ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խորհրդի կազմում ընդգրկված Հակոբ Թադեւոսյանը եւ Դավիթ Ջամալյանը չեն ծառայել բանակում: Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել խորհրդի անդամները, Գ. Հարությունյանը պատասխանել էր, թե նախապես արվել է հայտարարություն, 67 հայտ է ստացվել համագործակցության համար, որոնցից ընտրվել է 12 կառույց` 3 տարի ժամկետով: Խորհրդի 4-5 ներկայացուցիչներին ընտրում է Պաշտպանության նախարարը, այնուհետեւ նրանք էլ ընտրում են մնացածներին: Երեկ խմբագրություն էր զանգահարել ռազմական փորձագետ, հոգեբանական գիտ. թեկնածու Դավիթ Ջամալյանը, ով հաստատելով բանակում ծառայած չլինելու հանգամանքը` այս կապակցությամբ նշեց. «Ես, որպես մասնագետ, որպես ռազմական փորձագետ` կայացել եմ զորքերում, առաջին գծում: Տասը տարի շարունակ զորքերում լինելը, զորամասերում աշխատելը եղել է իմ առօրյայի, կենսակերպի մի մասը: Բնականաբար, շարունակելու եմ զբաղվել իմ մասնագիտական գործունեությամբ զորքերում, անկախ այն հանգամանքից, թե մեզանում ինչ կենցաղային պատկերացումներ կան ռազմական փորձագետ եւ հոգեբան հասկացությունների վերաբերյալ»: