Վեց քայլ առաջ ու շատ քայլեր՝ հետ

22/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երկու օր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business 2012 զեկույցը՝ բիզնեսով զբաղվելու դյուրինության վերաբերյալ։

Doing Business-ը, ինչպես հայտնի է, մեր իշխանությունների ամենասիրելի զեկույցներից է, որովհետեւ, ի տարբերություն, ասենք, «Forbes»-ի, այստեղ մենք գրավում ենք միջինից բարձր տեղեր։

Հերթական զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 տեղով եւ, ըստ հրապարակման հեղինակների, 2012թ. բիզնեսով զբաղվելու դյուրինության տեսակետից աշխարհում զբաղեցնում է 55-րդ տեղը։

Անկեղծ ասած այս թեմային չէինք անդրադառնա, քանի որ գրեթե բոլոր ԶԼՄ-ները զեկույցի մասին գրել են։ Սակայն մյուս կողմից հենց այդ փաստը ստիպեց թեկուզ երկու օր ուշացումով անդրադառնալ Doing Business-ի` անտեսված նրբերանգների մասին։

ԶԼՄ-ներից շատերը Doing Business-ի զեկույցի մասին գրել էին միայն դրական շեշտադրումներով՝ ուշադրությունը կենտրոնացնելով 6 կետով առաջադիմելու փաստին։

Զեկույցին անդրադարձել էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։ Նա լրագրողների ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business 2012 զեկույցի մեթոդոլոգիայում կատարվել է նորամուծություն` հաշվառվում է նոր գործակից` էլեկտրականության ստացում: Գործակիցը ցույց է տալիս, թե գործարարները որքան ժամանակում եւ ինչ ծախսերով կարող են միանալ էլեկտրացանցին: Փոխնախարարը ցավով նշել էր, որ Հայաստանի դիրքն այս առումով Doing Business 2012-ում բավական ցածր է` 150-րդ տեղը 180 երկրների շարքում: Սակայն, մյուս կողմից` տխրելու պատճառ չկա, քանի որ Կ. Մինասյանի խոսքերով, զեկույցը հաշվի է առել մինչեւ 2011 թ. մայիսի դրությամբ արձանագրված իրավիճակը, այնինչ մայիսի վերջին իրականացվել են կարեւոր փոփոխություններ: Մասնավորապես, կառավարության մայիսի 28-ի որոշմամբ` էլեկտրացանցերին միացման ժամկետը 9 ամսից կրճատվել է մինչեւ 90 օր, ինչը հաջորդ զեկույցում էապես կբարելավի մեր ցուցանիշը: Էժանացվել է նաեւ միացման գինը: Այսինքն՝ չնայած զեկույցում տեխնիկական պատճառով չեն հասցրել հաշվի առնել այս բարեփոխումը, սակայն մենք հո գիտե՞նք, որ այդ ցուցանիշով շատ ավելի բարձր դիրքերում ենք։

Ինչեւէ, այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ Doing Business 2012-ում ներկայացված են միայն Հայաստանի հաջողությունները։ Իսկ միակ թերությունը էլեկտրականության ստացումն է, որն էլ դժվար է թերություն անվանել. այն ընդամենը տեխնիկական բնույթ է կրում, եւ եթե գոնե մեկ ամիս շուտ անեինք բարեփոխումները, ապա ընդհանրապես փայլուն ցուցանիշներ կունենայինք։

Իրականությունը, ցավոք սրտի, փոքր-ինչ այլ է։ Որքան ուրախանալու տեղ կա, այնքան էլ` տխրելու։ Doing Business -ի պաշտոնական կայքից վերցված այս աղյուսակից ակհայտ է, թե ինչ բացթողումներ ունի մեր տնտեսությունը։

Այսպես, էլեկտրականության ստացումից բացի, Հայաստանի ցուցանիշը շատ ավելի վատն է հարկերի վճարման ցուցանիշով։ Թեպետ Doing Business 2012-ում այս կետով արձանագրվել է առաջընթաց 6 կետով, այնուհանդերձ, Հայաստանը մնում է 153-րդ տեղում։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը ձեռնարկությունների համար հարկային օրենսդրության պահպանումը հեշտացրել է սոցիալական ապահովագրության վճարումների քանակի կրճատման, ինչպես նաեւ` հայտերի ներկայացման ու հիմնական հարկատեսակների վճարման էլեկտրոնային կարգ ներդնելու միջոցով: Սակայն դա բավարար չի եղել գոնե միջին տեղեր զբաղեցնելու համար։

Դրական չէ նաեւ միջազգային առեւտրի ցուցանիշը։ Նախորդ զեկույցի համեմատ` Հայաստանը նահանջել է 1 աստիճանով եւ այժմ գրավում է 104-րդ տեղը։ Նշենք, որ, օրինակ, մեկ կոնտեյների արտահանման ծախսը եվրոպական միջինը գերազանցում է 1.8 անգամ (1800 դոլարը՝ 1032-ի դիմաց), ներմուծման ծախսը՝ 2 անգամ (2195 դոլարը՝ 1085-ի դիմաց), ներմուծումն իրականացնելու համար Հայաստանում պահանջվում է 18 օր՝ եվրոպական միջինը 11 օրվա դիմաց, եւ այլն։

Իհարկե, կան ցուցանիշներ, որոնցով գերազանցում ենք աշխարհի ամենազարգացած երկրներին։ Օրինակ՝ բիզնես սկսելու առումով 10-րդ տեղը կիսում ենք Սաուդյան Արաբիայի հետ (տարածաշրջանում այս ցուցանիշով մեզանից առաջ է միայն Վրաստանը՝ 7-րդ տեղ)։ Սա պայմանավորված է հիմնականում այն նորամուծությամբ, որ այժմ հնարավոր է օնլայն բիզնես գրանցել՝ առանց այցելելու մի քանի տարբեր գերատեսչություններ։ Ընդհանուր առմամբ, Doing Business-ի կողմից օգտագործվող 10 չափանիշներից 6-ի դեպքում Հայաստանը նահանջ է ապրել։ Դրանք են՝ օրինակ, էլեկտրականության ստացումը, սեփականության գրանցումը, միջազգային առեւտուրը, պայմանագրերի իրականացման ապահովումը եւ այլն։ Ամենամեծ նահանջը՝ 27 տեղով, արձանագրվել է հենց պայմանագրերի իրականացման առումով։ Թեպետ անվանումից այնքան էլ պարզ չէ, նշենք, որ սա վերաբերում է դատական կարգով վեճերի լուծմանը։ Ընդ որում, ոչ թե դատական համակարգի անաչառությանն է գնահատական տրվում, այլ կոնկրետ չափելի բաղադրիչներին՝ օրինակ, թե միջինը քանի՞ օր է տեւում դատական պրոցեսը, որքա՞ն ծախս է պահանջում, քանի՞ պրոցեդուրա է պետք անցնել, եւ այլն։ Այս ցուցանիշով Հայաստանը 91-րդ տեղում է։

Եվ վերջապես, Հայաստանի դիրքերը բավականին թույլ են ներդրողների պաշտպանության առումով։ Նախորդ զեկույցի համաձայն՝ Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 97-րդ տեղը։

Ամփոփելով՝ նշենք, որ մեր նպատակն ամենեւին էլ զեկույցում բացասական կետեր գտնելն ու չարախնդալը չէ։ Պարզապես պետք չէ Doing Business-ի դերը գերագնահատել ու բարեփոխումներ իրականացնել՝ առաջին հերթին այդտեղ մի քանի հորիզոնականում բարձրանալու համար։ Կարեւորը փոփոխություններն են, որոնք պետք է առաջին հերթին զգան գործարարները։ Իսկ եթե նրանք զգան, ապա Doing Business-ը ընդհանրապես ոչ ոքի չի հետաքրքրի։