«2003 թվականին Վրաստանը ավելի շատ պարտք ուներ, քան այսօր, ինչը նշանակում է, որ Վրաստանի գործող ղեկավարությունը պարտքը ծախսել է զարգացման վրա»,- այս մասին երեկ Բաթում քաղաքում Սահակաշվիլիի ղեկավարությամբ տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նիստին, բացի նախարարներից, ներկա են եղել նաեւ խորհրդարանի անդամներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները: Սահակաշվիլին նաեւ հավելել է, թե` «Նախկին ղեկավարությունը պարտք էր անում եւ ստացված փողը տուն էր տանում, վատնում էր օդում, իսկ մենք այն ներդնում ենք երկրի զարգացման համար, այդ պատճառով էլ պետք է շարունակենք պարտք վերցնել»: Նիստի ժամանակ Սահակաշվիլին իր դժգոհությունն է հայտնել գյուղատնտեսության նախարարության Գինու եւ խաղողի վարչության աշխատանքից («Սամտրեստ») եւ միջազգային շուկաներ վրացական գինու արտահանման տեմպերից` ասելով. «Ես դժգոհ եմ «Սամտրեստի» աշխատանքից, ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից: Մենք կրիայի քայլերով ենք դուրս գալիս միջազգային շուկաներ, այն դեպքում, երբ վրացական գինին աննկարագրելի պոտենցիալ ունի»: Նրա խոսքով` վրացական արտադրությունը ռուսական շուկա վերադարձնելու հարցը չպետք է կանգ առնի: «Այն հարցը, թե արդյոք դուրս կգա՞նք ռուսական շուկա, թե՞ ոչ, ընդհանրապես չպետք է կանգնի… որպեսզի կախում չունենա ինչ-որ «մոլագար» Օնիշչենկոյից (խոսքը Ռուսաստանի սպառողների իրավունքների վերահսկողության ղեկավարի մասին է)»,- հայտարարել է Մ. Սահակաշվիլին` ընդգծելով, թե Ռուսաստանն առայսօր «սեւացնում է Մոլդովայի կյանքը, իբրեւ թե թույլատրելով, բայց միաժամանակ` չթույլատրելով մոլդովական գինու մուտքն իր շուկա»: Նա գյուղատնտեսության նոր նախարար Զազե Գորոզիային հանձնարարել է վարչության պետի հաստիքի թափուր տեղի համար հայտարարել միջազգային մրցույթ եւ «գտնել լավագույն կառավարչի, ով լավատեղյակ է միջազգային շուկաներից», եւ կառույցը դարձնել արդյունավետ: