Կառավարությունն՝ ընդդեմ ՀՀ տնտեսության

20/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը հարկային նոր փաթեթ է ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը, եւ այդ նախաձեռնությունը 2012թ. բյուջեում լրացուցիչ 101 մլրդ դրամի հարկային մուտքեր հավաքագրելուն օժանդակող փոփոխություններ է նախատեսում: Այդ փոփոխությունները հիմնականում ենթադրում են հարկային բեռի ավելացում:

Հիշեցնենք, որ Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը սենսացիոն թիվ հրապարակեց, թե այս տարվա բյուջեի համեմատ` հաջորդ տարվա բյուջեում հարկերը պետք է ավելանան շուրջ 100 մլրդ դրամով` մոտ 13 տոկոսով ավելի, քան այս տարի է նախատեսված հավաքագրել: Նախորդ տարիներին նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում հարկային մուտքերի նման ավելացում չի եղել: Սա բավականին հավակնոտ թիվ է Հայաստանի հարկային ոլորտի համար: Կառավարությունը որոշել է այդքան գումար ապահովել հիմնականում հարկային բեռն ավելացնելու ճանապարհով: Եվ ահա գործադիրը 2012թ. բյուջեին զուգահեռ` հարկային բեռն ավելացնող հարկային մի աննախադեպ փաթեթ է պատրաստել ու ուղարկել խորհրդարան: Մեր տեղեկություններով` այն նախատեսում է հարկերի, տուրքերի, ստուգումների, բնապահպանական վճարների ոլորտների մոտ 16 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծեր: Այդ փաթեթը ԱԺ-ում դեռ պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, այն քննարկվում է աշխատանքային տարբերակով, եւ որոշակի փոփոխություններ կատարելուց հետո նոր կընդգրկվի նիստերի օրակարգում: Ոչ խորհրդարանից, ոչ էլ կառավարությունից հնարավոր չեղավ այդ օրինագծերին մանրամասն ծանոթանալ, երկուստեք այն գերգաղտնի վիճակում են պահում` պատճառաբանելով, թե օրինագծերը դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել: Այնուամենայնիվ մեզ հաջողվեց պարզել մի քանի փոփոխություններ կամ թե հարկային բեռի ավելացման մի քանի օրինակներ, որոնք բավականին տպավորիչ են: Օրինակ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունը նախատեսում է նվազագույն 7000 դրամ սոցապ վճարը դարձնել 9000 դրամ: Իսկ 100.000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում գործող 19.000 դրամը դարձնել 21.000 դրամ եւ դրան գումարած` այդ 100.000-ից բարձր մասի 20 տոկոսը: Ընդհանուր առմամբ, այս հարկատեսակի գծով առաջարկվում է մոտ 30 տոկոս բարձրացում: Հավանաբար այս բարձրացման շնորհիվ 2012թ. բյուջեում այս հարկատեսակի մասով Կառավարությունը նախատեսել է այս տարվա մոտ 123,4 մլրդ դրամի փոխարեն` 142,1 մլրդ դրամ` 18,7 մլրդ դրամ ավելի հավաքագրել:

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկում է 50 տոկոսով բարձրացնել տեղական արտադրության գինու եւ գարեջրի ակցիզային հարկը: Սա նշանակում է, որ արտադրվող այս ապրանքների գները գրեթե կհավասարվեն ներմուծվող նույն ապրանքներին: Իսկ սա իր հերթին` նշանակում է` ոչ միայն ոչնչացնել տեղական արտադրությունն այդ ոլորտներում, այլ զուգահեռ` ոչնչացնել նաեւ այդ արտադրությունը սպասարկող գյուղատնտեսական ճյուղերը: Օրինակ, ակցիզային հարկի բարձրացումից հետո եթե տեղական գարեջրի ու գինու արժեքը հավասարվի կամ անցնի ներմուծվողից, այդ դեպքում ոչ միայն Հայաստանում անիմաստ կլինի դրանք արտադրելը, այլ նաեւ վտանգի տակ կլինի գինու արտադրմանն ուղղված խաղողի սպառումը: Եվ միայն ենթադրել կարելի է, թե այս հարկատեսակի բարձրացման պարագայում քանի մարդ գործազուրկ կդառնա:

Շարունակենք, հարկային բեռի ավելացում է նախատեսվում նաեւ «Հաստատագրված հարկերի մասին» օրենքում, որտեղ նախատեսված է բարձրացնել հասարակական սննդի օբյեկտների, խաղատների եւ գազալցման կայանների հաստատագրված հարկը: Օրինակ, տարեկան 1,8 խ/մ գազ իրացնող գազալցակայանների համար 6 մլն դրամ հաստատագրված հարկը նախատեսվում է դարձնել 10 մլն դրամ: Նախատեսվում է ավելացնել 200-ից ավելի ձիաուժ ունեցող մեքենաների շքեղության հարկը, հանքային ոլորտում` բնապահպանական վճարները: Հարկային բեռի ավելացում նախատեսված է եկամտահարկի, շահութահարկի, պետտուրքի եւ լիցենզավորման ենթակա որոշ բիզնեսների համար, բանկային գործունեության ոլորտում: Որոշվել է չեղյալ համարել հարկային որոշակի արտոնությունների տրամադրումը, կամ` 10 տոկոս մաքսավճար սահմանել այնպիսի ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում, որոնք մինչ այժմ զրոյական մաքսավճարի ռեժիմում են եղել: Թվարկված այս փոփոխությունները կառավարության առաջարկած` հարկային բեռի բարձրացման մի մասն են ընդամենը: Մի խոսքով, Կառավարությունը որոշել է աննախադեպ` մինչ այժմ չկիրառված չափով ավելացնել հարկային բեռը: Այն դեպքում, երբ թվարկած յուրաքանչյուր հարկատեսակի բարձրացումն ինքնին տվյալ ոլորտի համար կարող է ճակատագրական լինել` հանգեցնելով նաեւ տնտեսական իրադրության վատթարացմանը: Ու եթե կառավարությունն այս փաթեթն առանց լուրջ փոփոխությունների ներկայացնի ԱԺ, եւ վերջինս այն ընդունի, դա կլինի ական` դրված Հայաստանի տնտեսության տակ:

Հիշեցնենք նաեւ, որ Կառավարության նույն նիստի ժամանակ վարչապետ Տ.Սարգսյանը հայտարարել էր Համախառն ներքին արդյունքի համեմատ հարկերի 0,6 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե դա իրականություն դառնա, ապա եկող տարեվերջին ՀՆԱ/Հարկեր հարաբերակցությունը կլինի 17,3` այս տարվա նախատեսված մոտ 16,8-ի համեմատ: Ավելացնենք, որ ՀՆԱ/հարկեր ցուցանիշի թե 16,8, թե 17,7, եթե հաջողվի` 18,3 տոկոսն էլ բավականին ցածր ցուցանիշ են: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում այն մոտ 25 տոկոս է, այդքան է նույնիսկ Լեռնային Ղարաբաղում: Երկրներ կան, որ այդ ցուցանիշն անցնում է 40 տոկոսը: Այդ ցուցանիշի բարձր արժեքը վկայում է ստվերային տնտեսության փոքր ծավալի մասին եւ հակառակը: Շատերի կողմից հնչեցվող տեսակետների համաձայն` Հայաստանում ստվերային տնտեսությունը հասնում է 50-60 տոկոսի: Տ.Սարգսյանը նաեւ հայտարարել էր, թե հարկային վարչարարության, այս դեպքում` նույնն է թե` ստվերի կրճատման պարագայում հնարավոր կլինի 101 միլիարդից ընդամենը 10-15 միլիարդն ապահովել: Եվ հիմա իշխանությունները ստվերը կրճատելու փոխարեն, բյուջեն ավելացնելու համար որոշել են հարկային բեռը բարձրացնել: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հարկայինի թրի տակ մնում է փոքր ու միջին բիզնեսը: Ինչպես միշտ` նախընտրական այս տարում նույնպես խոշոր բիզնեսը կպահպանի իր ստվերային շրջանառությունը: Չէ՞ որ հիմնականում խոշոր բիզնեսն է ապահովում ընտրություններին սպասարկող ստվերային ահռելի գումարները: Նշենք, որ հարկային այս փաթեթի առնչությամբ թեեւ պատասխանատուները հայտարարում են, որ կոնկրետ հարկատեսակների ավելացումը վերաբերելու է հիմնականում խոշոր բիզնեսին, այնուամենայնիվ փորձը ցույց է տվել, որ իշխանությունների նման հավաստիացումները մնացել են որպես գեղեցիկ խոսքեր: Հակառակ դեպքում ՀՆԱ/հարկեր ցուցանիշը երկար տարիներ չէր մնա նման խղճուկ մակարդակի վրա: Եվ եթե իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն` այդ թիվն ընդամենը 3 տոկոսային կետով բարձրացնեն ու հասցնեն գոնե 20-ի, ապա 2012թ. ծրագրված ավելի քան 4.2 տրիլիոն ՀՆԱ-ի դեպքում, առանց հարկային բեռի նման ավելացման, նախատեսված 101 մլրդ դրամի մոտ 90 տոկոսը կապահովվի:

Ավելացնենք նաեւ, որ երեկ մեզ չհաջողվեց թե կառավարության, թե ԱԺ համապատասխան պաշտոնյաներից որեւէ մեկնաբանություն ստանալ հարկային այս փաթեթի առնչությամբ: Բոլորը խուսափում են` պատճառաբանելով, թե այդ օրենսդրական նախաձեռնությունը դեռ նախնական փուլում է: