Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն կբացվի

21/10/2011

Հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոսության հիմնադրման 10-րդ, Իտալիայի Միասնության 150-րդ եւ Հայաստանի անկախության 20-րդ տարելիցին նվիրված, Գյումրիում (Աբովյան փող. 182) կկայանա Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի հիմնական նպատակն է` ստեղծել բարենպաստ միջավայր մշակութային փոխադարձ շփումների, մշակութային տարբեր ինքնությունների միջեւ ազատ երկխոսության ծավալման, փոխճանաչողության եւ փոխըմբռնման համար` հատկապես կարեւորելով Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաեւ` թուրքական մշակութային ինստիտուտների ընդգրկումը այս գործընթացում: Կենտրոնի այլ ծրագրերի մեջ են նաեւ տարբեր տիպի կրթական եւ մասնագիտական պատրաստությունը, լեզուների ուսուցումը, մտավորական տուրիզմի խթանումը եւ պատմամշակութային ժառանգության վերանորոգությունն ու վերարժեւորումը:

Պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն առաջին անգամ Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո: Մասնագիտությամբ բժիշկ լինելով` նա տարիներ շարունակ աշխատել է հիմնականում առողջապահության ոլորտում` ի գործ բերելով մայրության եւ մանկանց խնդիրներին վերաբերող ծրագրեր: Վերջին ժամանակներին նա ուշադրությունն առավել ուղղել է դեպի մասնագիտական պատրաստության բնագավառը` հատկապես տուրիզմի կազմակերպման եւ արհեստների (խեցեգործություն, գորգագործություն) խթանման գործում կայուն աշխատատեղերի ստեղծման մտահոգությամբ:

Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոնի հիմնադրումը ներգծվում է ավելի լայն ծրագրի շրջանակներում, որն է` Գյումրի պատմական կենտրոնի նյութական եւ հոգեւոր վերագնահատումը:

Բացման արարողության ընթացքում հյուպատոսը մամլո ասուլիս կհրավիրի: