ՀԱԷԿ-ը հերքել է

25/10/2011

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հերքել է երեկ թուրքական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը: Նման տեղեկատվություն տարածել էր թուրքական «Զաման» թերթը` հղում անելով Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը: Մասնավորապես, ըստ «Զամանի»` նախօրեին Արեւելյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը։ «Զամանի» փոխանցմամբ` այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի ատոմակայանի վնասները վերականգնելու ուղղությամբ: Թերթը նաեւ գրել է, որ չնայած ռադիացիայի արտահոսքը այնքան էլ մեծ չէ, սակայն այն հասել է Թուրքիայի սահմանին գտնվող ռադիացիայի չափման կայաններին: Ըստ թուրքական թերթի, նախնական արդյունքներով` ռադիացիայի աստիճանը թույլատրելի նորմայից շատ քիչ է բարձր, եւ առայժմ այն մարդուն եւ միջավայրին սպառնալիք չի ներկայացնում: Այս տեղեկատվության հրապարակումից քիչ անց երեկ հերքմամբ է հանդես եկել Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում թուրքական մամուլի տեղեկությունները որակել է` որպես «անհիմն եւ սուտ»: «Որեւէ վտանգ լինել չի կարող, քանի որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել 9-10 բալ, բայց Հայաստանի տարածքում ուժգնությունը եղել է 3-5 բալ: Ատոմակայանի հեռավորությունը երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 160 կմ է: Ոչ միայն ատոմակայանում, այլ նաեւ Հայաստանի տարածքում որեւէ բնակավայրում որեւէ շենք եւ շինություն չի վնասվել: Նույնիսկ` եթե ընդունենք, որ ատոմակայանի տարածքում ուժգնությունը հասել է 9 բալի, չնայած այդպես չէ, այնտեղ եղել է 3-4 բալ, միեւնույն է` ատոմակայանը հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար, եւ նման տեղեկատվությունը բացարձակ անհիմն է եւ սխալ»,- ասել է Պետրոսյանը: Իսկ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, արձագանքելով թուրքական մամուլի հրապարակմանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցել է, որ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների համար: