Ռոդենի գինը

25/10/2011

Հոկտեմբերի 23-ին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն, որն ավարտվելու է այսօր: Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Դրանից առաջ ՀՀ նախագահը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի, Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ, եւ այլն, եւ այդպես շարունակ: Մի խոսքով, ամեն ինչ արվել է` այս այցը շատ ճոխ ու «ընդգրկուն» ներկայացնելու նպատակով, քանի որ դրա արդյունքները չափազանց կարեւոր կարող են լինել թե ՀՀ իշխանությունների, թե պետության համար: Բնականաբար, խոսքը հրապարակային հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունների ու արդյունքների մասին չէ: Մոսկովյան այցով Ս. Սարգսյանը նախ փորձելու է վերջ դնել Հայաստանի իշխանական համակարգում հաստատված «երկատված» վիճակին, որը հատկապես սրվեց Վլադիմիր Պուտինի` ՌԴ հաջորդ նախագահ հռչակվելուց եւ դրանով պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունների ակտիվացումից հետո: Մեծ է հավանականությունը, որ Ս. Սարգսյանը կկարողանա Մոսկվայում լուծել այդ խնդիրը, եւ Հայաստան վերադառնալուց հետո վերջնականապես կհստակեցվեն իշխանության ՀՀԿ-ական թեւի հարաբերությունները թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, թե Ռոբերտ Քոչարյանի հետ: Ավելի բարդ է կանխատեսել` արդյո՞ք Ս. Սարգսյանը կկարողանա լուծել այս այցի համապատկեր հանդիսացող մյուս կարեւոր խնդիրը, որն արդեն ոչ թե ներիշխանական, այլ պետական նշանակություն ունի: Խոսքը վերաբերում է անցած մեկ-երկու ամիսներին Հայաստանի շուրջ եւ Հայաստանի մասնակցությամբ ծավալված արտաքին քաղաքական զարգացումներին, դրանց արդյունքում Ս. Սարգսյանի նկատմամբ դրսեւորվող արեւմտյան գրեթե անթաքույց աջակցությանը, իրար հաջորդած հայտնի այն իրադարձություններին, որոնց արդյունքում Հայաստանի` «ռուսահպատակության» կուրսի փոփոխության մասին գնահատականներ են հնչում: Եթե այդ գնահատականներն անգամ կիսով չափ համապատասխանում են իրականությանը, ապա Ս. Սարգսյանը ՌԴ իշխանությունների առաջ բառի բուն իմաստով պետք է պաշտպանի ՀՀ պետական շահը, Ռուսաստանի ազդեցությունը գոնե սահմանափակելու քաղաքականությունը, որը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ խնդիր չէ: Այսինքն` հանդիպման գոնե ոչ հրապարակային մասում Ս. Սարգսյանը պետք է կարողանա պաշտպանել Հայաստանի Հանրապետության ու ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը, որն անդառնալիորեն ոտնահարվում է տեսախցիկների առաջ ՌԴ իշխանություններին ուղղվող «շնորհակալությունների» տարափից: Ի դեպ, Ս. Սարգսյանի պետական այցի նախօրեին ՌԴ իշխանությունների «գաղափարախոսությունը սպասարկող» լրատվամիջոցները բաց տեքստով գրում էին այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է ծնկաչոք շնորհակալ լինի Ռուսաստանին` ներկայիս սահմաններով պետություն ունենալու համար: Իսկ Մոսկվայում «բուծված» Արա Աբրահամյանն իրեն թույլ է տալիս գրեթե Սերժ Սարգսյանի անունից հայտարարություններ անել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող եւ Հայաստանի «ռուսահպատակությունը» խորացնող հարցերի մասին (ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, թե Ս. Սարգսյանի հետ քննարկել է Եվրասիական միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ հարցը եւ դրական արձագանք է ստացել ՀՀ նախագահից): Առաջիկա զարգացումներից պարզ կդառնա` ՀՀ իշխանությունը կարողացե՞լ է դիմադրել ռուսներին վերջնականապես ու ամբողջությամբ տրվելու ճնշումներին, եւ նվաստացման այս ակցիաները դրան ուղղված պատասխան քայլե՞ր են, թե՞ Կրեմլում հնազանդության այնպիսի երաշխիքներ են ստացել, որ սրանք դեռեւս «թիթեռնիկներն են»: Դա կարող է պարզ դառնալ անգամ մի քանի ժամ անց. այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: