Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել Ձեզ` այն մասնակցության համար, որ Դուք բերեցիք Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրականացնելու հոկտեմբերի 6-ին եւ 7-ին: Ես գիտեմ, թե Դուք ինչ կարեւորություն եք տալիս Ֆրանսիային, ուր Դուք երկար ծառայել եք` որպես ՀՀ դեսպան, եւ թե ինչ բացառիկ նպաստ եք բերել մեր երկու երկրների բարեկամական կապերի էլ ավելի սերտացմանը: Ձեզ շնորհված Պատվո Լեգեոնի Բարձրագույն Սպայի կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը, որի մասին հատուկ ընդգծում էինք նախագահ Սարգսյանն ու ես թե՛ Փարիզում, թե՛ Երեւանում, չլինի սոսկ խոսք: Համոզված եղեք, որ այն փոխվստահությունը, որ իբրեւ արտաքին գործերի նախարար` հաղորդել եք Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին, կհանդիսանա, անկասկած, ամենահաստատուն երաշխիքը, որպեսզի կոնկրետ գործերի վերածվեն ինչպես այն հեռանկարները, որոնք ուղենշվել են նախագահ Սարգսյանի հետ նախ` Փարիզում, ապա` Երեւանում կայացած զրույցների ընթացքում, այնպես էլ համագործակցության այն պայմանավորվածությունները, որ Դուք ձեռք եք բերել պետական այցիս ընթացքում ինձ ուղեկցող նախարարների հետ: Մաղթում եմ Հայաստանին խաղաղ ու բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, եւ թող հայ դիվանագիտության ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի ամենայն հաջողությամբ, որին այն իրավամբ արժանի է»: