր հեռուստաալիքով: Ահա իրազեկման համարյա ամբողջ պատկերը, որից էլ պարզ է դառնում, թե ինչու էր բնակչության համար այն անակնկալ: Մարդահամարի համար ներգրավվել է 12 հազար 124 հաշվարար: Ենթադրվել է, որ յուրաքանչյուրը պիտի այցելի մոտ 50 ընտանիք: Եվս մոտ 2 հազար 700 մարդ պիտի վերահսկի եւ ամփոփի նրանց աշխատանքները: Ըստ «Նախապատրաստման վիճակի մասին» հաշվետվության` այս աշխատակազմի հավաքագրումը հեշտ չի ընթացել: 10 մարզերում եւ Երեւանում հաշվարարների թեկնածությունները առաջարկել են համայնքապետերը: Արդյունքում` վեց մարզում հաշվարարների քանակը չի համալրվել 5-10 տոկոսով: Որովհետեւ առաջարկված թեկնածուները «չեն բավարարել որակական պահանջներին (հատկապես` կրթական)»: Երեւանի եւ Արմավիրի մարզի քաղաքների համայնքապետերի ցուցակներից ընդամենը 30 տոկոս հաշվարար է ընտրվել: Ինչից կարելի է ենթադրել, որ այս բնակավայրերի տեղական իշխանությունները լուրջ չեն մոտեցել ցուցակներ ձեւավորելու ստացած առաջադրանքին: Հավանաբար, այս պատճառով է մարդահամարի կազմակերպիչ մարմինն այսօր դիմում չհաշվառված բնակիչներին: Դիմում ու խնդրում է ինքնուրույն ներկայանալ հաշվառման: Կամ զանգահարել իրենց: Հաշվի առնելով իրազեկման աշխատանքների որակը, բարդ չէ ենթադրելը, որ այդ քաղաքացիներն այս խնդրանք-հորդորի մասին ոչինչ չեն իմանա: Հաշվարարների նկատմամբ կրթական պահանջներ դնելը կազմակերպիչների «թեթեւ կամակորությունը» չես համարի: Որովհետեւ նրանց ընդամենը մեկ ամիս ժամանակով աշխատանքի ընդունողները պատրաստել էին 58 տեսակի փաստաթուղթ: Այդքան փաստաթղթից գլուխ հանելու, դրանք հիշելու ու կիրառելու համար կրթական բարձրագույն ցենզ ունենալն էլ կարող է չբավարարի: Միեւնույն է` բնակչությունը բողոքում էր հաշվարարների աշխատանքի որակից: Կազմակերպիչները հավանաբար չէին կարողացել հաշվարարներին ծանոթացնել 58 տեսակի տարբեր փաստաթղթերի հետ: Ու հաշվարարները երբեմն տարօրինակ հարցեր էին տալիս: Օրինակ. պատկերացրեք մայրաքաղաքի բազմաբնակարանային ու բազմահարկ շենքի, ասենք, հինգերորդ հարկի բնակչին, ում հաշվարարը հարցնում է` «Ձեր զուգարանը ողողվո՞ղ է»: Հուսանք, որ այս հարցը չի ուղղվել բանակում, տարբեր մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց: Որովհետեւ նրանց հաշվառման հատուկ կարգ էր նախօրոք ընդունվել: Հավանաբար, այդ հիմնարկությունների ղեկավարները ստույգ չգիտեն, թե իրենց ղեկավարած հիմնարկներում քանի մարդ կա: Հետաքրքիր է, մարդահամարի կազմակերպիչների տվյալներով` մարզային բնակավայրերի 80-99 տոկոսի փողոցներում անվանացուցակ է փակցված ու համարանիշ: Ըստ նրանց` մայրաքաղաքում դրանք փակցված են 60 տոկոսով: Ավելին, հոկտեմբերի 7-ին հրապարակված «Նախապատրաստման վիճակը» արձանագրող փաստաթղթում գրված է, որ մինչեւ հոկտեմբերի 11-ը դրանք լրիվ կտեղադրվեն: Ամսի 11-ն արդեն վաղուց անցել է: Հետեւաբար առաջարկում եմ դուրս գալ ձեր փողոց ու փնտրել անվանացուցակներն ու շենքերի համարանիշները: Եթե դրանք իսկապես 100 տոկոսով փակցված են, ուրեմն սպասեք մարդահամարի ամփոփ տվյալներին: Դրանք հրապարակվելու են մեկ տարի հետո: Իսկ եթե փակցված չեն, ուրեմն ինքներդ որոշեք, թե որքանով են արժանահավատ մարդահամարի արդյունք-տվյալները: Դրանց հավատալ-չհավատալն, ի վերջո, անձնական խնդիր է: