«Պետությանը կսովորեցնենք մարդու կողքին լինել»,

25/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2004թ. ստեղծված «Հայ Ձմեռ պապ» նախագիծը հասարակական մեր կյանքում մեծ արձագանք գտավ: Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաեւ` մայրաքաղաքում թշվառության մեջ ապրող մարդկանց ձեռք մեկնելով` այս նախագծի հեղինակ Արմինե Պետրոսյանը կամավորների եւ բարերարների օգնությամբ կարողացավ ոչ միայն հատակում հայտնված մարդկանց խնդիրները լուծել, այլեւ` վերականգնել նրանց արժանապատվությունը: Այսօր արդեն նախագծի հեղինակը, կարեւորելով սոցիալական թեմաներով գրող լրագրողների համախմբումը, ստեղծել է «Լրագրողական բարեգործական հետաքննական» անունը կրող կազմակերպությունը: «Հայ Ձմեռ պապ» լրագրողների ցանցը սոցիալական պատմությունները կտարածի սոցիալական կայքերով, օն-լայն հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, ինչպես նաեւ` ֆիլմեր կնկարահանի: Ա. Պետրոսյանի խոսքով` այս նախագիծը Հայաստանում առաջին փորձն է` համադրելու լրագրության եւ այլընտրանքային մեդիայի հնարավորությունները` բարեգործությանը եւ սոցիալական ծառայությանը: «Հայ Ձմեռ պապը» հիմնադրամ է, որը տարիներ շարունակ հոդվածների եւ ֆիլմերի միջոցով փորձել է հասարակությանը տեղեկացնել աղքատության մեջ ապրող մարդկանց խնդիրների մասին, ինչպես նաեւ` հասարակությանը ներգրավել այդ խնդիրները լուծելու մեջ: «Օգտագործելով մեդիադաշտը, մենք կարողանում ենք ներգրավել ուսանողական խմբեր, կամավորներ, ինչպես նաեւ դրսի ներուժը` մարդկանց աջակցելու համար: Լրագրողական հետաքննական կազմակերպությունը մայիսից գործում է, եւ արդեն լուրջ արդյունքներ ունենք: Կոնկրետ հարցադրում կա` ի՞նչ ենք անում մենք մարդկանց օգնելու համար… Պետք է նստենք, թառամենք ու վերջանա՞նք, թե՞ կողքինի վիճակը փոխելու համար մեր մեջ խիզախություն գտնենք, ինչո՞ւ չէ` նաեւ մեր արժանապատվությունը փրկելու համար դա անենք, որովհետեւ իրականում, եթե մեր կողքին ապրում են նման մարդիկ, ուրեմն` մենք ենք այդ վիճակում»,- ասում է Ա. Պետրոսյանը, ով համագործակցելով սոցիալական թեմաներով գրող լրագրողների հետ` «գնում» է մարդկային պատմությունների հետքերով եւ դրանք ներկայացնելով հանրությանը` կարողանում է խնդիրներին լուծում տալ: Այլ կերպ ասած` վերցնում է սոցիալական ծանր կենսապայմաններում ապրող մարդու խնդիրը եւ այն ներկայացնում է մարդուն` ստեղծելով միմյանց ձեռք մեկնելու մոդելը: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի գործունեությանն ակտիվ մասնակցում են մասնավորապես երիտասարդները, որոնց` ուրիշներին ձեռք մեկնելու պատրաստակամությունը զարմացնում է ինչպես Ա. Պետրոսյանին, այնպես էլ` այն ընտանիքներին, որոնք «անդունդից» դուրս են գալիս նրանց շնորհիվ: «Շատ հետաքրքիր համագործակցություն է ստացվում, որովհետեւ բացի օգնելուց` մարդկանց մոտ վերականգնվում են հարաբերությունները, արժեքները եւ նպատակները: Այս մեխանիզմը շատ մեծ էներգետիկա ունի, եւ վստահ եմ, որ մեր հասարակական կյանքում լուրջ արժեքներ է փոխելու»,- վստահեցնում է Ա. Պետրոսյանը: «Լրագրողական բարեգործական հետաքննական» կազմակերպության առաջարկած սոցիալական պատմություններից` յուրաքանչյուր տարի կընտրվեն թվով ութ ընտանիքներ: Նրանցից յուրաքանչյուրի խնդիրը շարունակական լուծում կստանա` լինի սոցիալական, առողջապահական, գործազրկության հետ կապված: Այսինքն` նպատակը մեկանգամյա օգնությունը չէ: «Այլեւ` «ձկան փոխարեն կարթը տուր» սկզբունքն է լինելու: Ի դեպ, «Ֆեյսբուքում» խմբեր են ստեղծվել, որոնք շատ ակտիվ, արդյունավետ են աշխատում: Շշմելու երիտասարդներ ունենք, որոնք բարեգործություն կատարելուն պատրաստ են: Շատ կարեւոր հանգամանք եմ ուզում նշել. եթե նախկինում առողջապահական խնդիր ունեցող մարդուն օգնելու համար ես պետք է գրեի Առողջապահության նախարարին, նա պետք է մակագրեր, ուղարկեր տեղակալին եւ այլն, ապա հիմա «Ֆեյսբուքի» աղմուկից հետո Առողջապահության նախարարությունն է դիմում ինձ եւ առաջարկում մարդուն բուժօգնություն ցուցաբերել: Սա մեր իրականության մեջ մի տեսակ անբնական, բայց շատ ոգեւորող երեւույթ է»,- ասում է կազմակերպության ղեկավարը: Վերջին տարիներին զանգվածային լրատվամիջոցների գործունեության, մասնավորապես` սոցիալական թեմաներով հրապարակումների շնորհիվ աղքատության մեջ ապրող մեր հայրենակիցներից շատերը բարեգործներ գտան եւ էապես փոխվեց նրանցից շատերի կյանքը: Այլ կերպ ասած` լրատվամիջոցները դարձան այն կապող օղակը, որով բարեգործություն կատարողները եւ կարիքի մեջ գտնվող մարդիկ գտան իրար: Հետաքրքիրն այն է, որ իրար հարեւանությամբ ապրող մարդիկ շատ դեպքերում չեն նկատում ուրիշի ցավը եւ պատմությունը կարդալուց հետո նոր միայն արձագանքում են: Ա. Պետրոսյանը համարում է, որ լրատվամիջոցները ռեալիզացնում են բարեգործության մշակույթի առաջարկը. «Մեր մեջ մի տեսակ կարեկցանքը քնած, բթացած է: Շատ ցավալի է, որ շատերը չեն նկատում կարիքի մեջ գտնվող իրենց հարեւաններին, բայց մարդիկ կյանքից հոգնած, ծանրաբեռնված են: Հրապարակված մարդու պատմությունը մեր միջի կարեկցանքն արթնացնում է: Երբ Հանրային հեռուստատեսությամբ «Հայ Ձմեռ պապի» ֆիլմը ցուցադրեցինք` Հոլանդիայից մի կին զանգահարեց: Անընդհատ լաց էր լինում, ասում էր` էդ ֆիլմերը տեսել եմ ու չեմ կարողանում հանգիստ ապրել: Ասում է` քանի օր է` լաց եմ լինում, ուղեղիցս դուրս չեն գալիս էդ կարիքավոր մարդկանց պատմությունները: Համեստ ապրող, երեք երեխաների մայր էր, որին անպայման պետք էր ինչ-որ բան անել իր խիղճը հանգստացնելու համար: Ուզում եմ ասել, որ մարդու մեջ կա մի բան, որը, ցավոք, քնած է: Պետք է արթնացնենք»: Ըստ Ա. Պետրոսյանի` բարեգործության մշակույթը տարածելու մեխանիզմը նաեւ հնարավորություն է տալիս, որ այն կատարող մարդն իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնի: Կարիքավոր մարդուն ձեռք մեկնող մարդն այդ ճանապարհով վերականգնում է նաեւ իր արժանապատվությունը, քանի որ ունեցածն ուրիշի հետ կիսելը միայն արժեքային բարձր համակարգ ունեցող մարդկանց է հատուկ: «Իհարկե, արդեն սովորել ենք ինչ-որ խմբային, կուսակցական շահերի սպասարկման համար իրականացվող ցուցադրական բարեգործությանը: Այնինչ, աջ ձեռքդ չպիտի իմանա` ձախն ի՞նչ է անում. դա պետք է լինի սկզբունքը: Իսկապես բարեգործություն բառը մեր օրերում հեղինակազրկվել է: Անգամ որոշ կուսակցական առաջարկներ եմ ստացել, քանի որ սա հեղինակություն ունեցող ծրագիր է. Ինձ համար սկզբունքային հարց է, եւ բացառում եմ նման համագործակցությունը»,- ասում է Ա. Պետրոսյանը: Նա համոզված է, որ լրատվամիջոցները պետք է կարողանան ավելի ակտիվ լուսաբանել հայաստանյան սոցիալական կյանքը. «Փաստն այն է, որ աղքատությունը մեր երկրում գնալով ավելանում է: Չի կարող շարունակվել այս իրավիճակը, քանի որ մենք փայլուն երիտասարդություն ունենք: Լրատվամիջոցները պիտի հնարավորություն տան, որպեսզի մեր հասարակությունն արձագանքի այն մարդկանց խնդիրներին, որոնք կոտրված, ջարդված են ու ոչ մի տեղ չեն երեւում: Մարդկային որակները դրսեւորելու հնարավորություն տալ նաեւ պետք է կարեկցանք ունեցող մարդկանց»: «Հայ Ձմեռ պապի» տարիների գործունեությունը ցույց է տվել, որ ուրիշների խնդիրներին արձագանքում են հիմնականում շարքային քաղաքացիները, իսկ մեծահարուստները եւ պետական պաշտոնյաները շատ հազվադեպ են «տեղից շարժվում»:

Վերադառնալով «Լրագրողական բարեգործական հետաքննական» կազմակերպության գործունեությանը` Ա. Պետրոսյանը լրագրողներին կոչ է անում համախմբվել եւ համբերատարությամբ, մեծ ջանքերի շնորհիվ փոխել հասարակական այն շերտի կեցությունը, որը խիստ կարիքավոր է: «Երիտասարդական խմբերի հետ մի քննարկման ժամանակ մեկն ասաց` իբր ի՞նչ եք անում, Ձեզ դրել եք պետության տե՞ղ: Երիտասարդներից մեկն էլ պատասխանեց` մենք պետք է ուղղակի ընդունենք այն փաստը, որ պետություն չունենք: Ցավալի է, որ մարդն էդպես է մտածում: Մենք կարող ենք սովորեցնել մեր պետությանը, թե ինչպես է պետք մարդու կողքին լինել, մարդու արժանապատվությունը վերականգնել: Թող սովորեն` ինչպես աշխատել մարդու հետ»,- ասում է Ա. Պետրոսյանը: