Լուժկովը քննադատել է Մեդվեդեւին

22/10/2011

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ծավալուն հարցազրույց է տվել Պուտին-Մեդվեդեւ փոխատեղման մտադրությունների եւ իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» մասին: «Ինձ թվում է, այդ ընթացակարգը` նախագահի պաշտոնի Պուտինի ռոտացիան, համենայնդեպս, ավելի ճիշտ է, քան, եթե նախագահի պաշտոնի համար առաջադրվեր Մեդվեդեւը»,- ասել է Լուժկովը` քննադատության տակ առնելով Մեդվեդեւին: «Մեդվեդեւը ցույց է տվել իր անընդունակությունը երկրի հարցերը լուծելու գործում: Ես կարող եմ ասել, որ Մեդվեդեւի վարչապետությունը Ռուսաստանի համար կլինի նույնքան դրամատիկ բացասական, որքան Մեդվեդեւի ներկայիս նախագահությունը: Մեդվեդեւը պատրաստ չէ լուծելու երկրի կառավարման խնդիրները պետական բարձր մակարդակով: Սա վերաբերում է ոչ միայն նախագահի պաշտոնին, այլ նաեւ` վարչապետի»,- ասել է Լուժկովը` կարծիք հայտնելով, թե Մեդվեդեւը որպես վարչապետ շատ թույլ կլինի: Նրա խոսքով, Ռուսաստանին հիմա անհրաժեշտ է փոխել իշխանությունը` փոխելով նախագահին, կառավարության ղեկավար նշանակել մի մարդու, որը կվերականգնի Ռուսաստանի տնտեսությունը. «Ոչ թե նավթով ու գազով, ոչ թե բնական պաշարների հաշվին, այլ` սովորական ապրանքներով, սովորական արտադրությամբ: Սկսած գյուղմթերքներից, վերջացրած ավտոմեքենաների, օդանավերի, նավերի, էլեկտրոնիկայի, լայն սպառման ապրանքների, դեղորայքի եւ այլ արտադրությամբ` այն ամենի, ինչը մենք, փաստորեն, ամբողջովին կորցրել ենք: Սովորական գյուղմթերքների 70 տոկոսը ներկրում ենք: Իմիջիայլոց, պետությունը դրա վրա հենց այն գումարներն է ծախսում, այն դոլարները, որ ստանում է նավթից»:

Ռուսաստանի իշխող կուսակցության մասին, որի հիմնադիրներից մեկն էլ Լուժկովն էր, բայց կուսակցությունից հեռացավ պաշտոնանկությունից հետո, Մոսկվայի նախկին քաղաքապետն ասել է, թե «Եդինայա Ռոսիայի» հեղինակությունն այսօր փլուզվում է. «Նույնիսկ կարելի է ասել` արմատապես է փլուզվում»: Ըստ Լուժկովի` «Եդինայա Ռոսիան» «Մեդվեդեւի հետ կամ առանց Մեդվեդեւի, լուրջ դաս կստանա եւ աջակիցների ձայների լուրջ կորուստ կկրի: Որովհետեւ «Եդինայա Ռոսիան» իշխանական կուսակցություն չէ, չի պաշտպանել մարդկանց, չի պաշտպանել ժողովրդին, այլ սպասարկել է կառավարությանը, սպասարկել է նախագահի աշխատակազմին»: Նրա բնորոշմամբ` «Եդինայա Ռոսիայի» ղեկավարները թույլ են, «գորշ»` իրենց կազմակերպչական եւ մտավոր ունակություններով: Իսկ Բորիս Գրիզլովը, Լուժկովի բնորոշմամբ` մի անձնավորություն է, որը միշտ սպասարկում է եւ ընդունակ չէ սեփական դիրքորոշում ունենալ, նա «այդ կուսակցության ոչ թե առաջնորդն է, այլ` կուսակցության վարիչը»:

Հիշեցնենք, որ Յուրի Լուժկովը 18 տարի Ռուսաստանի մայրաքաղաքը ղեկավարելուց հետո անցած տարվա սեպտեմբերի 28-ին պաշտոնանկ արվեց նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով` նախագահի «վստահությունը կորցնելու» ձեւակերպմամբ: