Երեկ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունեց Հայաստանի ատոմակայանի այն աշխատակիցներին, որոնց աշխատանքից ազատման դիմումները նախորդ ուրբաթ մակագրեց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին լրացավ ատոմակայանի 158 աշխատակցի` տնօրինությանը ներկայացրած աշխատանքից ազատման դիմումների 30 օրը: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում 50 տոկոսի չափով: Ընդ որում` դեռեւս այս տարվա մարտին աշխատակիցները նամակներով դիմել էին ՀՀ Կառավարությանը` աշխատավարձերը բարձրացնելու համար: Ինչեւէ, երեկ նախարարի մոտ տեղի ունեցած, այսպես ասած` «բանակցությունների» արդյունքում աշխատակիցները որոշեցին վերադառնալ աշխատանքի` համաձայնելով աշխատել աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու պայմանով: «Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի ատոմային ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը: Տեղեկացնենք, որ ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին»,- ասվում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում` այն դեպքում, երբ օրեր շարունակ նախարարությունն ընդամենը ստանձնել էր դիտողի կարգավիճակ, իսկ ավելի ճիշտ` հաշտարարի դեր: Երեք օր շարունակ ընթացող դրամատիկ տեսարաններից գոնե մեկին նախարար Արմեն Մովսիսյանը, թեկուզ ցուցադրական, մասնակցություն չունեցավ: Նման լռությունը պայմանավորեցին այն հանգամանքով, թե նախարար Ա. Մովսիսյանը հանձնարարական է ստացել ատոմակայանի փակման աշխատանքները չխոչընդոտելու համար: Իսկ աշխատակիցներն իրենց վերադարձը պայմանավորեցին ոչ թե նախարարի «բարի» տրամադրությամբ կամ «հոգածությամբ», այլ ատոմակայանի ստրատեգիական նշանակությամբ, որի փակման տխուր փորձն արդեն հայտնի է բոլորիս, երբ Մեծամորի ատոմակայանի փակմամբ ծայր առավ Ղարաբաղյան շարժումը: «Հասկանալով իրավիճակը, հանուն ազգի, գնալու ենք աշխատանքի: Մեր չգնալն, իսկապես, որոշիչ ու շատ տխուր է լինելու հայոց ազգի համար: Իսկ նախարարի կողմից մեզ առաջարկություն եղավ, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից 10 միլիոն դրամ է տրամադրվելու: Այդ գումարը տրամադրում է նախարարը` չեմ կարող ասել` դա նախարարի անձնական գումա՞րն է, թե՞ նա հայթայթել է, բայց ատոմակայանի հիմնական պերսոնալին, որտեղ ներառվում են ռեակտորային, էլեկտրական, տուրբինային, ջերմային ավտոմատիկայի արտադրամասերը, տրամադրել է 10 միլիոն դրամ` խոստանալով, ես չգիտեմ` դա PR է, թե՞ ոչ, որ եկող տարի անպայման լավ կլինի: Իսկ այդ խոստումները մեզ տրվում են տարիներ շարունակ»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ատոմակայանի աշխատակից Արայիկ Գեւորգյանը: Վերջինիս փոխանցմամբ` 10 միլիոն դրամը տրամադրվելու է այն 158 աշխատակիցներին, ովքեր ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ: Ինչ վերաբերում է տնօրինության կողմից աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու խոստմանը… «սկզբնականում ասվել էր, որ 10%-ով բարձրացնելու են, բայց հետո դա հերքվեց: Նախարարն ասել էր, որ ինքը չի կարող տրամադրել այդ գումարը: Երեկ առավոտյան աշխատակիցները գնացել էին մակագրված դիմումները վերցնելու, նաեւ աբխադնոյները վերջնական ստանալու, բայց վերջին պահին, Դուք պետք է իրավիճակը պատկերացնեք, մարդիկ գիտակցեցին, որ հանուն ազգի պետք է եւս մեկ քայլ անել, եւ օպերատիվ անձնակազմը ձգտեց, որ հանդիպի անձամբ նախարարին, եւ փորձի հասկանալ, թե ինչո՞ւ էին այդքան անտարբեր»,- նշեց զրուցակիցս` շեշտելով, որ հուսով են` այս անգամ գոնե Կառավարությունը կլինի իր խոստումների տերը: Ցավալին այն է, որ ատոմակայանի աշխատակազմն ինքն է առաջարկել հանդիպել նախարարի հետ, այլ ոչ թե հակառակը: Աշխատակիցների ասելով` իրենց հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ է Կառավարությունն այդչափ անտարբեր իրենց նկատմամբ: «Նախարարը միգուցե մտածում է, թե ինքն է հարցին լուծում տվել, միգուցե ասելով` տեսեք, ոչ մեկն այդ հարցին լուծում չտվեց, բայց տղերքն եկան ինձ մոտ, եւ ես հարցին լուծում տվեցի: Ո՛չ, իրականում դա էդպես չէ, ուղղակի իրականում տղերքը լավ գիտակցում են, որ ատոմակայանը բարձիթողի վիճակում չի կարող հայտնվել»,- ասացին աշխատակիցները` ընդգծելով,- Հարցն այն 10 միլիոն դրամ չէ, ինչը նվաստացուցիչ պայման է մեզ համար, այլ ավելի գլոբալ հարց կա…»: Պաշտոնական տեղեկատվության եւ աշխատակիցների փոխանցածի հակասությունները պարզելու նպատակով փորձեցինք որոշ տեղեկություններ պարզել ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանից: Մեր այն հարցին, թե աշխատավարձերը բարձրացվել են ատոմակայանի ծախսերի օպտիմալացմա՞ն, թե՞ նախարարի տրամադրած 10 միլիոն դրամի հաշվին, Գ. Մարկոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` մյուս մասի ինֆորմացիան, որ Դուք ստացել եք, երեւի լավ չեն հասկացել: Այսինքն` ես կարող եմ պնդել, որ, այո՛, ես պարտավոր եմ ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսել գումար, եւ 10%-ի սահմաններում բարձրացնել օպերատիվ անձնակազմի աշխատավարձը»: Մեր հաջորդ հարցին, թե ատոմակայանի ո՞ր ծախսերն են օպտիմալացվելու, տնօրենը պատասխանեց, որ օպտիմալացնելու ընթացքի մասին անձնակազմը տեղեկացված կլինի: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ երբ նույն պայմանն ինքն էր առաջարկում նախորդ ուրբաթ, աշխատակիցները հրաժարվեցին, Գ. Մարկոսյանն ասաց. «Ի՞նչ եք ակնկալում, որ ես պատասխանեմ: Այն ժամանակ գնայի մարդկանց ուղեղների մեջ մտնեի՞: Հիմա չեմ հասկանում` լա՞վ է, թե՞ վատ: Ի՞նչ եք ուզում ինձնից իմանալ: Ոչ մի բառ չեմ ավելացրել, ոչ մեկի վրա չեմ ջղայնացել, իսկապես, քննարկումներ են եղել, նրանք մտել են ինձ մոտ նախարարի հետ հանդիպումից հետո, ո՞նց կարող եմ բացատրել, թե ինչո՞ւ էսպես եղավ: Ես հոգեբանական վերլուծություն անեմ, թե ինչո՞ւ այդպես եղավ: Այո՛, ինձ համար միգուցե այդքան էլ հաճելի չէ, որ ուրբաթ օրը համարյա նույն պայմանները կոլեկտիվին առաջարկեցի, չհամաձայնեցին, երեւի մտածել են` շաբաթ-կիրակի, չգիտեմ` ի՞նչ է փոխվել: Ինձ համար էլ լավ կլիներ, որ ուրբաթ համաձայնեին, եւ ցավալի է, որ երկու օր անիմաստ կորցրեցինք, բայց էլի գոհ եմ, որ կայանում սկսելու են վերաթողարկման աշխատանքները»: