ՀՀ անկախությունից ի վեր թվով 2-րդ մարդահամարն ավարտվեց: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին մարդահամարն անցկացվել է 2001թ.:
Հաշվառված բնակչության թիվն այն ժամանակ 32130 հազար մարդ էր: 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ. փետրվարի կեսերին, իսկ վերջնական արդյունքները էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներով լայնամասշտաբ կերպով կհրապարակվեն 2013 թվին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ընդհանուր առմամբ եղել է 12 հազար հաշվարար, ովքեր անմիջականորեն պետք է այցելեին տներ: Յուրաքանչյուր 5 հաշվարարի աշխատանքը վերահսկելու համար աշխատել է մեկ հրահանգիչ-հսկիչ: Մինչեւ հոկտեմբերի 26-ը կատարվելու է վերահսկիչ ընտրանքային շրջագայություն:
Փողոցում, սոցիալական ցանցերում, աշխատավայրերում, մի խոսքով` ամենուր մարդիկ միմյանց հանդիպելիս նույն հարցն են տալիս` «Իսկ ձեզ հաշվե՞լ են, ձեր տուն եկե՞լ են»: Օրինակ, մեր խմբագրության աշխատակիցներից շատերի բնակարաններ որեւէ մեկն այդ օրերին չի այցելել: Սոցիալական ցանցերում մարդիկ գրում են` այնպիսի տպավորություն էր, որ իշխանությունների նպատակը ոչ թե հայաստանցիների իրական թիվն ու սոցիալական պայմանները պարզելն էր, այլ իրենց ձեռնտու պատկեր ձեւավորելը: Ոմանք էլ դա բացատրում են հաշվարարների անփույթ աշխատանքով: Իրականում մարդահամարի ողջ ընթացքը կարելի է բացատրել մեկ բառով` «գլխառադ»` միջազգային համապատասխան կառույցներին ինչ-որ բան ցույց տալու նպատակով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պարզ չէր, թե ինչո՞ւ էր հարցաթերթիկը բաղկացած 33 հարցերից, որոնց հիմնական մասը բոլորովին անիմաստ հարցեր էին: Բացի քաղաքացու անձնական տվյալներից` սեռ, տարիք, դավանանք, ուսում, աշխատանք, բնակելի տարածքին վերաբերող հարցեր, նաեւ պահանջվում էր հաշվարարներին տեղեկատվություն տրամադրել, ասենք, համակարգչի, ինտերնետի, հոբբիների, կոյուղու, ջեռուցման համակարգի, լոգասենյակի, սանհանգույցի, ողողվող զուգարանի, աղբահանության, արտերկրից ֆինանսական օգնություն ստանալու-չստանալու, օտար լեզվի իմացության մասին, եւ այլն, եւ այլն: Հաշվարարներն էլ, բնականաբար, «գլխառադ արեցին» այդ հարցաթերթիկը` շատերին ընդհանրապես դուրս թողնելով հաշվառումից: Շատերի պատմելով` հաշվարարներն այցելելով իրենց տուն` միայն տան անդամների անուն-ազգանուններն են ճշտել, այլ հարցեր չեն տվել: Ոմանք նույնիսկ խորհուրդ են տվել` «Հարցերին «ոչ» պատասխանեք, որ շուտ պրծնենք»: Յուրաքանչյուր քաղաքացի առնվազն 30-40 րոպե պետք է տրամադրեր` այդ հարցաշարին պատասխանելու համար: Շատերին, բնականաբար, դա զայրացրել է եւ հաշվարարին դուրս են հրավիրել իրենց բնակարանից:
Բլոգերներից մեկը հետաքրքիր դեպք էր պատմել. «Մեր հաշվարարը մեր հարեւանն էր: … Մեր վերեւի հարեւանի աղջիկը «փախել» էր կամ «փախցրել» էին, չեմ հիշում հստակ, սակայն նա մի 10 օր իրեն փախցնողի տանը ապրելուց հետո տուն էր վերադարձել: Իսկ մեզ մոտ լուրեր տարածվեցին, որ նա ամուսնացած ու բաժանված է: Ոմանք ուրախացան, ոմանք` տխրեցին, բայց հարցն ամենեւին այլ է: Ուրեմն, էս մեր հաշվարարը գնալով վերոնշյալ հարեւանի տուն, որպեսզի նրանց էլ հաշվառի, եկել է ու հասել «Ձեր երեխաներից ո՞վ` ի՞նչ կարգավիճակում է» հարցին: Մեր հարեւանը գցել ու բռնել է ու իր աղջկան ներկայացրել է, որպես «երբեւէ չամուսնացած»: Այս ամենը վրդովվեցրել էր մեր հաշվարարին ու նա բորբոքված մայրիկիս ասում է. «Մենք հո գիտե՞նք, որը ո՞նց է եղել, խի՞ ա սխալ նշում, ո՞ւմ ա ուզում խաբի»:
Ըստ նախնական տվյալների` 2011թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման համար պահանջվում էր 6,7 մլն ԱՄՆ դոլար (2009-2013 թթ. համար), որի 25 %-ը պետք է տրամադրվեր ՀՀ պետբյուջեից: Մնացյալ գումարները որպես աջակցություն` պետք է տրամադրեին Նորվեգիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Շվեդիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի` միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ:
Մարդահամարի «լավ կողմն» այն էր, որ այս օրերին գոնե մի քանի օրով հազարավոր մարդիկ աշխատանք ունեցան: Հաշվարարի աշխատավարձը 45.000 դրամ էր կազմում, հսկիչներինը` 1,5 ամսվա աշխատանքի դիմաց` 60.000 դրամ: Ի դեպ, բնակիչներից շատերն էին նկատել, որ հաշվարարները ցուցակները լրացնում են մատիտով: Քաղաքացիներին այդ փաստը զայրացրել էր` մատիտով են գրում, որպեսզի հետո ջնջեն ու իրենց ցանկալի տվյալները լրացնեն մեր փոխարեն: Որոշ հաշվարարներ ասում էին, որ դա «վերեւից եկած» հրահանգի հետեւանք է: «Խորհրդի տեսքով, մեզ ասել էին, որ մարդահամարի անցկացման առաջին օրերին աշխատենք մատիտով, որպեսզի հարցաթերթիկներում սխալներ չանենք, քանի որ շատ անհասկանալի հարցեր կային: Դա էր պատճառը: Բայց եղել են դեպքեր, երբ մարդիկ մինչեւ վերջ էլ մատիտով են լրացրել: Դա արդեն անհասկանալի է»,- մեզ հետ զրույցում ասաց հաշվարարներից մեկը:
Քաղաքականապես ակտիվ հատվածը մարդահամարը համարում է ձեւական միջոցառում` ընտրություններից առաջ կեղծ ցուցակներ պատրաստելու, «մեռած հոգիներ» ցուցակագրելու նպատակով: Որեւէ մեկը չի հավատում ոչ իշխանությունների «ազնիվ» մղումներին, ոչ մարդահամարի անհրաժեշտությանը, ոչ արդյունքներին: Ամեն օր Հայաստանը տասնյակ մարդիկ են լքում, գյուղեր ու շենքեր են դատարկվում, իսկ իշխանությունները ոչ միայն արտագաղթի այդ թվերն են կեղծում եւ ոչինչ չեն ձեռնարկում դրա դեմ, բացի պոպուլիստական դատարկաբանություններից, այլեւ նույնիսկ ծաղրում են: Ընդ որում, մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի պատճառով (այս ժողովուրդը տեսել է եւ երկրաշարժ, եւ պատերազմ, եւ աղքատություն, եւ մութ ու ցուրտ օրեր), այլ, առաջին հերթին, սոցիալական անարդարությունից, իշխանությունների անգործությունից, ապագայի, վաղվա օրվա նկատմամբ որեւէ հույսի բացակայությունից:
Վերջերս մեր թերթում տեղեկություն էինք տպագրել «իսկական մարդահամարից» առաջ արված «փորձնական մարդահամարի» արդյունքների մասին: Մարդահամարի փորձնական աշխատանքներին զուգահեռ` բնակչության իրական թվաքանակը տարբեր մեթոդներով հաշվել էին նաեւ անվտանգության մարմինները` ԱԱԾ համապատասխան փորձագետների մասնակցությամբ: Արդյունքում սարսափելի պատկեր էր ստացվել: Այդ ուսումնասիրությունների համաձայն, ՀՀ բնակչության թվաքանակը տատանվում է 1 միլիոն 450 հազարից` 1 միլիոն 600 հազար մարդու սահմաններում: Եվ չնայած այս տեղեկատվությունը գաղտնի պահելու` իշխանությունների ջանքերին, այս թվերը վաղուց արդեն քննարկվում են տարբեր շրջանակներում` ԱԱԾ-ում, ՆԳՆ-ում: Մեր տեղեկություններով` համապատասխան մարմինները` Ազգային վիճակագրական ծառայության ակտիվ մասնակցությամբ, փորձում էին «իսկական մարդահամարի» արդյունքները 3 միլիոն մարդուն մոտ թիվ «նկարելու» համար: Նույն աղբյուրների հավաստմամբ` որոշ մարդիկ գիտակցելով, թե ինչ է իրենց պարտադրվելու անել` հրաժարվել էին աշխատել մարդահամարի շրջանակներում:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ