«Երբեք դիմացինիդ քեզնից ապուշ մի՛ կարծիր»

22/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Բարեկիրթ միջավայրում խուսափում են արտասանել «մարմնավաճառություն» բառը եւ վայելչության համար այն անվանում են` առաջին ամենահին «արհեստ»: Իսկ ո՞րերորդ մասնագիտությունն է դիվանագիտությունը: Կասկած չկա, որ այն եւս ամենահներից է` մարմնավաճառությունից առաջ կամ հետո, կամ` միաժամանակ: Միգուցե այդ մերձավորությունն է պատճառը, որ ոմանք` առանց գիտակցելու, ոմանք` չարամտորեն նույնացնում են այդ արհեստն ու դիվանագիտական արվեստը` դիվանագետներին մեղադրելով խաբեության, կեղծիքի, ստախոսության եւ հազարումի այլ երկրային ու երկնային արատների համար»: Այսպես է սկսվում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի «Հերմեսից մինչեւ մեր օրերը» գիրքը:

– Պարո՛ն Նավասարդյան, թեեւ ակնհայտ մեծ տարբերություն եք դնում առաջին հին արհեստի եւ հին արվեստի միջեւ, սակայն, ինչպես ցույց տվեցին «Վիկիլիքսի» գաղտնազերծված փաստաթղթերը, ստիպված ենք նկատել, որ թե՛ հնագույն արհեստը, թե՛ դիվանագիտությունը, այդուհանդերձ, ընդհանրություններ ունեն:

– Սա չարչրկված հարց է եւ դարեր շարունակ տանջել է մարդկանց` ստե՞լ, թե՞ չստել: Ֆրանսիացի մեծ բարեփոխիչ դը Կալյերը, մի փոքր ծայրահեղության մեջ ընկնելով, նկատում է, թե դիվանագիտության մեջ երբեք չի կարելի ստել, կեղծել: Սա դասական մոտեցում է, սակայն կյանքն այլ բան է ցույց տալիս: Կա դիվանագիտական «աչքաչափ» հասկացությունը: Եթե հնարավոր չէ չստել, ապա կարելի է լռել, չասել ամբողջ ճշմարտությունը: Մահամերձի մոտ բժիշկն ասում է` դու լավ ես եւ կապաքինվես: Եվ ճիշտ չէր լինի ասել ճշմարտությունը` քեզ հաշված օրեր են մնացել: Դա կոչվում է սպիտակ սուտ:

– Դիվանագիտական նամակագրությունը, իրենց կառավարություններին ուղղված դեսպանների ուղերձների բովանդակությունը մի տեսակ թափանցիկ են դարձնում սահմանը` ի վերջո, որտե՞ղ է վերջանում լրտեսն ու սկսվում դեսպանը:

– Դիվանագիտությունն ու հետախուզությունը մոտ կատեգորիաներ են: Ո՛չ, դիվանագետը լրտես չէ, բայց արդյո՞ք դեսպանությունը չի զբաղվում հետախուզությամբ: Անշուշտ, եւ այն էլ ինչպես: Վերջին հաշվով` դիվանագիտության, ինչպես նաեւ հետախուզության ամենամեծ հարցերից մեկն ինֆորմացիայի հայթայթումն է: Իրադրությանը տիրապետում է նա, ով տիրապետում է ինֆորմացիային: Վերջին հաշվով, ամբողջն ինֆորմացիայի պայքար է: Պարզապես` դիվանագիտությունը գնում է բաց ճանապարհով (այն, ինչ թույլատրվում է 1961 թվականի Վիեննայի Կոնվենցիայով), իսկ հետախուզությունը, լրտեսությունը` ոչ թույլատրելի մեթոդներով, եւ լրտեսին բացահայտելուց հետո, հայտնի է, նրան խիստ են պատժում:

– Գրքում հետաքրքիր միտք եք արծարծում. «Երկրի դիվանագիտական համակարգի ճկունությունը հակադարձ համեմատական է նրա ռազմատնտեսական ներուժին:

– Երբ երկիրն ունի ուժեղ ռազմական եւ տնտեսական ներուժ, նրա պետքն էլ չէ` ինչ ճանապարհով կզարգանա նրա դիվանագիտությունը, եւ հակառակը։ Օրինակ` Մաքիավելիի ժամանակ վենետիկյան գաճաճ պետություններից յուրաքանչյուրն ուներ սեփական արտգործնախարարությունն ու դիվանագիտական դպրոցը` չունենալով ո՛չ ռազմական ուժ, ո՛չ անգամ ոստիկանություն: Այդ մարդիկ իրենց պաշտպանում էին մտքի ճկունությամբ: Եվ շատ մեծ բարձրության հասցրեցին դիվանագիտական դպրոցը:

– Այդ տրամաբանությամբ` ԱՄՆ-ի, Չինաստանի դիվանագիտությունը, ստացվում է, ուժեղ չէ՞:

– Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա, դիցուք, ԱՄՆ-ը մկանային դիվանագիտություն է աշխատեցնում. երբ շատ ես խոսում` ուժեղ պետությունները տալիս են գլխիդ: Մենք չունենք հզոր բանակ` միջազգային մասշտաբով, չունենք հզոր տնտեսություն, պետք է ունենանք ճկուն դիվանագիտություն: Պետք է լինել, ինչպես Աստվածաշնչում է ասված` խորագետ` օձերի նման եւ հեզ` աղավնիների նման:

– Լավ է ասված` պետք է ունենանք ճկուն դիվանագիտություն: Իսկ ունե՞նք:

– Ո՛չ, չունենք: Թեեւ «ոչը» դիվանագետի պատասխան չէ, բայց ասում եմ` չունենք:

– Ձեր գրքում ներկայացրել եք դիվանագետների նախահորը` Զեւսի որդի Հերմեսին, ում էլ հանձնարարվել էր զբաղվել դիվանագիտությամբ: Օգտագործելով Զեւսի որդի լինելու պարագան` Հերմեսը կարող էր իրեն շատ բան թույլ տալ եւ մնալ անպատիժ: Օրինակ` թռցնել Պոսեյդոնի եռաժանին, Արեսի թուրը: Չե՞ք կարծում, որ ժամանակակից դիվանագետները (եւ ոչ միայն նրանք) կարող են հղում անելով Հերմեսին` արդարացնել պաշտոնական դիրքի չարաշահումը, կամ այն, ինչ առաջ կոչվում էր «թռցնել», իսկ այժմ` «կոռուպցիա»:

– Սա առասպելաբանության, Զեւսի ու Աֆրոդիտեի հեքիաթները չեն: Այս բոլորի հետեւում կա լուրջ իրականություն եւ այս բոլորն ունի իր շարունակականությունն այսօր: Նորը լավ մոռացված հինն է: Ես երկար եմ այս խնդրի վրա աշխատել. անտիկ աշխարհի դիվանագիտության մեջ կան վեկտորներ, որոնց կարելի է ուղղակի նախանձել: Օրինակ, չգիտեմ` կադրային հարցերում կհասնե՞նք նրանց: Դիտարկենք թեկուզ Հին Հունաստանի դիվանագետների, դեսպանների նշանակման ինստիտուտը: Ժողովրդական ժողովն էր նրանց նշանակում: Եթե 6000 ներկաներից մեկը դեմ լիներ, թեկնածությունը մերժվում էր: Դեսպանները պետք է լինեին հեղինակավոր, ապահովված, ճանաչված, խելացի, զարգացած մարդիկ:

– Միաժամանակ նկատել եք, թե դիվանագետներ պետք է նշանակվեն 50-ն անց, ապահովված մարդիկ։ Նկատի ունեք, որ դիվանագետի աշխատանքում գայթակղությունները շա՞տ են:

– Այո՛, նախ` պետության գրպանը չմտնելու համար: Եվ շատ խիստ էր. երբ վերադառնում էին` հաշվետու էին ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական հարցերում: Եթե ինչ-որ զանցառություն էին գտնում, դիվանագետներին կանգնեցնում էին դատարանի առաջ: Դեպքեր են եղել, երբ դիվանագետներին ուղղակի գլխատել են: Կան շատ մասնագիտություններ, այդ թվում եւ` դիվանագիտությունը, որը պահանջում է ֆիզիոլոգիական հասունություն, որովհետեւ որքան էլ մարդը խելացի լինի, եթե նա չի ապրել կյանքը, շատ դժվար կկարողանա ճիշտ կողմնորոշվել: Դրա համար` 50-ից երիտասարդ մարդկանց դիվանագետ չէին նշանակում: Օրինակ` ամերիկացիներն առանցքային երկրներում նշանակում են կյանք ապրած եւ ավելի հասուն մարդկանց:

– Խոսելով ժամանակակից հայ դիվանագիտության մասին, նշում եք, թե մեր երկրում դիվանագետներն այնքան շատ են, որ եթե դեսպաններ ունենանք անգամ աշխարհի բոլոր կղզիներում, միեւնույն է, գործազուրկ դիվանագետների պակաս չի լինի: Այդ դեպքում ինչո՞ւ են մեր երիտասարդները նախապատվությունը տալիս հատկապես դիվանագետի մասնագիտությանը` անգամ աչքի առաջ ունենալով գործազրկության հեռանկարը:

– Դե՛, որքան էլ դիվանագիտությունը, նույն այդ Հունաստանում, Հռոմում, միջնադարյան դիվանագիտական դպրոցում այնքան էլ հաճելի աշխատանք չի եղել (ունեցել է իր բարդ կողմերը` ֆինանսական, բազում ռիսկեր, կենցաղային անհարմարություններ, ընտանիքից կտրվելը եւ այլն), սակայն բոլոր ժամանակներում, զարմանալի է, դիվանագիտության հանդեպ ձգողականություն է եղել: Եվ նույն բանը կա այսօր: Ես մեր մեծահարուստներին խորհուրդ կտայի տասն անգամ մտածել, նոր իրենց զավակներին ուղարկել դիվանագետ դառնալու: Որովհետեւ այն, ինչ կա դիվանագիտության շուրջ, ավելի շուտ լեգենդ է, քան իրականություն: Դիվանագիտությունը ծանր, քրտնաջան, շատ լուրջ, ընդ որում` ոչ միայն մտավոր, այլեւ ֆիզիկական աշխատանք է:

– Սակայն նրանք, ովքեր ցանկանում են դիվանագետ դառնալ, որպես նախատիպ ունեն հայ դիվանագետներին: Իսկ դա նշանակում է` հատուկ պետհամարանիշով մեքենա, պետության հաշվին ուղեւորություններ, ընդունելություններ, բանկետներ…

– Դա սառցաբեկորի վերեւի մասն է: Դիվանագիտությունը քաղաքական, վերլուծական, կասեի` անգամ ստեղծագործական աշխատանք է: Հաշվել են, որ 10-15 րոպեանոց դիվանագիտական լուրջ զրույց վարելու համար դրան պետք է նախապատրաստվել 16 ժամ: Եթե դիվանագիտությանը նայես այնպես, ինչպես ասացիք, կարելի է եւ գնալ այդ ուղղությամբ: Այդ դեպքում ամենեւին պարտադիր պայման չէ պրոֆեսիոնալիզմը, ինչն այսօրվա դիվանագիտության ամենամեծ բացն է: Երբեք չի կարելի նշանակել ոչ պրոֆեսիոնալ դեսպանի. դա երկրի, պետականության դեմ ուղղված վնասարարություն է: Հատկապես, որ դիմացինները` գործընկերներ, զրուցակիցներ, լուրջ պատրաստված մարդիկ են: Դա էլ է մեր ազգային էթնոհոգեբանական բացերից մեկը` կարծել, որ մենք ամենախելոքն ենք: Իսկ դիվանագիտության մեջ կա ոսկե օրենք` երբեք ու երբեք դիմացինիդ քեզնից ավելի ապուշ մի՛ կարծիր: Եվ պետք է հիշել` առանց տանջալից աշխատանքի` երբեք դիվանագետ չես դառնա: Դիվանագետը երբեք ուսումը չի ավարտում: Երբ դիվանագետը առավոտյան գալիս է աշխատանքի, չի գալիս աշխատելու, այլ գալիս է սովորելու` լեզու, քաղաքականություն, փիլիսոփայություն, աշխարհագրություն, վարվեցողակարգ, հոգեբանություն: Կոչում, որը միշտ քեզ հետ է: