Կոալիցիոն ախմախություն

25/10/2011

Երեկ մեկնարկեց Աժ հերթական քառօրյան: Նախքան օրակարգի նախագծի հաստատումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հարց է ուղղել` արդյո՞ք չեն պատրաստվում հայ-թուրքական արձանագրությունները հանել ԱԺ մեծ օրակարգից` «բոլորին ազատելով այդ բեռից»: «Մենք, անգամ ես, այդ հարցին պատասխանել եմ: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը հասկանում է այդ հարցի կարեւորությունը: Դա մեր լիազորություններից դուրս է: Արտաքին քաղաքականության պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, նա ավելի տեղեկացված է: Ես համոզված եմ, որ ճիշտ պահի նա ճիշտ լուծում կտա հարցին: Այս պահին հարցը մնում է առկախված»,- ի պատասխան` ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում պատասխանը չի բավարարել Սաֆարյանին: «Այս արձանագրությունները շարունակում են վտանգ հասցնել մեր արտաքին քաղաքականությանն ու մեր երկրի անվտանգությանը: Արդյունքում` ցեղասպանության ճանաչումը միջազգային ատյաններում, մեր լոբբիստական աշխատանքը տուժում է: Մենք կոչ ենք անում ….», – Սաֆարյանի այս հայտարարությունը չի ավարտվել, քանի որ Հ. Աբրահամյանը նրան զրկել է ձայնի իրավունքից` նշելով, որ ժամանակն ավարտվել է: Օրակարգի հաստատումից հետո երեկ ԱԺ-ն ընդունել է «Սպառողական կոոպերացիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի քվեարկությունը բավական հետաքրքիր ընթացք է ունեցել: Նախքան քվեարկությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ օրինագիծն ունի տարօրինակ բնութագիր, որեւէ իմաստ չի կարող ունենալ ՀՀ օրենսդրության շրջանակներում: Ալավերդյանը նշել է, որ «Ժառանգությունը» դիմել է կառավարությանը` ետ վերցնելու օրինագիծը եւ իմաստավորելու, թե ինչ է ուզում անել, ապա նոր ներկայացնելու ԱԺ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարել է, որ այդ նախագիծն օրենսդրական կարգավորման կարիք ունի, եւ խմբակցությունն առաջարկել է, որ այն համապատասխանեցվի գործող օրենսդրությանը: Իսկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը` դիմելով ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, ուղղել է հետեւյալ հարցը. «Հիմա կոալիցիայի սկզբունքներից ելնելով` մենք պետք է այս ախմախությանը կո՞ղմ քվեարկենք»: Ի պատասխան` Հ. Աբրահամյանն ասել է. «Եթե ինձ եք հարցնում` առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, մինչեւ մյուս ընթերցում կառավարությանը ներկայացնել առաջարկները»: «Հարգեք ԱԺ-ն եւ ձեզ մի քիչ լուրջ պահեք»- ասել է Աբրահամյանը: