Երեկ Հայաստանի ատոմակայանի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը մակագրել է ՀԱԷԿ-ի` շուրջ 158 աշխատակիցների ներկայացրած` աշխատանքից ազատման դիմումները: Այսպիսով, ատոմակայանի վերագործարկումը, որն, ըստ ժամակացույցի, պետք է տեղի ունենար հոկտեմբերի 27-ին, մեղմ ասած` կասկածի տակ է: Նույնիսկ ՀԱԷԿ-ի ղեկավարությունն է խոստովանում, որ արդեն նախկին աշխատակիցների մեջ կան այնպիսի մասնագետներ, առանց որոնց ատոմակայանը չի կարող շահագործվել, իսկ նրանց փոխարինողներ գտնելը գրեթե անհնար է: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները թույլ տվեցին նման` ատոմային պետության համար աննախադեպ եւ անթույլատրելի երեւույթ, երբ ՀԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար ամսական պահանջվելու էր 20-25 միլիոն դրամ: Ավելին` նույնիսկ, եթե պետությունը ի վիճակի չէր որեւէ կերպ լուծել այդ ֆինանսական խնդիրը, ապա աշխատավարձերի բարձրացման` միանգամայն արդարացի պահանջը կարելի էր բավարարել` թույլ տալով ընդամենը 1 դրամով բարձրացնել ՀԱԷԿ-ից բարձրավոլտ էլեկտրական ցանցեր առաքվող էլէներգիայի 1 կվտ-ի արժեքը, որը բնակչությանը վաճառվող հոսանքի սակագնի վրա չէր ազդի: Այսինքն` միամտություն կլինի կատարվածը պայմանավորել ֆինանսական կամ միայն ֆինանսական խնդիրներով: Այդ իմաստով, բավական հիմնավոր են հնչում այն տեսակետները, որ իրականում ՀԱԷԿ-ի աշխատակիցներին ազատելու քայլը պայմանավորված է այլ քաղաքական դրդապատճառներով: Ըստ այս վարկածի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում հնարավոր համագործակցության շուրջ Երեւանում հնչած հայտարարությունից հետո ռուսները ՀՀ իշխանություններին ստիպել են դադարեցնել ՀԱԷԿ-ի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Երեւանում Սարկոզին հայտարարել էր, թե հետազոտություն իրականացնելու նպատակով մի քանի շաբաթից ՀՀ կժամանի մասնագետների խումբ, որը կփորձի օժանդակել ՀՀ-ին` ատոմային էներգետիկայի բնագավառում: Իսկ Սարկոզիի հետ Երեւան ժամանած Ֆրանսիայի արտաքին առեւտրի նախարար եւ պետքարտուղար Պիեռ Լելուշն ասել էր, որ Ֆրանսիան լրջորեն քննարկում է Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարությանը մասնակցելու հարցը: Բնականաբար, այս հայտարարությունները չէին կարող չանհանգստացնել Հայաստանում էներգետիկ մենաշնորհ ունեցող ՌԴ-ին, որը, ինչպես բազմիցս ապացուցվել է, ՀՀ իշխանություններին կարող է ստիպել անգամ ազգային անվտանգությանը սպառնացող քայլերի դիմել: Եթե խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից, ապա կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն բավարարել ՀԱԷԿ-ի աշխատակիցների` աշխատավարձերի բարձրացման պահանջը, այլ գուցե անգամ կազմակերպել կամ լուռ համաձայնությամբ աջակցել են այդ պահանջի հասունացմանը: Ի վերջո, նույնիսկ զարմանալի էր, որ Հայաստանում մեկ ամիս շարունակ հնարավոր եղավ նման կազմակերպված ակցիա անցկացնել` առանց բողոքողների գոնե թվաքանակի նվազեցման: Սովորաբար իշխանություններն ամենատարբեր ձեւերով կարողանում են «լռեցնել» կամ «գնել» նման ակցիաների առնվազն ակտիվ անդամներին: Այսինքն` բացառված չէ, որ հերթական անգամ գործ ունենք ռուսների «ռազմավարական գործընկերության» դրսեւորման հետ, ինչի արդյունքում մի կողմից` մոտ 160 բարձրակարգ մասնագետներ գործազուրկ դարձան (նրանց մի մասը կարող է համալրել ՌԴ մեկնողների բանակը), մյուս կողմից` ՀԱԷԿ-ը կանգնեց փաստացի փակման վտանգի առջեւ: