ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին ասել է. «Ղարաբաղյան հիմնահարցը այսօրվա քննարկումների կարեւորագույն թեմաներից մեկն էր: Միացյալ Նահանգները շատ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում համանախագահի իր ստանձնած դերակատարությանը: Միանշանակորեն համոզված ենք, որ Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Միաժամանակ համոզված ենք, որ առկա ստատուս-քվոն չի կարող երկար պահպանվել»: Անդրադառնալով բանակցություններին, Ուիլյամ Բըրնսը հատուկ ընդգծել է, որ հաջորդ շաբաթ արդեն մեկնարկելու է Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը: «ԱՄՆ իշխանությունները` ամենաբարձր մակարդակով, աջակցում են Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացի ուժեղացմանն ու նորացմանը: Պաշտոնական Վաշինգտոնը կանի հնարավորը` Ղարաբաղյան հիմնահարցը շուտափույթ կերպով լուծելու համար»,- ասել է Բըրնսը:
Նշենք, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի` Բաքվում ունեցած բանակցությունների թեմաներից էին նաեւ Կասպյան ավազանի էներգետիկ խնդիրներն ու ժողովրդավարության վիճակն Ադրբեջանում: Անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության վիճակին, նա հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն դեռ լուրջ ձեռքբերումներ չի արձանագրել: «Մենք շարունակում ենք հավատացած մնալ, որ օրենքի իշխանությունը, մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքն ու ամուր ժողովրդավարական հաստատությունների ստեղծումը խորապես բխում են ադրբեջանական ժողովրդի շահերից։ Հստակ է, սակայն, որ այս առումով դեռ շատ անելիք կա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը հոկտեմբերի 16-20-ն իրականացնում է պաշտոնական այց տարածաշրջան, որի ընթացքում այցելելու է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: Երեկ նա ժամանել է Հայաստան: