Դեռ վաղ է խոսել մաքսային միությանն անդամագրվելու մասին

25/10/2011

Հոկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանել է Մոսկվա: Այցի առաջին օրը Ս. Սարգսյանն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի եւ մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները: Նույն օրը Ս.Սարգսյանն այցելել է նաեւ «Էսթետ» ոսկերչական տուն, իսկ երեկոյան հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու նորակառույց համալիրի կառուցմանն օժանդակած բարերարների հետ: Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանն այցելել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախագահը համալսարանականների առջեւ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն` Ս. Սարգսյանին շնորհվել է համալսարանի Պատվավոր պրոֆեսորի կոչում: «Անցած տարի ՌԴ նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ մենք իրականացրեցինք շատ խորհրդանշական, բայց միեւնույն ժամանակ` բովանդակությամբ չափազանց խորը միջոցառում. բացեցինք ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված վերանորոգված հուշահամալիրը` Պատվո բլուրը: Եթե չեմ սխալվում, դա հետխորհրդային տարածքում ռուս զինվորի առաջին վերականգնված հուշարձանն է: Եվ մենք հպարտանում ենք դրանով, քանի որ այսօր էլ Հայաստանը եւ Ռուսաստանն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն, միասին դիմակայում են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին…»,- ՄՊՀ-ում ունեցած ելույթում ասել է Ս. Սարգսյանը: «Ես համոզված եմ հայ-ռուսական հարաբերությունների հիանալի ապագայում, չէ՞ որ այդ ապագայի ստեղծողները նստած են նաեւ այս սրահում: Ապագան ձեւավորվում է այսօր, եւ այն կանխորոշված է այն գիտելիքների մակարդակով, որոնք ստանում են այսպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսին Մոսկվայի պետական համալսարանն է,- Մոսկվայի պետական համալսարանում դասախոսների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ավելացնելով,- Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անցել են բարիդրացիականի սահմանը եւ զարգանում են բարիդրացիական գործընկերության եւ ռազմավարական հարաբերությունների տիրույթում»: Հարցին, թե ի՞նչ ոլորտներում եւ ինչպե՞ս են Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր զարգացնել երկկողմ հարաբերությունները, Հայաստանի նախագահը պատասխանել է, որ պատասխանն ակնհայտ է, հավելելով, որ հանգստացնել մեզ, որ երկկողմ հարաբերությունները պատմականորեն լավ են զարգացել, բավարար չէ: Ուսանողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի` Միացյալ մաքսային միության կազմում ընդգրկվելու հեռանկարին: «Միացյալ մաքսային միության կազմում ընդգրկվելու ճանապարհին եղած խոչընդոտներն անհաղթահարելի չեն»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Նա նշել է, որ այդուհանդերձ Հայաստանի` Միացյալ մաքսային միության կազմում ընդգրկվելու մասին խոսելը դեռ վաղ է: «Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ է եւ այդ կազմակերպության շրջանակներում կարեւորագույն նախաձեռնություններ է ներկայացնում: Հայաստանը ԱՊՀ կարեւորագույն անդամներից է»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ ունենալով դիտորդի կարգավիճակ Եվրասիական տնտեսական համագործակցության (ժՉՐԸջնհ) կազմում, Հայաստանը, այնուամենայնիվ, գործուն մասնակցություն է ցուցաբերում նաեւ այս կազմակերպության աշխատանքներին: Իսկ Մաքսային միությանն անդամագրվելու համար, ինչպես նշել է Ս. Սարգսյանը, Հայաստանը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի, սակայն բանակցային գործընթացն արդեն սկսվել է: «Մաքսային միությունը այն կազմակերպությունը չէ, որին կարող ես միանալու հայտ ներկայացնել եւ վաղն եւեթ հրավեր ստանալ: Պետք է աշխատել այդ ուղղությամբ», – հայտարարել է նա: Խոսելով Մաքսային միության կազմում ներգրավվելու դեպքում Հայաստանի հնարավոր օգուտների մասին` Ս. Սարգսյանը նշել է, որ հարցն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը: «Խոչընդոտներն առկա են, սակայն դրանք չեն կարող խանգարել գործընթացի առաջխաղացմանը: Մենք այն սկսել ենք եւ առաջ ենք շարժվելու»,- ասել է նա: Այնուհետեւ Կրեմլի Մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների ընդմիջմանը Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր եւ աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար: Ս. Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Դ. Մեդվեդեւն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նախագահի այս այցը պետական է, այն աշխատանքային այցի «հատկանիշներ ունի»: «Մենք լայն կազմով բանակցություններ կանցկացնենք, կանդրադառնանք երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող մեր բոլոր հարցերին, կխոսենք տնտեսական, ռազմատեխնիկական հարաբերությունների, բազմակողմ կապերի եւ այն մասին, թե ինչպես դասավորել գերակայությունները տարածաշրջանային ֆորումներում»,- ասել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ պետք է զարգացնել համագործակցությունը նաեւ այնպիսի դաշնակցային կառույցի շրջանակում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է: «Այս տարին նշանակալից էր երկու կողմերի միջեւ բազմակողմ եւ դաշնակցային փոխհամագործակցությանն առնչվող մի շարք կարեւոր որոշումների առումով»,- ասել է Մեդվեդեւը: Սերժ Սարգսյանն իր հերթին` գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակի առնչությամբ: «Վատ չեն զարգանում նաեւ մեր տնտեսական հարաբերությունները: Չնայած ճգնաժամին` մենք ամեն տարի ապրանքաշրջանառության եւ ներդրումների աճ ենք արձանագրում»,- ասել է նա: Ս. Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դ. Մեդվեդեւն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ղարաբաղյան խնդրի արդար լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով»,- ասել է Մեդվեդեւը: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ քիչ բան չի արվել, այդ թվում` Ռուսաստանի մասնակցությամբ: «Անհրաժեշտ է այսուհետ եւս նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ուղիղ շփումների կազմակերպման առումով»,- հայտարարել է Մեդվեդեւը: Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների մասին, Մեդվեդեւն ասել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2011-ին կարող է անցնել 1 մլրդ դոլարից: «Մենք հաղթահարել ենք մեր հարաբերություններում ճգնաժամի հետեւանքները եւ տարվա արդյունքներով մենք կհասնենք մինչճգնաժամային մակարդակին, ապրանքաշրջանառությունը կանցնի մեկ մլրդ դոլարից»,- ասել է Մեդվեդեւը` շեշտելով, որ ռուսական ընկերությունների ընդհանուր ներդրումային փաթեթը Հայաստանում անցել է 2,8 մլրդ դոլարից: