– Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Փեսացուն կրկեսից» ֆիլմի առաջին ցուցադրությունը: Նախ` ինչո՞վ է պայմանավորված ֆիլմի վերնագիրը, եւ արդյոք հատո՞ւկ էր մտածված այն դրվագը, երբ ֆիլմի հերոսին` Նարեկին, համոզում են հանդես գալ փակման վտանգի առջեւ կանգնած կրկեսի վերջին բեմելույթին:
– Մենք գիտեինք, որ կրկեսը փակվելու է, քանի որ մեր նկարահանումների համար կրկեսի շինարարությունը փոքր-ինչ հետաձգեցին: Մեր նկարահանումներից առաջ պարզեցինք, որ շուտով կրկեսը քանդելու են, եւ խնդրեցինք այն ընկերությանը, որը պետք է զբաղվի վերակառուցման հարցով` մի քանի ամսով հետաձգել շինարարությունը: Բնականաբար, իմանալով, որ այլեւս չի լինելու կրկեսը, շեշտեցինք ֆիլմի այդ դրվագում: Չգիտեմ, թե ի՞նչ քաղաքականություն կա այդտեղ, բայց մենք այդ հանգամանքն օգտագործել ենք` ուղղակի տեղեկացված լինելով: Ֆիլմի հիմքում հայտնի պատմություն է ընկած, երբ աղջիկը իր ընտրյալին, ով աշխատում է կրկեսում, ծանոթացնում է ծնողների հետ: Ֆիլմը մոնտաժելուց հետո հասկանում ես` արդյոք ֆիլմի վերնագիրը համահո՞ւնչ է ֆիլմին: Վերնագիրը սկզբից այլ էր: Մենք մտածում էինք այն անվանել «Սեր` առանց հնարքների»: Վերնագրի այդ տարբերակը, սակայն, գեղեցիկ էր հնչում ռուսերենով: Ինչեւէ, վերջնական տարբերակն ընտրեցինք «Փեսացուն կրկեսից»-ը, որն առավել, քան համահունչ էր մեր ֆիլմին: Առաջին ֆիլմը, որ նկարահանվել է այդ կրկեսում, Լեոնիդ Ենգիբարյանի մասին ֆիլմն է եղել, իսկ վերջինը, փաստորեն, այս ֆիլմն է: Կրկեսում այլեւս ֆիլմ չի նկարահանվելու:
– Ֆիլմի սյուժեն կարծես վերցված լինի ամերիկյան ֆիլմերից: Նախահիմք կա՞ր դրա համար:
– Որպես օրինակ` նշեմ երկու մեգաֆիլմեր` «Մատրիցան» եւ «Ավատարը», որոնց հիմքում նույն մեխանիզմն է ընկած, այսինքն` երբ մարդը մի տեղ պառկած է, բայց նա գործողությունների մասնակից է նաեւ մեկ այլ միջավայրում: Այսինքն` երկու մեգաֆիլմերի հիմքում էլ կարող է ընկած լինել նույն տրյուկը: Թեմաները կարող են կրկնվել, եթե դա չի հոգնեցնում հեռուստադիտողին, այլ բան է, եթե այդ նմանությունը կարող է ձանձրացնել կամ խանգարել ֆիլմը դիտելիս:
– Չե՞ք կարծում, որ ֆիլմի, այսպես ասած, այցեքարտը Ֆրանսիայում բնակվող հայ դերասանի` Սերժ Ավետիքյանի գործոնն է:
– Սերժ Ավետիքյանն ընտրվեց քաստինգով: Դեսպանի կերպարի մարմնավորման համար նա ամենահարմարն էր, այսինքն` այդ դերի համար դերասանը պետք է համապատասխան լինի նաեւ իր արտաքին տվյալներով: Բացի այդ, հայերեն լեզվի նրա ֆրանսիական ակցենտը, Փարիզում ապրելու հանգամանքը շահեկան էին մեզ համար: Սերժ Ավետիքյանն ուրախությամբ ընդունեց մեր այս առաջարկը, քանի որ առաջին ֆիլմի` «Պահանջվում է միլիոնատերի» ժամանակ արդեն համագործակցել էինք նրա հետ: Երբ նա իմացավ ավելի ծավալուն դերում հանդես գալու մասին` մեծ սիրով համաձայնեց:
– Իսկ մտավախություն չունեի՞ք, որ ֆիլմի գլխավոր հերոս Հովհաննես Ազոյանը (Հովոն), ով հայտնի է հիմնականում ժամանցային հաղորդումներից, կարող է ոչ այնքան լուրջ դիտվել այդ դերում:
– Այդ իմաստով մեր մտավախությունը լուծվել էր դեռ առաջին ֆիլմում` «Պահանջվում է միլիոնատերում»: Մարդիկ երկրորդ ֆիլմը դիտում են նրա մասնակցության համար: Հովհաննեսին կարելի է համարել կինոդերասան: Ինձ համար նա լուրջ կինոդերասան է, այլ ոչ թե հեռուստատեսային ժամանցային նախագծի մասնակից: Կարծում եմ` շատերը, այդ թվում` դերասանական միջավայրից մարդիկ, ովքեր աշխատել են լուրջ դերասանների հետ, այդ հարցում կհամաձայնեն ինձ հետ: Նրանք Հովհաննեսին լավ գնահատականներ են տալիս:
– Ֆիլմի առաջին հատվածը Եթովպիայո՞ւմ էր նկարահանվել:
– Ոչ, մենք գնել ենք այդ տեսանյութը, եւ կատարվել է բավական լուրջ անիմացիոն աշխատանք, որպեսզի ստեղծվի այն տպավորությունը, որ նկարահանումը եղել է Եթովպիայում:
– Ֆիլմը նկարահանելուց առաջ ի՞նչ խնդիր էիք դրել Ձեր առջեւ:
– Առաջին խնդիրն այն էր, որ երկրորդ ֆիլմը նախորդի համեմատ ավելի լավը լինի: Եվ, իհարկե, կարեւոր է, որ մարդիկ կինոդիտումից հետո կինոթատրոնից գոհ դուրս գան` իրենց բարեկամներին հաղորդելով լավ կինոյի գոյության մասին` նրանց կանչելով դեպի կինոթատրոն: Իսկ դա ունի երկու նպատակ` գումար աշխատել, եւ հանդիսատեսի դրական արձագանքները ստանալ:
– Եվ, ի վերջո, պրոպագանդվի մաքուր սերը:
– Մաքուր, անարատ սիրո պակաս կա: Մեզանում մարդիկ կարծես ավելի հաշվենկատ են դարձել, շահի ետեւից են ընկնում: Պարզ ու հասարակ ձեւով պետք է ցույց տալ այդ անարատ սերը:
– Ինչո՞ւ մարդիկ լուսավոր երեւույթներն այլեւս չեն ուզում տեսնել:
– Երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ պարգեւեց բոլորիս, տեղի ունեցավ էմոցիաների բռնկում: Մեր երկրում պետական մակարդակով չի արվում, այսպես ասած, էներգիայի փոխանցումը: Եթե ինչ-որ բան պակասում է, ապա հեռուստատեսային հաղորդումների միջոցով պետք է լրացնել այդ բացը: Ինչ-որ բան պետք է փոխել, որովհետեւ մարդիկ կամաց-կամաց կարող են դառնալ գորշ մկներ, եւ ամեն մեկի նպատակը կարող է դառնալ զուտ գոյատեւումը: Պետական այրերին ուղղված հարց է` ժողովրդին պետք է տալ երջանկության, հայրենասիրության դոզա: Նախկինում կային հայրենասիրական երգեր, ֆիլմեր, որոնք պահում էին մարդկանց մեջ այդ ուժը: Մինչդեռ այսօր դա, կարծես, չկա: