Մեր տեղեկություններով, հայկական «Նաիրիտ» ընկերությունը գնելու մասին հետաքրքրություն է հայտնել ռուսական «Itera Development Group» ընկերությունը, որը մտնում է մեկ այլ խոշորագույն` «Itera» ընկերությունների միջազգային խմբի մեջ: Վերջինս, ի դեպ, «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտ 5 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն էր, որը 2008թ. վաճառեց «ՀայՌուսգազարդի» ամենախոշոր բաժնետիրոջը` «Գազպրոմին»: Այս տեղեկությունը հետաքրքիր է նախօրեին պաշտոնապես հրապարակված մեկ այլ տեղեկության համատեքստում: Ընդամենը 2 օր առաջ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Նաիրիտը» գնելու հետաքրքրություն է հայտնել լեհական մի խոշոր ընկերություն, որի հետ ներկայումս քննարկումներ են ընթանում: Այսինքն` ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը խանդով է վերաբերվել լեհական ընկերության հետ «Նաիրիտի» վաճառքի շուրջ բանակցություններին եւ անմիջապես մտել է «խաղի մեջ»: Ի դեպ, «Itera»-ի հետ կապված կա եւս մեկ հետաքրքիր հանգամանք: Այս ընկերության ղեկավար կազմում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը. նա համակարգում է «Itera»-ի զարգացման ուղղությունները, ինչպես նաեւ հանդիսանում է ընկերությունների խմբի կազմում ընդգրկված մեկ այլ` «Itera International Energy» ընկերության փոխնախագահը: Սա ուշագրավ է նրանով, որ 1998թ. հենց Գագիկ Մարտիրոսյանն է ստորագրել «Itera»-ի հետ «ՀայՌուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը ստեղծելու մասին պայմանագիրը: Արդեն հետագա տարիներին է «Գազպրոմը» աստիճանաբար ձեռք բերել «Itera»-ի` «ՀայՌուսգազարդում» ունեցած մասնաբաժինը: Մեր տեղեկություններով` «Itera»-ն, բացի «Նաիրիտից», հետաքրքրված է նաեւ Մոնումենտի այգում հայկական «Դիսնեյ Լենդի» կառուցապատման նախագծով: