Նկարչուհի Արմինե Մարտիրոսյանը գույների գիտակ է: Կտավի վրա գույներ է պեղում, որոնք գտնված են եւ անվանական սահմանումներ չունեն: Երանգների բնութագրումը, թվում է, լեզվիդ ծայրին է, բայց զգայականից անցում կատարելով բառերի վերծանմանը` կանգնում ես փակուղու առաջ: Նա ուսումնասիրել է գույների փիլիսոփայությունը եւ տիրապետում է գունային հոգեթերապիա գիտությանը: Որսալով մարդու բնավորության առանձնահատկությունները` Ա. Մարտիրոսյանն անմիջապես գույների դեղատոմս է առաջարկում: Այլ կերպ ասած` կարողանում է համապատասխան գույներով մարդու ներաշխարհը բերել հավասարակշռության: Գույնի ուժը նա նույնացնում է բժշկության հետ: Ասում է` իր կտավները բաց նամակներ են, ավելի ճիշտ` թռուցիկներ են` ուղղված հասցեատերերին: Դրանք տարածված են աշխարհով մեկ, սակայն այդ կտավների բնօրինակները, միեւնույն է, «ապրում են» հեղինակի ուղեղում: Ա. Մարտիրոսյանը մոլբերտի վրա չի աշխատում։ «Մոլբերտը չի դիմանա ինձ»,- կատակելով ասում է նա: Օրերս Կիեւում կայացած «Առանց սահմանների» երրորդ միջազգային մրցույթում Ա. Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել: Մրցույթը մեկ պահանջ է ներկայացրել` աշխատանքի մեջ լինել ազատ, բայց չժխտել սեւ, սպիտակ եւ կարմիր գույները: Այս օրերին աբստրակցիոնիստ Ա. Մարտիրոսյանի գործերը ցուցադրվում են նաեւ Վենետիկում:
– Գունային թերապիայի իմ մասնագիտական գիտելիքները երբեք չեմ կցում վերացական արվեստին, որովհետեւ արվեստը լրիվ ուրիշ տարածք է: Յուրաքանչյուր գույն ունի փիլիսոփայությունը, ջերմաստիճանը, ազդեցությունը: Օրինակ, մրսող մարդը երբ կարմիր է հագնում` տաքանում է: Մեր տատիկները նախկինում հատուկ էին գորգերը հիմնականում կարմիրով գործում: Ճիշտ է, գույնն ունի իր փիլիսոփայությունը, բայց մարդն էլ ունի իր փիլիսոփայությունը, այսինքն` չպետք է գույնով մարդուն գրգռես, խանգարես ու շփոթեցնես: Ճիշտ հակառակը` պիտի գտնես նրա բնավորության գծերը, նրա պահանջները եւ փորձես այդ պակասը գույնով լրացնել, որպեսզի նա ներդաշնակություն զգա: Օրինակ, մանուշակագույնը համարվում է թագավորական, ամենաբարձր գույնը: Մասնավորապես մանուշակագույն հագուստ կամ այդ գույնով մատանիներ կրել են թագավորները, քահանաները, բայց ասենք` հարբեցողներին այդ գույնը հակացուցված է, նրանք այդ գույնից կարող են խելագարության հասնել:
– Մեր երկրին ի՞նչ գույնով կբնութագրեք: Հաշվի առնելով մեր ազգաբնակչության կենսամակարդակը, հոգեբանական բարդույթները, ազգային առանձնահատկությունները` Հայաստանն ի՞նչ գույն ունի, ի՞նչ եք կարծում:
– Մարդիկ արդեն այդ գույնն ակնհայտորեն արտացոլում են: Մեծամասնությունը սեւ է հագնում: Ճիշտ է, սեւը խորհրդավոր է, բայց նաեւ պատի փիլիսոփայություն ունի: Այսինքն` պատնեշ է, որը թույլ չի տալիս էներգիաների ներհոսք: Սեւը պաշտպանողական գիծ է դնում, որպեսզի բացասական եւ դրական էներգիաները քեզ մոտ չգան: Կոնտակտի տաբու ես դնում: Հայերի մոտ պաշտպանողական բարդույթ կա, բոլորն ուզում են բոլորից պաշտպանվել: Այսինքն` դրսի էներգիան ստանալու արգելք է դրվում: Արվեստում սեւն ուրիշ է, որովհետեւ մի երանգի կամ այլ գույնի հարվածով սեւի արտացոլանքը կարող ես փոխել: Կարող եմ ասել, որ նարնջագույնը մարդուն երջանկացնում է, էլ չեմ ասում, թե բուժական ինչ հատկություններ ունի: Այն մարդը, որը կյանքում ամեն ինչ վայելում է` նրան պետք չէ նարնջագույնը, որովհետեւ գույնը կարող է խեղաթյուրել նրա հոգեբանությունը: Նարնջագույնը պետք է այն մարդուն, ով երջանիկ լինելու կարիք ունի: Այսինքն` մարդուն գույնով տալիս ես այն, ինչն ինքը չունի: Վերջերս ես հղի կանանց հետ թերապիա անցկացրեցի: Նրանք, բնականաբար, սրտխառնոցային տհաճ զգացումներ են ունենում: Առաջարկեցի օգտվել նարնջագույն բաժակներից եւ ափսեներից: Անմիջապես կանխվեց սրտխառնոցը: Նույնիսկ երեխաների ատամնացավն է վերացնում այդ գույնը: Պետք է նշեմ նաեւ, որ երեխաների խաղալիքները ցանկալի է երկնագույն լինեն, որովհետեւ դա խաղաղության, հանգստության, ի վերջո, երկնային գույն է: Կարմիրը լիդերության գույնն է, բայց եթե դու խորհուրդ տաս, օրինակ` իսկական, էությամբ լիդեր կնոջը կարմիր հագնել` կդառնա լիրբ: Սպիտակն իր մեջ կրում է բոլոր գույները: Երբ մարդու եսը կոտրված, ստորացված է` նրան սպիտակ գույն է պետք: Գունային բժշկությունը շատ խորքային է: Այսինքն` գույնն ինֆորմացիան տալիս է աչքին, իսկ աչքն ազդակներ է ուղարկում օրգանիզմի այն հատվածներին, որտեղ խոցեր կամ կարիքներ կան: Ուղեղը գույնի ինֆորմացիան տալիս է այն օրգանին, որը դրա կարիքն ունի: Բնականաբար, գունային առանձնահատկությունները մեկ կամ երկու նախադասությամբ չես կարող ներկայացնել, այդ գիտությունը հսկայական մեկնաբանություն ունի, ես շատ հակիրճ ներկայացրեցի:
– Անդրադառնանք Ձեր նկարչությանը. Գունային աշխարհի Ձեր իմացությունն արդյո՞ք արտացոլվում է Ձեր գործերի վրա: Այսինքն` աբստրակցիայով մարդկանց բուժելու խնդի՞ր է դրված:
– Ոչ, չի անդրադառնում վերացական արվեստի վրա: Կտավի առաջ ես նույնանում եմ կտավի հետ եւ գունային, գծային հարցադրումներ չունեմ: Նկարելիս իմ խնդիրն անսահմանությունն է, որտեղ ժխտում ես մարդու ստեղծած օրենքները եւ մխրճվում ես Աստծո օրենքների մեջ: Երբ մարդը մաքրվում է` կարողանում է մաքրել ուրիշներին: Հատկապես մեր ժամանակներում մարդը մշտապես ինքնամաքրվելու խնդիր ունի: Այդ ֆիլտրացիան քեզ դիմանալու ուժ է տալիս: Եթե չմաքրվես` չես ունենա նաեւ դիմադրողականություն: Միայն առողջ սնունդը չէ, որ մարդուն անհրաժեշտ է երկարակեցության համար, այլ հոգեւոր սնունդ է պետք: Վերացական արվեստը մերժում է մարդկային օրենքները եւ ընդունում է աստվածային օրենքները, որոնք էլ քեզ տանում են ինքնամաքրման: Մեզ շրջապատող կենցաղում` հեռուստատեսությամբ, մարդկային հարաբերություններում, քաղաքականությամբ մեզ մշտապես աղբ են մատուցում, եւ, ուզես թե չուզես, կլանում ես դա: Վերացական արվեստը մի տարածք է, որտեղ ազնիվ ես ինքդ քո, ինչպես նաեւ` աշխարհի հետ: Կտավի մոտ գալիս է ինքնաքննադատության ժամանակը, խոստովանության պես մի բան է. աղոթքի նման: Այսինքն` քեզ թոթափում ես աղբից եւ հոգեպես մերկ գնում ես դեպի ճշմարտություն: Պագանինին ասում էր` ջութակն իմ աստվածն է: Շատերը չէին հասկանում, բայց Աստծո հետ փոխհարաբերության կոնտակտն էր, չէ՞: Ամեն մարդ իր դուռն ունի Աստծո հետ կապ հաստատելու համար, մեկի համար` ջութակ, մյուսի համար` կտավգ Ինձ համար իմ դուռը կտավն է, որը բացելով ես` հայտնվում եմ անսահմանության մեջ: Օրինակ` նախկինում սրբապատկերներ ստեղծողները ամիսներով, տարիներով գնում էին մենաստաններ, ճգնավորների մոտ մաքրվում էին, վայելքներից զրկանքներ էին կրում, որից հետո միայն իրենց իրավունք էին վերապահում սրբապատկեր նկարել: Դրա համար էլ այդ սրբապատկերները մարդկանց համար հրաշքներ էին գործում: Շատ կարեւոր է քո ներդաշնակությունը կտավի հետ աշխատելիս, որովհետեւ այն հետագայում տարածվում եւ էներգիա է տալիս մարդկանց:
– Ասում են` արվեստագետը, մասնավորապես` աբստրակցիոնիստները, տեսնում են ամեն ինչի անտեսանելին, աներեւույթը:
– Եթե երկու առարկա դրված է իրար կողքի, ապա նկարիչը տեսնում է ոչ թե այդ առարկաները, այլ դրանց` արանքի չերեւացողը: Վերացական արվեստը ինքնամաքրման ճանապարհով գնացող մարդիկ են անում: Այսօրվա արվեստագետներն իսկապես հերոսներ են: Դիմադրում են քաղաքականությանը, կենցաղին, ըմբոստ են, գետին հակառակ գնացողներ են: Բոլոր ժամանակներում, երբ հայրենիքը տուժել է` մտավորականներն են ոտքի կանգնել: Հիմա բոլորը լուռ, աննկատ ապրում են, բայց, հավատացեք, եթե հայրենիքին վտանգ սպառնա` նրանք առաջամարտիկներ են: Էսօրվա հայրենիքի պաշտպան կոչվողները վտանգի դեպքում փախչելու են: Խեղճ ապրող մտավորականների արժեքներն ուրիշ են` հոգեւոր արժեքներ են: Հիմա շատերը երեւացող արժեքներին` առարկային, նյութին են ծառայում, փոխհարաբերություններն առարկայական են, իսկ էն` չերեւացող արժեքները զրոյական են ոմանց համար: Նյութապաշտությունը մարդկանց զրկել է չափի, ռեալ մտածելու զգացողությունից: Էսօրվա արվեստագետներն անգամ ներկ չունեն, որ նկարեն, բայց երբեք այդ մասին չեն խոսում: Նրանք այնքան մեծ են, որ կարողանում են դրա մասին չխոսել, որովհետեւ ուրիշ արժեքներով են ապրում:
– Ձեր միջի կռիվն ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է: Շատերի կռիվն ինքնանպատակ է:
– Կռիվն անարդարության դեմ է, այսինքն` ճշմարտության համար: Մի թագավորական փիլիսոփա մոտենում է զրկանքների մեջ ապրող, խեղճ, ոսպ եփող փիլիսոփայի. Ասում է` ա՛յ, եթե դու կարողանայիր թագավորի առաջ գլուխդ կռացնել` հիմա ոսպ չէիր ուտի: Նա էլ ասում է` իսկ եթե դու սովորեիր ոսպ ուտել` թագավորի մոտ գլուխդ չէիր կռացնի: Հիմա էդ կռիվն է: Ես չեմ ուզում գլուխս կռացնել եւ ոսպ եմ ուտում: Մեր հասարակության զգալի հատվածը վերեւ չի նայում, կարծում է` իր տանիքից այն կողմ ոչինչ չկա: Շատերը չեն ցանկանում տանիքից վերեւ նայել, շատերն էլ չեն ցանկանում աստիճաններով, մեկիկ-մեկիկ բարձրանալով գնալ, տեսնել, զբաղված են, ժամանակ չունեն: Առարկան բարձրացել է, շատերի համար տանիքից վերեւ է անգամ: Իսկ ընդհանրապես մեր երկրում մարդն ամենացածր գնահատվողն է: Մարդը, անհատը, որից երբեք երկրորդը չի լինում` այսօր արժեքազրկված է:
– Ինչո՞ւ է մարդը մեր երկրում կորցրել իր արժեքը: Այսինքն` դա մարդկային հարաբերությունների, իրար չգնահատելո՞ւ արդյունք է, թե՞ հատուկ քաղաքականություն:
– Ես հակված եմ մտածել, որ մարդու արժեզրկումը հատուկ է արվում: Ազատության մասին փուչ խոսքերին մի հավատացեք: Վերացական արվեստն ինձ տալիս է ազատություն, եւ ազատության մեջ ես կարողանում եմ կարեւորն անկարեւորից տարբերել: Երբ չկա ազատություն` չես կարող կարեւորն անկարեւորից տարբերել: Ազատությունը ընտրելու եւ չընտրելու հնարավորություն է տալիս: Հայաստանում հիմա մարդիկ միայն զբաղված են օրվա ապրելիքը հայթայթելով, այսինքն` առավոտն արթնանում ես ու միայն մտածում ես ուտելու մասին: Մարդու հոգսերի վրա կենտրոնացումը թույլ չի տալիս, որ նա զբաղվի իր սիրած գործերով, հետաքրքրվի արվեստով, գրականությամբ: Այսինքն` նա անազատ է, իր միտքը միայն զբաղված է օրվա գոյությունը պաշտպանելով: Մարդն ունի կենդանական բնազդային հատկանիշներ: Ապրելու համար պիտի ուտի, այսինքն` կեցությունն է ապահովում: Կեցության, ուտելու եւ ապրել շարունակելու խնդիրը հաղթահարելուց հետո միայն նա սկսում է հոգեւոր սննդի, արժեքների մասին մտածել: Հիմա հայ մարդը միայն այդ կենդանական բնազդով է ապրում, որովհետեւ ամբողջ միտքը զբաղված է ուտելու բան հայթայթելու ելք որոնելով: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ են ստեղծել, որպեսզի մարդն ուրիշ պահանջների մասին մտածելու ժամանակ չունենա: Այսինքն` շատերին է ձեռնտու ղեկավարել կենդանական բնազդով ապրող ժողովրդի, որովհետեւ խելացի, խելոք, հոգեւոր արժեքներ կրող հասարակություններն իրենցից վտանգ են ներկայացնում: Խելոք մարդուն ղեկավարելը դժվար է: Մեզ մոտ օրվա հացի մասին մտածող հասարակությունը չի կարող ազատություն ունենալ, քանի դեռ կենցաղը զբաղեցնում է մարդու ուղեղը առավոտից իրիկուն: Կենդանու բնազդներով վերարտադրվող հասարակությունը ամենակառավարելին է:
– Անկախությունից հետո մենք ազատ ենք, չկա Խորհրդային կայսրության ճնշումը, արվեստագետների ճանապարհները բաց են բոլոր առումներով: Դա պատրա՞նք է:
– Հայաստանում շատերի հոգեբանությունը կոտրված է, բայց շատերը չեն զգացել, որ կոտրված են, որովհետեւ դա արվել է խորամանկ ու աննկատ: Երբ մարդ բանտից ազատվում է` միանգամից չի կարողանում ազատությունը վայելել: Երբ մարդ տարիներով մթության մեջ է ապրում` լույսից կարող է կուրանալ: Մենք հիմա բանտից ազատվել ենք, բայց մի կտոր հացի փնտրտուքը մեզ ազատության մեջ կալանքի տակ է պահում: Մարդկանց հոգեբանությունը ջարդված է, դրա համար էլ արժեքային համակարգի անկում ենք տեսնում: Եթե մարդն ի վիճակի չէ իր սիրած գործն անել, իր հետաքրքրությունները բավարարելու ժամանակ ու ռեսուրս ունենալ, ուրեմն` ի՞նչ ազատություն: Երբ մշտապես մարդուն վնասում են` դա նման է կաթիլ-կաթիլ թույն ներարկելուն: Հոգեբանական տրավմաները ազգին մուտացիայի են ենթարկում:
– Պետությունը մերժո՞ւմ է արվեստը, ավելի ճիշտ` աբստրակտ արվեստը:
– Մեր պետական քաղաքականությունն էնպիսին է, որ չեն հասկանում աբստրակտ արվեստը եւ հասկանալու փորձ կատարելու փոխարեն` մերժում են: Օրինակ` ես գիտեմ, որ մաթեմատիկան հզոր գիտություն է, բայց լավ չգիտեմ մաթեմատիկա. Ես ուզում եմ սովորել, հասկանալ այդ գիտությունը եւ այդ մասին ասում եմ: Եթե ես չգիտեմ այդ գիտությունը` չի նշանակում, որ դա արժեքավոր չէ, հետեւաբար` ուզում եմ իմանալ: Ես եկել եմ Կիեւից ու նախանձով բոլորին պատմում եմ նրանց ժամանակակից արվեստի հինգհարկանի այդ չքնաղ պատկերասրահի մասին: Ընդ որում, դա պատկանում է Ուկրաինայի նախագահի փեսային: Սա արդեն խոսում է երկրի ղեկավարության` արվեստի հանդեպ ունեցած մոտեցման մասին: Երեւանում էսքան ամեն քայլափոխի շենքեր են կառուցվում, ամեն տեղ շինարարություն է: Չես հասկանում, ախր կարող են, չէ՞, մի նորմալ ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծել: Աշխարհի բոլոր երկրները, անգամ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն հսկայական, շքեղ պատկերասրահ ունեն, որովհետեւ հասկանում են` էսօր աշխարհն ինչ է արժեւորում: Վերջը մեզ մոտ էս ժամանակակից արվեստը ե՞րբ են մարսելու: Կարծես թե կերել են, բայց սպասում ենք, որ, կներեք խոսքիս համար, գխտան: 15 տարուց ավելի էդ գխտոցին ենք սպասում: Դուք նայեք մեր Ժամանակակից արվեստի թանգարանը, փոքրիկ, չորս նեղ պատերով, տարել էնպիսի մի տեղ են մտցրել, որ մարդ տեղն էլ չիմանա: Մյուս կողմից էլ` ամեն օր սնկի պես աճում են գալերեաներ ու կարճ ժամանակ անց փակվում են: Չես հասկանում` գալերիստն ի՞նչ է անում: Դուքանների նման են: Գալերեան բացում ես, որ ի՞նչ` եթե չպետք է աշխատես, դրսի հետ համագործակցություն ստեղծես, ինֆորմացիան ակտիվ փոխանցես: Ամբողջ օրը նստած են, նկարչին ասում են` բեր գործերդ կախի: Կախեցիր, դե հիմա արի տար: Բա գալերեայի գործունեությունը ո՞րն է, պիտի պա՞տ տրամադրի: Թող ասեն` վարձով պատ եմ տալիս, բայց ոչ երբեք` գալերեա: Գալերեայի գործունեությունը լուրջ ինստիտուտ է: Եթե ես պիտի տանեմ գործերս կախեմ գալերեայի պատին, բայց կապեր, համագործակցություն ես ստեղծեմ, ուրեմն` էլ ինչո՞ւ տանեմ: Պատը չի կարող գալերիստի գործն անել, նա պիտի անի: Իրենք սպասում են, որ դու ամեն ինչ անես, հաջողության հասնես, հետո ասեն` բարեւ Ձեզ, մենք ուզում ենք Ձեզ հետ աշխատել: