Քաշվում ես դու, շահում է պետությունը

20/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հաջորդ տարվա բյուջեն շարունակում է մնալ նորությունների եւ քննարկումների անսպառ աղբյուր։ Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է շուրջ 101 միլիարդ դրամով ավելացնել հարկային մուտքերը։ Մասնավորապես, 82.2 միլիարդով ավելանալու են հարկային եկամուտներն ու տուրքերը, 18.6 միլիարդով՝ պարտադիր սոցապ վճարները։ Ինչի՞ հաշվին պետք է լիներ այս ավելացումը։ Վարչապետն ամսվա սկզբին մի թեթեւ բացել էր փակագծերը, նշելով, որ հարկային մուտքերը կավելանան վարչարարության եւ տնտեսական աճի հաշվին։ ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կայքում տեղադրել է 2012թ. բյուջեի ամփոփ նկարագիրը, որտեղ փակագծերը մի քիչ ավելի շատ են բացվում։ «Նախորդ տարիների հավաքագրման եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների հիման վրա հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2012 թվականի համար ծրագրվել են 692.6 մլրդ դրամի չափով: Օրենսդրական փոփոխությունների եւ վարչարարական միջոցառումների իրականացումից 2012 թվականին ակնկալվում է հավաքագրել 39.7 մլրդ դրամ»,- նշված է փաստաթղթում։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա համար 82.2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկերից (առանց սոցվճարների) 42.6 միլիարդը, ինչպես համոզված են մեր պաշտոնյաները, հնարավոր կլինի հավաքել միայն տնտեսական աճի արդյունքում, իսկ մնացած 39.7 միլիարդը՝ արդեն վարչարարության ու օրենսդրության փոփոխությունների (ասել է թե` դրույքաչափերի բարձրացման) միջոցով։ Սոցվճարների ավելացման մասին որեւէ մանրամասն պարզաբանում չկա։ Սակայն հաշվի առնելով, որ տնտեսության իրական աճը հաջորդ տարվա համար նախատեսված է 4.2%, իսկ սոցվճարների աճը՝ 15%, կարելի է եզրակացնել, որ այս դեպքում եւս դիմելու են վարչարարության կոշտացմանն ու դրույքաչափերի բարձրացմանը։ Ի դեպ, մեր թերթի նախորդ համարում տեղ գտած այն տեղեկությունը, որ կառավարությունը նախապատրաստել է որոշ հարկային դրույքաչափերի բարձրացում, անուղղակիորեն հաստատել է նաեւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա, մասնավորապես, չի բացառել ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, սակայն դա համարել էր ոչ թե դրույքաչափի փոփոխություն, այլ ճշգրտում։ Մեր թերթի այս համարում տեղ գտած մեկ այլ հրապարակման մեջ կարող եք կարդալ այն փոփոխությունների մասին, որոնք հավանաբար շուտով կներկայացվեն ԱԺ-ի հաստատմանը։

Ինչո՞ւ հավաքել ավելի շատ

Այս հարցը հնչում է արդեն մեկ ամիս, սակայն սպառիչ պատասխան այդպես էլ չկա։ Հայաստանը դեռ չի վերադարձել իր նախաճգնաժամային ցուցանիշներին, եւ նման պայմաններում հարկային բեռի ավելացումը շատերն անթույլատրելի են համարում։ Կառավարությունը փորձում է դա հիմնավորել թոշակների եւ նպաստների բարձրացմամբ։ Այսինքն՝ փորձ է արվում բնակչությանը համոզել, որ 101 միլիարդ դրամով հարկերն ավելացնելն արվում է առաջին հերթին նրա համար, որ թոշակը բարձրանա… 2500 դրամով։ «//////////////////»,- ասում են ռուսները։ Բարեբախտաբար, տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս 5 րոպեում ստանալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը եւ ինքնուրույն համեմատություններ անել։

Ինչպես նշված է ԱԺ կայքում տեղադրված է 2012թ. բյուջեի ամփոփ նկարագրում՝ սոցիալական ոլորտի ծախսերը 2011թ. համեմատ 2012-ին աճելու են 35.3 միլիարդ դրամով՝ կազմելով 303.7 միլիարդ դրամ։ Օրինակ՝ «Ծերություն» կոչվող հոդվածով (որի մեջ մտնում են նաեւ տարեցներին տրամադրվող աշխատանքային, սոցիալական կենսաթոշակները) 2012-ին հատկացվելու է ընդհանուր առմամբ 205.4 միլիարդ դրամ։ Դա ընդամենը 6.7 միլիարդով է գերազանցում 2011-ի ցուցանիշը։ Ընդ որում, եթե կենսաթոշակների համար 10% բարձրացում է նախատեսված, ապա գործազրկության, կամ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դեպքում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Կոնկրետ «Գործազրկության նպաստ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 4503.6 մլն դրամ՝ 375.2 մլն դրամով պակաս, քան 2011 թվականին էր։ Թե ինչո՞ւ՝ չի նշվում։ Երեւի համոզված են, որ գործազուրկների թիվը կնվազի։ Էական չէ՝ արտագաղթի ճանապարհո՞վ, թե՞ աշխատանքի տեղավորման։

Բյուջեի ամփոփ նկարագրում կան նաեւ տարակուսանք առաջացնող կանխատեսումներ։ Օրինակ` այս մեկը՝ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում 113.1 մլն դրամի չափով: Ծախսերի նվազումը պայմանավորված է կանխատեսվող նպաստառուների թվի պակասմամբ 377 մարդով, որից 3-րդ եւ ավելի երեխաների մասով` 248 մարդով, պահպանելով 2011թ. պետական բյուջեով նախատեսված նպաստի չափերը` 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում` 50.0 հազ. դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում` 430.0 հազ.»։ Սա հետաքրքիր է երկու առումով։ Նախ՝ փայլուն տեսլականների մասին խոսելուն զուգահեռ՝ կառավարությունը խոստովանում է, որ սպասվում է ծնելիության նվազում։ Եվ երկրորդ՝ կառավարությունում շատ կոնկրետ (ոչ թե կլորացնելով) կանխատեսել են, թե հաջորդ տարի որքանով պակաս երեխա կծնվի, եւ մասնավորապես՝ 3-րդ եւ ավելի երեխաների ծնունդների թիվը որքանով կպակասի։ Այնպիսի տպավորություն է, որ փաստաթուղթը մշակվել է ոչ թե կառավարությունում, այլ ընտանիքի պլանավորման կենտրոնում։

Ինչեւէ: Կառավարությունը սոցիալական ոլորտին հատկացնելու է 35.3 միլիարդ դրամով ավելի շատ գումար։ Առաջին հայացքից ուրախալի թիվ է։ Սակայն, երբ հիշում ենք, որ դրա դիմաց մենք բոլորս, այդ թվում` նույն թոշակառուները, վճարելու են 3 անգամ ավելի շատ գումար՝ 101 միլիարդ, ապա ուրախանալու բոլոր առիթները վերանում են։ Նման դեպքում ասել, որ հարկերի աճն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, մեղմ ասած, անընդունելի է։

Շահողներն ու տուժողները

Միգուցե ոմանք շտապեն ասել, որ 101 միլիարդ դրամը հավաքվելու է ոչ թե սոցիալապես անապահով խավից, այլ բիզնեսից։ Ընդ որում, ոչ թե փոքր բիզնեսից, այլ խոշորներից։ Սակայն իրականում այնքան էլ էական չէ, թե հարկերի աճը ում ուսերին է ծանրանալու՝ փոքրերի՞, թե՞ մեծերի, որովհետեւ այն իրականում ծանրանալու է բոլորիս՝ սպառողներիս ուսերին։ Պարզաբանենք։ Ի՞նչ արդյունք է ունենալու ակցիզային հարկի բարձրացումը, կամ, ինչպես Ֆիննախում են նախընտրում, ճշգրտումը։ Ակցիզային հարկը ոչ այլ ինչ է, քան ապրանքի գնի «վերադիր», որն անմիջապես գնում է բյուջե։ Նման հարկերը (ինչպես, օրինակ, ավելացված արժեքի հարկը) կոչվում են անուղղակի հարկեր, որոնց բեռը վերջին հաշվով ընկնում է վերջնական սպառողի ուսերին։ Այսինքն՝ բոլորիս, այդ թվում՝ խանութից էժանագին ծխախոտ գնող թոշակառուի ուսերին։ Ընդ որում, ծխախոտի հարկի բարձրացումը կարող է բերել նրան, որ ծխող թոշակառուին չբավականացնի անգամ իր թոշակի բարձրացումը 2500 դրամով։

Խոսքը միայն անուղղակի հարկերին չի վերաբերում։ Օրինակ, եթե բարձրացվեց սոցվճարի դրույքաչափը, ապա դա անմիջապես արտացոլվելու է մատուցվող ապրանք-ծառայության գնի մեջ (բնականաբար՝ թանկացման տեսքով)։ Կապ չունի՝ խոսքը խոշո՞ր ընկերության մասին է, թե՞ փոքրիկ կրպակի։ Նույն հետեւանքն է լինելու վարչարարության կոշտացման պարագայում։

Այսինքն՝ հարկային բեռի ուժեղացումը ու «ստվերի կրճատում կոչվածը» ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծելու բիզնեսի համար, այլեւ նպաստելու է գների բարձրացմանը։ Ի դեպ, ըստ 2012թ. պետբյուջեի ամփոփ նկարագրի, 2012թ. վերջին կանխատեսվում է 4.1% գնաճ։ Թե ինչպես են ապահովելու այդ ցուցանիշի կատարումը, ցույց կտա ժամանակը։

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշվեց 101 միլիարդով ավելի շատ հարկ հավաքել, եթե անգամ կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է, որ դա չափազանց դժվար է լինելու։ Օգուտն էլ, մեղմ ասած, շոշափելի չէ։ Կարելի է շատ պատճառներ նշել։ Հենց թեկուզ այն, որ եթե 2011թ. Հայաստանի միայն արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվելու է 103 միլիոն դոլար, ապա հաջորդ տարի՝ 265.3 միլիոն։ Կամ թեկուզ այն, որ միջազգային կառույցների համոզմամբ, մեր երկիրն ունի հարկերի հավաքագրումն ավելացնելու մեծ պոտենցիալ եւ պետք է օգտագործի այդ պոտենցիալը։ Իսկ անտեսել նրանց կարծիքը մենք, իհարկե, չենք կարող։

Խնդիրն այն չէ, որ շատ հարկ հավաքելն անցանկալի երեւույթ է, կամ՝ անհնար է։ Հակառակը՝ Հայաստանը, ունենալով շատ մեծ ստվերային դաշտ, հարկերի ծավալը ավելացնելու մեծ պոտենցիալ ունի։ 16-17% հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը շատ փոքր է, այդ ցուցանիշով զիջում ենք ոչ միայն զարգացած երկրներին, այլ նաեւ տարածաշրջանի մեր հարեւաններին։

Խնդիրն այն է, որ դա պետք է անել մտածված, սահուն, անցնցում, առանց վնաս հասցնելու անապահով խավին եւ բիզնեսին։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ նախ պետք է շահել հասարակության վստահությունը։ Հարկատուն պետք է իմանա՝ ինչի համար է հարկ վճարում, ուր են գնում իր վճարած հարկերը, եւ պետք է վստահ լինի, որ դրանք մինչեւ վերջին կոպեկը ծախսվում են՝ ի շահ պետության։ Հակառակ դեպքում պետության անգամ ամենակոշտ քայլերը արդյունք չեն տա։