«Forex» եւ «Masterforex-V» բորսայական առեւտրի ակադեմիայի փորձագետները կազմել են ամենաթանկ 11 բջջային հեռախոսների ցանկը, որին անդրադարձել է «Բիրժեւոյ Լիդեր» համացանցային հանդեսը:
1.Ulysse Nardinգs The Chairman. Ամենաթանկերից ամենաէժան Ulysse Nardinգs The Chairman բջջային հեռախոսի գինը 49,5 հազար ԱՄՆ դոլար է: Բայց այն ամենաթանկն է այն սմարթֆոնների շարքում, որոնք աշխատում են «Android» գործառնական համակարգով: Սարքն ունի ինչպես սենսորային էկրան, այնպես էլ ոչ վիրտուալ ստեղնաշար: Հեռախոսի անզուգական դիզայնը չի խանգարել, որպեսզի այն «տեղավորի» բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում` կապված սարքի էներգապահովման հետ:
2. Nokia 8800 Arte- Այս հեռախոսն արժե 134.000 դոլար: Այս մոդելը մշակել է ավստրիացի դիզայներ Պետեր Ալոիսոնը: Այն զարդարված է սպիտակ եւ վարդագույն հարյուրավոր ադամանդներով, որոնք ընդհանուր 21 կարատ են կազմում: Բնական է, որ այս մոդելը ներառել է Nokia-ի ժամանակակից մոդելներին բնորոշ բոլոր հնարավորությունները:
3. iPhone Princess Plus- Արժեքը 176 հազար 400 դոլար է: Այս մոդելի դիզայները նույնպես Պետեր Ալոիսոնն է, ով օգտագործել է 318 ադամանդ` 17,75 կարատ քաշով, որոնք շրջանակված են սպիտակ ոսկով: Ըստ որոշ ԶԼՄ-ների` այս մոդելը պատվիրել է ոմն ռուսաստանցի գործարար: iPhone Princess Plus-ի յուրաքանչյուր օրինակ ձեռագործ է եւ ստեղծվում է միայն հատուկ պատվերով:
4. Sony Ericsson Black Diamond- Արժեքը` 300.000 դոլար: Այս «Սեւ ադամանդի» դիզայնի հեղինակը սինգապուրցի Ջարեն Գոհն է: Սարքի իրանին առկա է տիտան: Այն զարդարված է խոշոր ադամանդով: Այս բացառիկ մոդելի բազմաֆունկցիոնալությունն ու հուսալիությունը նույնպես ամենաբարձր մակարդակի են:
5. Vertu Signature Cobra- Արժե 310.000 դոլար: Vertu ընկերությունն այս էլիտար մոդելը մշակել է ֆրանսիական «Boucheron» ոսկերչական տան հետ համատեղ: Սարքի հետնամասը եզակի է` վարդագույն ոսկուց օձի տեսքով, որի «կաշվին» պսպղում է 439 սուտակ (ռուբին): Օձի աչքերը զմրուխտից են: Սարքը զարդարված է նաեւ ձեռքի նիստավորման երկու ադամանդներով:
6. Gresso Luxor Las Vegas Jackpot- Արժե 1 մլն դոլար: Այս մոդելը համադրում է Հին Եգիպտոսի գանձերի փայլը եւ Լաս Վեգաս խաղային կենտրոնի անկրկնելի ոճը, ինչն արտահայտում է նաեւ անվանումը: Երեք օրինակով արտադրված մոդելի իրանը պատրաստված է 18 կարատ կշռող ոսկուց` զարդարված 45,5 կարատ ընդհանուր քաշով հազվագյուտ սեւ ադամանդներով: Իրանի ետնամասը 200-ամյա աֆրիկյան սեւ փայտից է: Այդ ամենի հետ մեկտեղ` հեռախոսի հաստությունը 12 միլիմետր է: Այդ բջջային հրաշքի ստեղնաշարի յուրաքանչյուր ստեղնը պատրաստված է ձեռքով ողորկված շափյուղայի (սապֆիր) միաբյուրեղից, իսկ տառերն ու թվերը «դաջված» են լազերով:
7. Diamond Crypto Smartphone- Արժե 1,3 մլն դոլար: Այս թանկարժեք սարքը պատրաստել է կրիպտոգրական համակարգերի մշակման եւ ներդրման ոլորտում մասնագիտացած ռուսաստանյան «Ancort» ընկերությունը: Հեռախոսի իրանը պատրաստված է 950 հարգի պլատինիումից եւ զարդարված է ավստրիացի ոսկերիչների մշակած ադամանդներով:
8. GoldVish «Le million» Piece Unique- Արժեքը` 1,3 մլն դոլար: Հեռախոսն իր անզուգականությամբ եւ ադամանդե ձեւավորմամբ եզակի ոճավորում ունի: Դիզայները մի շարք ժամացույցների հեղինակ Էմանուել Գեյթն է: Մինչեւ վերջերս այս սարքը Գինեսի ռեկորդակիր էր` որպես ամենաթանկ հեռախոս` ամենաբարձր հարգի որակի եւ մեծ քանակի ադամանդներ ունենալու շնորհիվ:
9. Peter Aloisson Kings Button iPhone- Արժե 2,4 մլն դոլար: Այս սարքի դիզայները եւս ավստրիացի դիզայներ Պետեր Ալոիսոնն է, ով իսկապես արքայական իր է դարձրել Apple iPhone 3G-ն: Այն նախշազարդված է 18 կարատ վարդագույն, դեղին եւ սպիտակ ոսկով եւ ամենաընտիր 138 ադամանդներով: Իսկ «Home» սեղմակը 6,6 կարատանոց խոշոր, հազվագյուտ ադամանդից է:
10. Goldstriker iPhone 3GS Supreme- Արժեքը` 3,2 մլն դոլար: Սա «Goldstriker» ընկերության անգլիացի ոսկերիչ Ստյուարտ Հագզի ստեղծագործությունն է: Հեռախոսը սերիական չէ եւ պատրաստված է ավստրալացի ոսկի արդյունաբերողի պատվերով: Սարքի իրանը 271 գրամ ոսկուց է` զարդարված 200 ադամանդներով: Իսկ ուղղորդման սեղմակը 7,1 կարատանոց ադամանդ է:
11. Stuart Hughes iPhone 4 Diamond Rose Edition- Արժեքը` 8 մլն դոլար: Ըստ կանադական «FXClearing» ընկերության փորձագետների, այս գլուխգործոցը եւս Հագզի տաղանդի արգասիքն է: Աշխարհում ամենաթանկ այս հեռախոսի իրանը պատրաստված է վարդագույն ոսկուց` նախշազարդված 500 ադամանդներով, որոնց ընդհանուր կշիռը 100 կարատ է: Իրանի ետնամասին, «Apple» ընկերության տարբերանշանը կազմված է 53 ադամանդից: Ուղղորդման սեղմակը 7,4 կարատանոց ադամանդ է` տեղադրված պլատինիումի հիմքի վրա: Ի դեպ, այս հեռախոսը պահելու համար ստեղծված է գրանիտե 7 կիլոգրամանոց ճամպրուկ, որը ներսից պատված է թանկարժեք կաշվով: