«Մոսկվայի համար Երեւանի հետ աշխատելն արդեն դժվար է դարձել, սակայն դժվար թե Ռուսաստանը կարողանա մերժել Հայաստանին»,- ադրբեջանական day.az պարբերականին տված հարցազրույցում նման գնահատական է հնչեցրել Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման ռուսական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կարավաեւը: «Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցով գտնվելու է Մոսկվայում: Կարծիքներ կան այն մասին, թե նա գնում է օգնություն խնդրելու, քանի որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ահավոր վիճակում: Ի՞նչ եք կարծում, այդ խնդրանքները չե՞ն զզվեցրել Մոսկվային». ադրբեջանական լրատվամիջոցի այս հարցին ի պատասխան` Կարավաեւն ասել է. «Ես կասեմ այսպես` Մոսկվայի համար Հայաստանի հետ աշխատելն այլեւս դժվար է, սակայն մերժել նրան դժվար թե հնարավոր լինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պուտինը հերթական անգամ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո որոշել է որդեգրել հետխորհրդային տարածքի ինտեգրացման ռազմավարությունը, որի շրջանակում ներառված է նաեւ Հարավային Կովկասը»: Ընդգծելով, որ Հայաստանի տնտեսական ակտիվները կենտրոնացած են Մոսկվայի ձեռքում, ռուս փորձագետը նշել է. «20 տարիների ընթացքում Հայաստանը ԽՍՀՄ-ից ժառանգած արդյունաբերական կապիտալը փոխեց Ռուսաստանի կողմից իր անվտանգության երաշխիքների հետ: Իսկ այս ամենը վերջնականապես ամրապնդվեց, հավանաբար, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության երկարաձգման մասին համաձայնագրի ստորագրմամբ»: Կարավաեւն ասել է, որ եթե Մոսկվան մերժի Հայաստանին, չի բացառվում` Երեւանը փոխի իր արտաքին քաղաքական ուղեգիծը: «Երբ Երեւանից գալիս են եւ ասում, որ` «Մենք շարունակելու ենք մինչեւ հիմա որդեգրած մեր ուղեգիծը, միայն մեզ գումար տվեք», ընդհանուր առմամբ, Մոսկվան համաձայնում է: Կրեմլում հասկանում են, որ այդ գումարները գնում են իշխող էլիտայի աջակցությանը,- ասել է փորձագետը` ավելացնելով,- Հակառակ դեպքում, Հայաստանի իշխանությունները կարող են ավելի ազատ լողալ` փորձելով իրենց անվտանգության եւ տնտեսական կայունության հովանավորներ գտնել այլ վայրերում: Այնպես որ, Ռուսաստանը ստիպված է վճարել հայկական քաղաքականության եւ հայկական ուղեգծի համար»: