Ֆորպոստի կյանքից

25/10/2011

«Եթե նավթի ու գազի գները ներդրողների վատատեսական սպասումներով եւ վառելիքի նկատմամբ ավելի թույլ պահանջարկով պայմանավորված շարունակեն անկում ապրել, ապա դա իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա: Իսկ դրա արդյունքում դեպի Հայաստան ներհոսող տրանսֆերտները, գործոնային եկամուտները եւ կապիտալ ներդրումները կկճատվեն` հանգեցնելով նաեւ ՀՆԱ աճի կանխատեսվածից ավելի ցածր մակարդակի ձեւավորմանը»,- նման կանխատեսում է ներկայացված ՀՀ կառավարության` 2012թ. բյուջետային ուղերձում։ Այս նախադասությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն այն մասին, թե որքան մեծ կախվածություն ունի Հայաստանը ՌԴ-ից։ Եվ ոչ միայն։ Նշված է նաեւ մետաղների միջազգային գների եւ այլ արտաքին գործոնների մասին, որոնք կարող են նվազեցնել հաջորդ տարի կանխատեսվող տնտեսական աճը։ Ուշագրավ է նաեւ, կառավարությունը 2012 թ. կանխատեսում է ներդրումների մակարդակի նվազում, այն դեպքում, երբ պաշտոնյաներն ամեն օր խոսում են ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրենց կատարած քայլերի մասին։