«Թուրքիան սպասեց՝ մինչեւ փլատակների տակ ողջ մնացած քրդերը զոհվեն»

27/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 23-ին Արեւելյան Թուրքիայում գրանցված 7.2 բալանոց երկրաշարժից անցել է 4 օր, սակայն Վանի, հարակից շրջանների եւ, մասնավորապես Վանից 100կմ դեպի հյուսիս գտնվող Էրջիշ գավառի ազգաբնակչությունը դեռեւս շոկի մեջ է: Հիշեցնենք, որ Վանում եւ հարակից շրջաններում բնակչության 80%-ը քրդեր են, եւ ազգությամբ թուրքերը զբաղեցնում են հիմնականում պետական պաշտոնները` ոստիկան, նահանգապետ եւ այլն: Բանն այն է, որ թուրքական իշխանությունները խորամանկաբար թաքցնում են այն դաժան իրականությունը, որն այժմ տիրում է Վանում: Քուրդ հայտնի գրող, նախկին քաղբանտարկյալ Մեմեդ Գուլերը մեզ հետ զրույցում սարսափելի տեղեկություններ փոխանցեց, որը, կարծում ենք, նաեւ միջազգային հանրությանը կհետաքրքրի: Նա, մասնավորապես, շեշտեց, որ Թուրքիան հրապարակելով զոհվածների եւ վիրավորների պաշտոնական տվյալները` իրականում կեղծ տեղեկատվություն է տարածում: Թեեւ այսօրվա դրությամբ հրապարակվող թվերը խիստ տարբեր են, եւ շեշտվում է 460 մահացածների մասին տվյալը, այդուհանդերձ քուրդ գրողը վստահեցնում է, որ Վանում զոհվածների թիվը հասնում է մոտ 2000-ի: «Վանում քաոս է, մարդիկ շոկի մեջ են, չգիտեն` ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Մինչ Վանը վերածվել է սոդոմ-գոմորի` թուրքական կառավարությունը կեղծ տվյալների արտահոսքով է զբաղված: Հիմա մենք կարծես բոլոր առումներով փակուղու մեջ ենք: Մարդիկ կյանքի ու մահվան կռիվ են տալիս, եւ մտածելու ժամանակ չկա` իրականությունը Վանից դուրս հանելու համար: Թուրքական կառավարությունը ստում է, թե զոհվածների թիվը` 200, 300, իսկ այսօր` արդեն 400-ին մոտ է: 2000-ին մոտ զոհ ունենք, էլ չեմ ասում, թե փլատակների տակ որքան մարդ կա դեռ»,- մեզ հետ զրույցում Վանում այսօր տիրող սարսափելի վիճակը նկարագրեց Մ. Գուլերը` վստահեցնելով, որ Թուրքիայի իշխանությունների համար այս աղետն իսկական պատրվակ էր քուրդ ժողովրդին ոչնչացնելու համար: Բանն այն է, որ համաձայն ներքին խոսակցությունների` Թուրքիան հրճվանք է ապրում երկրաշարժի հետեւանքով քուրդ ժողովրդի այս «սպանդից»: Քուրդ գրողը պաշտոնական Անկարայի մի շարք երկրների առաջարկած օգնությունից հրաժարվելու քայլը հատուկ քաղաքականություն է համարում` վստահեցնելով, որ Անկարան այդ կերպ փակեց փլատակների տակ գտնվող քրդերի փրկվելու ճանապարհները. «Նրանք հրաժարվեցին բոլոր երկրների օգնությունից` հայտարարելով, թե Թուրքիան կարող է իր երկրի ներսում ծագած հարցերը լուծել, եւ միջազգային հանրությանը ստեցին, թե Վանում ամեն ինչ կարվի բնակչությանն օգնելու համար: Մինչդեռ ոչինչ չարեցին` հատուկ թույլ տալով, որ փլատակների տակ ողջ մնացած մարդիկ այս օրերի ընթացքում իրենց հոգին տան: Հասկանո՞ւմ եք, Թուրքիայի համար սա իսկական շանս էր քրդերին վերացնելու համար»: Ի դեպ, Մ. Գուլերը մեզ փոխանցեց, որ քուրդերն արդեն թույլ չեն տալիս, որ թուրքական լրատվամիջոցները նկարահանումներ կատարեն եւ ռեպորտաժներ պատրաստեն Վանում, քանի որ պետական ապարատից հրահանգավորված` լրատվամիջոցներն աշխարհին ներկայացնում են ամենամեծ սուտը. «Նրանք գալիս մի փլված շենք են նկարում, որտեղ տեխնիկա է աշխատում, եւ աշխարհին ցույց են տալիս, թե թուրքական կառավարությունն ինչպիսի ռեսուրսներ է օգտագործում Վանի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Բայց նրանց ցուցադրած կադրից այն կողմ` համատարած փլատակներ, սարսափելի տեսարաններ են, որտեղ ոչ մի տեխնիկա չկա, որտեղից մարդկանց գետնի տակից դուրս բերող չկա: Դուք հասկանո՞ւմ եք, մենք անգամ համապատասխան տեխնիկա չունենք, որպեսզի վիրավորներին ու դեռ ողջ մնացած մարդկանց դուրս բերենք: Ինչ վերաբերում է քրդական լրատվամիջոցներին, ապա պետք է հասկանայիք, որ այստեղ շոկ է, այստեղ ոչ ոք չի հասկանում, թե թուրքական իշխանություններն ինչպե՞ս են ներկայացնում իրավիճակը: Կանցնի եւս մի քանի օր, որից հետո մարդիկ մի փոքր կսթափվեն եւ կտեղեկանան, թե աշխարհն ինչ գիտի մեզ հետ կատարված սոսկալի արհավիրքի մասին»: Ի դեպ, այս օրերի ընթացքում ինչպես սոցիալական ցանցերում քննարկման մասնակիցներից շատերը, այնպես էլ` թուրք որոշ հայտնի մտավորականներ չեն թաքցրել իրենց հրճվանքը երկրաշարժի հետեւանքով մեծ թվով ազգությամբ քուրդ զոհերի կապակցությամբ: Հիշեցնենք, որ գրանցված աղետից մի քանի օր առաջ քրդերի եւ թուրքերի միջեւ զինված բախում էր եղել: Էրջիշ գավառում թաքնվող Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները Վանի հարավում գտնվող Հաքքարի քաղաքում հոկտեմբերի 19-ին իրականացված հարձակման ժամանակ սպանել էին 24 թուրք զինվորների: Թեեւ պաշտոնապես ասվում է` 24, սակայն մեր տեղեկություններով` իրականում մոտ 80 թուրք զինվոր է սպանվել: Դրան հաջորդած Վանի երկրաշարժը թուրքերից շատերը համարում են զինվորների սպանության պատասխանը արդեն Աստծուց: Վանի քուրդ ժողովուրդն այս օրերին հայտարարում է, որ երկրաշարժից տուժած քրդերին ձեռք չմեկնելու գործողությունը Թուրքիայի կողմից վրեժ է:

Երեկ քրդական «Ֆրրաթ» գործակալությունն արդեն աղաղակել է Վանում տիրող իրավիճակի մասին: Ըստ լրատվամիջոցի` Վանում, որի փողոցներում է հայտնվել երկրաշարժի պատճառով առանց տանիքի մնացած մոտ 500.000 մարդ, օգնությունը հասել է 24 ժամ ուշացումով: Իշխանությունները վրանով եւ սննդով ապահովել են 0,5 միլիոն քաղաքացիների չնչին մասին: «Մենք օգնության կարիք ունենք: Չի բավականացնում ոչ սնունդը, ոչ դեղորայքը, ոչ էլ վրանները: Վանի 60%-ը ավերված է, հողին է հավասարվել 30-40 գյուղ: Շատ երկրներ կան, որ ցանկանում են օգնել Թուրքիային, սակայն մեզ առայժմ օգնություն չի հասել: Երկրաշարժի հետեւանքով Վանում 500.000 մարդ փողոցում է հայտնվել»,- ասել է Վանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սաբրի Աբին: Գրող Մ. Գյուլերն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են, որ առանց այդ էլ քաոսում հայտնված Վանը բնաջնջվի. «Օգնություն ստացված սակավաթիվ վրանները վաճառվում են, դրանք հավասարապես չեն բաժանվում: Այսինքն` իշխանական մարդիկ ամեն կերպ պատ են ստեղծում քրդերի համար: Արհավիրքից ցնցված մարդիկ չեն կարողանում իրար մեջ բաժանել ստացված օգնությունը: Թուրքիան բոլոր պայմանները ստեղծել է քուրդ ժողովրդին սարսափի, քաոսի մեջ պահելու համար»: «Ֆրրաթը» տեղեկացրել էր, որ երկրաշարժից երկու օր անց էլ Վանը որեւէ օգնություն չի ստացել, մինչդեռ առաջիկայում Վանում սպասվում է ցուրտ եղանակ եւ ձյուն, որը քուրդ ժողովրդի վիճակն էլ ավելի բարդացնելու է: Երեկ արդեն աղետի շոկից դեռեւս դուրս չեկած քրդերը դուրս էին եկել փողոց` պահանջելով հատկացնել անհրաժեշտ օգնություն: Ցուցարարները պահանջում էին ազգությամբ թուրք Վանի նահանգապետի հրաժարականը: Ցուցարարներին ցրելու համար իշխանությունները մեծ թվով իրավապահներ եւ զինվորներ են ուղարկել աղետի գոտի, որի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել: Իրավապահները երկրաշարժից տուժածների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ: Ստեղծված իրավիճակում անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները հարձակվում են օգնություն բաժանող բեռնատարների վրա եւ թալանում դրանք: Երեկ արդեն տեղեկատվություն տարածվեց, որ թուրքական կառավարությունը դիմել է մի քանի երկրների օգնությանը: Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից ավերված Վանի վերականգնման համար բոլոր երկրների առաջարկած օգնությունը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է օգնություն առաջարկած 30 երկրներին` նշելով, թե ինչի կարիք ունի աղետի գոտին: Ընդ որում, թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել նաեւ Իսրայելի օգնությունը, որի հետ Անկարան լարված հարաբերությունների մեջ է գտնվում: Պաշտոնական Անկարան դեռեւս չի դիմել Հայաստանին` օգնության խնդրանքով, չնայած` Հայաստանն իր օգնության առաջարկությամբ եղել է առաջիններից մեկը: Քուրդ գրող Մ. Գուլերը թուրքական կառավարության երեկվա հայտարարությանն այսպես է արձագանքում. «Իհարկե, պետք է արդեն դիմել, որովհետեւ անցել է չորս օր: Նրանք, ովքեր կարող էին ողջ մնալ, հիմա արդեն փլատակների տակ մահացան: Թուրքիան հիմա աշխարհին պիտի ցույց տա, որ Վանի համար նույնիսկ դիմում է այլ պետություններին, որպեսզի աշխարհը ժողովրդավարական Թուրքիայի պատրանքը մարսի: Մինչդեռ, երկրաշարժին հաջորդող երկու օրերին այդ օգնությունից հրաժարումն ուներ մեկ պատճառ` թողնել, որպեսզի մարդիկ մի քանի օրերի ընթացքում հոգի տան: Հարյուրավոր մարդիկ կարող էին ապրել, եթե ոչ հազարը, մինչդեռ Էրդողանն իր կառավարությամբ լուռ հետեւեց փլատակների տակ մահացող մարդկանց դանդաղ մահվանը: Հիմա արդեն կարելի է տեխնիկա բերել եւ զոհվածների դիակները դուրս բերել: Քրդերը շատ մեծ զոհեր ունեցան եւ, դա էր նրանց անհրաժեշտ: Երկրաշարժին հաջորդող երկու օրերի ընթացքում ստացված օգնությունը կարող էր շատ քրդերի կյանք փրկել: Հիմա մեզ մոտ քաոս է, բայց հավատացնում եմ Ձեզ, որ մի քանի օրից, երբ մարդիկ ուշքի գան` աշխարհը կիմանա, թե Թուրքիան ինչ պետություն է»,- մեզ հետ զրույցում փոխանցեց Մեմեդ Գյուլերը` վստահեցնելով, որ քուրդ ժողովուրդն առաջին պահից էլ կընդուներ Հայաստանի օգնությունը, եթե չլիներ իշխանությունների արգելքը: Ի դեպ, Թուրքիայում արդեն լուրեր են շրջանառվում, որ քուրդ ժողովուրդը չի մարսելու թուրքական իշխանության այս գործողությունները: Մասնավորապես նրանք պատրաստվում են չենթարկվել պետական որեւէ օղակի եւ չընդունել թուրքական օրենքները: Այս ճանապարհով քուրդ ժողովուրդն ապստամբություն է հայտարարում թուրքական կառավարությանը, ինչը, թերեւս, լուրջ հետեւանքներ է ունենալու այս երկու ժողովուրդների համար:

Հ.Գ. Մեր թերթի առաջիկա համարներից մեկում կներկայացնենք Վանի քաղաքապետ Բելսիր Կայայի «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցը: