ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին: Ս. Սարգսյանը ողջունել է Բերտրան Դելանոեին` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստը Երեւանում գումարելու եւ այն նախագահելու կապակցությամբ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուրընկալել այս միջազգային կարեւոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի` եւ որը վկայում է այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանը: Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի նիստը Երեւանում անցկացնելու հնարավորության համար: Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին` զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները եւ դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջեւ բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ այդ ոգով կշարունակի զարգանալ:
Ի դեպ, երեկ Փարիզի քաղաքապետին ընդունել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: