Մեր թերթի էլեկտրոնային հասցեին ստացվել է մի նամակ-հոդված, որը վերաբերում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ նրա ղեկավար Արթուր Սաքունցի գործունեությանը: Ստորեւ հրապարակվող հոդվածում վերջինիս հասցեին ուղղված բավական ծանրակշիռ մեղադրանքներ կան, ուստի պատրաստ ենք հրապարակել նաեւ Արթուր Սաքունցի պատասխանը եւ հակափաստարկները` վերջին շրջանում ծավալված այս թեմայի առնչությամբ:
Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այլեւ Հայաստանը արդեն մի քանի տարի հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման «դարբնոց»: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռեւս տեղյակ չէ:
Հայաստանցի ընթերցողը թերեւս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի (դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ) իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական www.ukrainian-news.ucoz.ua լրատվամիջոցը հետեւյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. «Այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ռուսաստանից եկած կամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխությունների» արվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձեւերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչեւ 2011թ. վերջը: Ծրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն եւ «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի եւ ուսուցանի «հեղափոխականների» սեփական գրոհային խումբը): (Հղումը` http://ukrainian- news.ucoz.ua /news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194):
Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. «Հակակառավարական քարոզչության եւ իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաեւ Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թ. Հայոց ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումների» հարցերով մասնագետ-սադրիչները ցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցության թեկնածուներին եւ, բնակչության զանգվածային հուզումների ֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների հաղթանակին»: (Հղումը` http:// ukrainiannews.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194):
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաեւ Ղրիմի «ԽՐօՎրՍՏպ նւՏ» լրատվամիջոցը (Հղումը`http://kr-eho.info/ index.phpգname= News&op=article&sid=4308 &word=%D1%E0%EA%F3%ED%F6 ):
Պարզվում է` արտասահմանյան լրատվամիջոցները քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին: «Ղարաբաղում եւ Հայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության» գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը 2001թ. Վանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ եւ իրեն անվանել Հայաստանի գլխավոր իրավապաշտպան: Իր կազմակերպության փաստաթղթերում եւ արտասահմանյան հովանավորների համար նախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է որեւէ ձեւով համագործակցել իշխանության հետ, իշխանություններին հայտարարում է պատերազմ, որը մտադիր է վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված օտարերկրյա գրանտների հաշվին»: (Հղումը` http://ukrainiannews. ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194):
Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման եւ նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետեւյալը` «Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի եւ հասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանությունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի այդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր «Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը, որը հասարակությանը եւ ԶԼՄ-ներին լայնորեն տեղեկացրեց, թե զայրացած ու անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ եւ «իր մտահոգությունն է արտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգության համար, որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է «ոստիկանության կողմից»: Այդ հիմնական իրադարձությունից հետո Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում եւ «գործակալների» ցանցի ստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաեւ` ԱՄՆ իրավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրված գրանտների հաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներ կազմակերպում: «Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցը կենտրոնական բազա է դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների եւ պրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդ սցենարների շրջանակներում Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղարաբաղում, Ղրիմում, Ուզբեկստանում, Բելառուսում եւ Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենում բողոքական տրամադրությունների արհեստական աշխուժություն: …Ղրիմից հավաքագրվում են նաեւ երիտասարդ իսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր են հակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարական բնակչության շրջանում եւ այնտեղ Թուրքիայի հովանու ներքո ստեղծել անկախ թաթարական պետություն»: (Հղումը` http://ukrainian-news. ucoz.ua/news/ zakulisa_ cvetnykh_revoljucij_ kuklovody_i_naemniki/2011-06-03-194):
Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի «անձնական ներդրումը» գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման «սուրբ» գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունն արժանանում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած «Հասարակական մոնիտորինգի անցկացումը բանտերում» թեմայով սեմինարից հետո (որին մասնակցում էին հայաստանյան եւ ադրբեջանական իրավապաշտպաններ) ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. «Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաեւ հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին»: (Հղումը` http://news.day. az/armenia/20792.html):
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Ստեփանակերտ
25.10.2011