Արշավ` մամուլի դեմ

22/10/2011

Հոկտեմբերի 19-ին «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հայկական Ժամանակ», «Հրապարակ», «168 Ժամ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրները համատեղ հայտարարություն էին ստորագրել, որում նշել էին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում են հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ «Առավոտ», «Երկիր» եւ «Ժամանակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Արամ Աբրահամյանը, Բագրատ Եսայանը, Արման Բաբաջանյանը օրենսդիրներին կոչ են արել վերանայել վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունը:

Ըստ Ա. Աբրահամյանի` ՀՀ քաղաքացիական օրենքում «Զրպարտության եւ վիրավորանքի» հոդվածների ապաքրեականացումը ի սկզբանե ճիշտ էր, սակայն դա տեղի է ունեցել շատ հապճեպ, ինչը թույլ տվեց իշխանավորներին ցանկացած քննադատության համար վրեժ լուծել զանգվածային լրատվամիջոցներից (ԶԼՄ): «Օրենքն ընդունվեց հապճեպ, հաշվի չառնվեց դատական պրակտիկան, ինչպես նաեւ` օլիգարխների, պաշտոնյաների քաշային հարաբերակցությունը, որոնք փորձում են սնանկացման միջոցով վրեժ լուծել լրատվամիջոցներից: 1-2 մլն դրամը մեծ գումար է թերթերի համար: Անհրաժեշտ է, որպեսզի զգալիորեն իջեցվի պատժի գումարի չափը, իսկ հոդվածում հստակեցվի «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունները»,- ասել է Ա. Աբրահամյանը: «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը նշեց, որ եթե նախկինում հայաստանցի օլիգարխները կամ իշխանավորները դժգոհություններ էին ունենում ԶԼՄ-ներից` ծեծում էին խմբագրին կամ մեքենան էին վառում: «Ավելի լավ է` մի ծեծ ուտեմ, քան թերթը կանգնի փակման առաջ: Օրենքի ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ արշավ է սկսվել: Կարծես մարդիկ սպասում էին դրան, որ հայցերով դիմեին դատարաններ: Վիճակը ծայրահեղ է եւ լուծման կարիք ունի: Հավատում եմ, որ եթե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնացել է այս քայլին եւ դիմել է ՍԴ` նշանակում է` գիտակցում կա, որ թերթերը դժվար կացության առջեւ են»: Ա. Աբրահամյանը, սակայն, հույս չունի, թե ՍԴ-ն լրատվամիջոցների օգտին որոշում կկայացնի։ «Այդ առումով նույնքան հույս ունեմ, որքան, ասենք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա:

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի կարծիքով, խնդիրը լուծելու համար ԶԼՄ-ները պետք է համախմբվեն, մշակեն ու ընդունեն ինքնակարգավորման մեխանիզմներ եւ վարքագծի ընդհանուր կանոններ, որոնք չեն սահմանափակի խոսքի ազատությունը: Բ. Եսայանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, դրական որոշում կկայացնի: «Երեք միլիոնը մեր իրականության մեջ լուրջ գումար է լրատվամիջոցների համար»,- ավելացրեց Բ. Եսայանը: