Թող ոչ մի զոհ չպահանջվի… կառավարությունից բացի

25/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կառավարության բյուջետային ուղերձը 2012թ. բյուջեի համար, պարզվում է, բավականին անկեղծ փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են մեր տնտեսության բոլոր խոցելի կետերն՝ իրենց հնարավոր ռիսկերով։

Փաստաթղթից հստակ երեւում է, որ լայն հանրությանն ուղղված լավատեսական ելույթների ետեւում կառավարությունում առկա է անհանգստություն՝ կապված հնարավոր անկումների հետ։ Ինչպես նաեւ՝ բավականին օբյեկտիվ, եթե չասենք` վատատեսական, կանխատեսումներ են արված առանձին ցուցանիշների կտրվածքով։ Իսկ դրական կանխատեսումների հիմնավորումներն էլ բավականին անկեղծ են։

Այսպես, չնայած 2012թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.2 աճ, սակայն բյուջետային ուղերձի «համախառն առաջարկ» բաժնի կանխատեսումն այսպիսին է. «2011 թվականի յոթ ամիսների դրական զարգացումները եւ համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները հիմք են հանդիսացել 2011 թվականի տնտեսական աճի տեմպի (4.6 տոկոս) կանխատեսման համար: Մետաղների միջազգային գներն, ակնկալվում է, որ 2011թ.-ի մինչ սեպտեմբերը նվազման ուղղությամբ որոշակի ճշգրտումից հետո կկայունանան 2012 թ.-ի ընթացքում, սակայն գների միջին մակարդակը կզիջի 2011թ.-ի մակարդակին: Ակնկալվում է, որ կշարունակեն աճել նաեւ արտերկրից եկող դրամական փոխանցումները` պայմանավորված հիմնականում Ռուսաստանի տնտեսության ակնկալվող դրական զարգացումներով` թեեւ մասնավոր փոխանցումների աճի տեմպերում եւս որոշակի դանդաղում է սպասվում, կապված 2012թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանի տնտեսական աճի ակնկալվող տեմպերի փոքր-ինչ դանդաղմամբ: Արդյունքում, 2012 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է փոքր-ինչ ցածր` 2011թ.-ի համեմատությամբ, 4.2 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերի աճերը»:

Այս կանխատեսումը պարզորոշ կերպով վկայում է, որ հենց իրենք՝ իշխանությունները, ՀՀ տնտեսական աճը պայմանավորում են երկու հիմնական գործոններով՝ մետաղների միջազգային գներով եւ արտերկրից, մասնավորապես` Ռուսաստանից, ստացված տրանսֆերտներով։ Ընդ որում, եթե մասնավոր փոխանցումներն էլ շատ լինեին, ապա տնտեսական աճի ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։ Այս մոտեցումը զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ նույն կառավարությունը միեւնույն ժամանակ հայտարարում է, թե մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, եւ այլեւս դժվար թե 14% անկում արձանագրվի։

Ինչ վերաբերում է հոռետեսական կանխատեսումներին, ապա դրանք առանց մեկնաբանությունների էլ երեւում են բյուջետային ուղերձում ներառված աղյուսակում։

 

4.2% տնտեսական աճի կանխատեսման հետ մեկտեղ՝ հայրենի կառավարությունը հոռետես է ներդրումների հարցում։ Ոչ միայն աճ չի լինի, այլեւ՝ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2012թ. կանխատեսվել է 30% (2011-ին սպասվող ցուցանիշը 31.3% էր, իսկ 2010թ. փաստացի ցուցանիշը՝ 33.4%)։ Սա էլ է զարմանալի, քանի որ բիզնես-միջավայրի բարելավումը (ինչի մասին մեր իշխանավորներն այդքան խոսում են), պարզվում ՝ ոչ մի դրական դեր չի խաղալու ներդրումների հարցում։

Սպառման մակարդակի դեպքում նույնպես նվազում է կանխատեսվում։ Սպառում/ՀՆԱ հարաբերակցությունն այս տարվա 91.2%-ից հաջորդ տարի նվազելու է մինչեւ 89.3%։

Բավականին հետաքրքիր են նաեւ բյուջետային ուղերձում ներկայացված ենթադրություններն ու ռիսկերը։ Օրինակ, ենթադրությունների մեջ՝ նշվում է. «Ռուսաստանում, որը մեր երկրի տնտեսության համար կարեւոր գործընկեր է թե արտահանման, թե տրանսֆերտների տեսանկյունից, տնտեսական աճի տեմպի դանդաղումը մեր երկիր հոսող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը կդանդաղեցնի»: Հարկերի առնչությամբ էլ բաց տեքստով նշված է, որ հարկային բեռն ավելանալու է՝ բոլոր առումներով. «Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու ինչպես հարկային բեռի, այնպես էլ առանց հարկային բեռի բարձրացմամբ հարկային մուտքերի ավելացմանը (վարչարարության եւ քաղաքականության հաշվին), իսկ ծախսային մասով գերակայություն է շարունակելու մնալ սոցիալական ծախսերի մակարդակի պահպանումը»:

Ինչ վերաբերում է արտաքին ռիսկերին, ապա դրանք ուղղակիորեն պարզաբանում են, թե ինչ է նշանակում խոցելի, արտաքին գործոններից կախված տնտեսություն, եւ կոնկրետ Հայաստանի դեպքում դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ «Եթե նավթի ու գազի գները ներդրողների վատատեսական սպասումներով եւ վառելիքի նկատմամբ ավելի թույլ պահանջարկով պայմանավորված շարունակեն անկում ապրել, ապա դա իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա: Իսկ դրա արդյունքում դեպի Հայաստան ներհոսող տրանսֆերտները, գործոնային եկամուտները եւ կապիտալ ներդրումները կկճատվեն` հանգեցնելով նաեւ ՀՆԱ աճի կանխատեսվածից ավելի ցածր մակարդակի ձեւավորմանը»։ Շատ անկեղծորեն է ներկայացված մեր կախվածությունը Ռուսաստանից, այդպես չէ՞։ Կամ, օրինակ, այս մեկը, որը նույնպես կախվածություն է ցույց տալիս, սակայն` ոչ թե Ռուսաստանից, այլ մետաղների գներից. «Եթե մետաղների գները 2012թ.-ի ընթացքում միջին հաշվով ավելի ցածր մակարդակ գրանցեն, քան կանխատեսվում է (կապված թե Ասիական երկրների սպասվածից ավելի քիչ տնտեսական աճով, թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունների սպասվածից ավելի թույլ պահանջարկի ձեւավորումով), ապա վերջինս կհանգեցնի Հայաստանի մետաղների արտահանման թուլացման` հետեւաբար եւ ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղման»։

Սակայն ամենահետաքրքիրը ներքին ռիսկերի կանխատեսումներից մեկն է։ Մեջբերում ենք. «Կառավարությունը պետք է շարունակաբար իրականացնի տնտեսական բարեփոխումներ` հատկապես գործարար միջավայրի եւ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ, սակայն եթե տնտեսվարողների սպասումները տնտեսական միջավայրի դրական զարգացումների նկատմամբ ավելի վատատեսական լինեն, ապա տնտեսական աճը կլինի կանխատեսվածից ցածր»: Եթե սա ներկայացնենք ավելի հասկանալի լեզվով, կհնչի այսպես՝ որքան էլ կառավարությունը տարբեր ծրագրեր ու բարեփոխումներ իրականացնի, դրանք ոչ մի արդյունք չեն տա, եթե հասարակությունը չի հավատում։ Փաստորեն, կառավարությունում հասկանում են, որ ամենակարեւորը, թերեւս, հասարակության (այդ թվում` տնտեսվարողների) սպասումներն են, իսկ սպասումները մեծապես պայմանավորված են նաեւ կառավարության նկատմամբ վստահությամբ։ Իսկ եթե հասկանում են, միգուցե դեռ ամեն ինչ կորած չէ։