Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ նախագահի մամլո ծառայության` հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանն ու համանախագահները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: Մինչ Ս. Սարգսյանի հետ հանդիպումը, համանախագահները հանդիպել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: ԱԳՆ-ից դուրս գալու ժամանակ լրագրողները համանախագահներից հետաքրքրվել են` «Ղարաբաղո՞վ եք գնալու Բաքու», ինչին ի պատասխան` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է. «Հիմա ամեն ինչ կախված է եղանակից, դուք գիտեք, որ ուղղաթիռները ոչ միշտ են օդ բարձրանում»: Նա նաեւ տեղեկացրել է, որ Բաքվում հանդիպումներն ավարտելուց հետո պատրաստվում են հայտարարություն տարածել, որում շարադրելու են իրենց եռօրյա առաքելության գնահատականները:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` համանախագահներն այսօր մասնակցելու են շփման գծի դիտարկմանը Մարտակերտ-Թերթեր հատվածում` անցնելով Ղարաբաղի տարածքից Ադրբեջանի տարածք: Համանախագահները տարածաշրջան այցի շրջանակներում մեկնելու են նաեւ Ադրբեջան: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երեկ հայտարարել է, թե համանախագահների` Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են հիմնարար սկզբունքները եւ Ադրբեջանի կողմից Կազանում բարձրացված հարցերը: «Բացի այդ, համանախագահները կքննարկեն գործընթացի խթանման եւ վերակենդանացման ուղիները»,- ասել է նա: Ըստ Մ. Բրայզայի` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաեւ` փոխպետքարտուղարի այցը տարածաշրջան վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը մեծապես շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ ցանկանում է «վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքները»: