Անցել է գրեթե մեկ դար, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակաբար վարկաբեկվում է Հայոց ցեղասպանությունը համառորեն մերժելու համար:
Հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտեց Թուրքիային` հայտարարելով, որ 96 տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի Անկարան հաշվի նստի իր կատարած ցեղասպանական արարքների հետ: Նա նաեւ սպառնաց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրենք ընդունել, եթե Թուրքիան մոտ ապագայում չճանաչի ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ողջամիտ խորհրդին հետեւելու փոխարեն, Թուրքիայի ղեկավարները հակադարձեցին` հարձակվելով նրա վրա եւ նախատելով նրա երկիրը: Ահա թուրք ժխտողականների կողմից արված որոշ հայտարարություններ.
Վարչապետ Էրդողան. «Սարկոզին լավ կանի ինքն իր խորհրդին հետեւի: Նա տարբեր է Ֆրանսիայում, տարբեր է Հայաստանում եւ առավել տարբեր` Թուրքիայում: Քաղաքական առաջնորդը չպետք է երկերեսանի լինի: Քաղաքականությունը ազնվություն է պահանջում: Դուք պետք է իմանաք, որ Թուրքիան այն փոքրիկ պատառը չէ, որ հեշտությամբ կարելի է կուլ տալ»:
ԱԳ Դավութօղլու. «Ֆրանսիան պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ: Ես նման ակնարկները համարում եմ քաղաքական օպորտունիզմ»:
Թուրքիայի` Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշ. «Եթե Սարկոզին պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն աշխատեր դուրս բերել իր երկիրը տնտեսական տագնապից, ավելի մեծ օգուտ կտար ինչպես Ֆրանսիային, այնպես էլ Եվրոպային»:
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելի. «Ֆրանսիայի նախագահը «կոպիտ եւ վատ դաստիարակված» մարդ է: Մեր խորհուրդն է Սարկոզիին, որ եթե նա ցանկանում է տեսնել ցեղասպանության օրինակ, ապա պետք է ետ նայի իր պատմությանը: Նա հստակ կտեսնի Ալժիրում իրականացված բարբարոսությունները եւ կնկատի բացահայտ եւ թաքուն ջարդերը Հյուսիսային Աֆրիկայում»:
Թուրքիայի հարձակումները շարունակվեցին անցյալ շաբաթ Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի առջեւ ցույցերով, որտեղ ցուցարարները բռնել էին Ադոլֆ Հիտլերի բեղերով պատկերված Սարկոզիի դիմանկարը, եւ Ֆրանսիայի կողմից Ալժիրյան պատերազմում կատարված ենթադրյալ հանցագործությունների ուղղությամբ արված ամբաստանություններով:
Զարմանալիորեն, Թուրքիայի պաշտոնատարները սահմանափակվեցին նախագահ Սարկոզիի հայտարարությունների վերաբերյալ միայն մեղադրական բառեր հնչեցնելով: Բացակայում էին արդեն սովորական դարձած Թուրքիայի դեսպանի հետկանչի եւ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու սպառնալիքները: Հաչան շունը կծան չի լինում:
Ֆրանսիայի նախագահը հանգիստ ընդունեց թուրքական պոռթկումները: Փարիզ վերադառնալուն պես, նա նամակ ուղարկեց նախագահ Սերժ Սարգսյանին, վերահաստատելով Հայաստանում իր կողմից արված հայտարարությունները. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնարարությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղած ձեւով չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»: Նախագահ Սարկոզին շարունակեց իր խոսքն` ասելով, որ` «իմ պետական այցից նախ եւ առաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915թ. ապրիլի 24-ին ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս»: Երբ Ֆրանսիայի նախագահը լսեց իր հայտարարությունների կապակցությամբ Թուրքիայի կատաղի արձագանքը, ասաց իր օգնականներին, որ ինքը չի զղջում. «Թուրքերը միշտ ատել են ինձ, դա խնդիր չէ»:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի խորհրդարանականներից ոմանք վրդովվել էին` լսելով, որ վարչապետ Էրդողանը մեղադրել է նախագահ Սարկոզիին` երկերեսանի լինելու մեջ: Նրանք Թուրքիայի ղեկավարի վիրավորական բառերն ընդունեցին հեգնական բացականչություններով Ֆրանսիայի խորհրդարանում:
Նախկին դեսպան Օմեր Էնգին Լութեմն իր մտահոգությունը հայտնեց, որ եթե Ֆրանսիան արգելի Հայոց ցեղասպանության հերքումը, այլ եվրոպական երկրներ կհետեւեն նրա օրինակին: Նա զգուշացրեց Թուրքիայի հանրությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրադարձությունների նման զարգացումը կդառնա հայերի մեծ հաղթանակը:
Թուրքիայի` մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Մուրադ Բելգեն բացասաբար ընդունեց իր երկրի ղեկավարների արձագանքը: Նա խիզախորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ «Մենք` թուրքերս, լավ մարդիկ ենք, մենք չենք սպանում կամ ցեղասպանություն չենք գործում»: Նման հայտարարությունները «զրպարտություն» են` նշեց Բելգեն:
Մեկ այլ ականավոր թուրք մտավորական եւ մեկնաբան` Ահմեդ Ինսելը, կշտամբեց վարչապետ Էրդողանին այն խոսքերի համար, որ նախագահ Սարկոզին պետք է նայի Ֆրանսիայի գաղութատիրական անցյալին: Ինսելին հետաքրքրում է, թե արդյո՞ք Էրդողանն իսկապես կընդուներ Հայոց ցեղասպանության փաստը, եթե Ֆրանսիան ընդուներ իր սեփական պատմությունը: Եվ ի՞նչ կաներ Թուրքիան, եթե միեւնույն առաջարկները հնչեին մի երկրի կողմից, ով չունի պատմության մութ էջեր: Ինսելը նկատեց, որ սա միեւնույն վարչապետն է, ով հայտարարում էր, որ օսմանյան բոլոր արխիվները բաց են, այնինչ նրա կառավարությունն արգելում է այս փաստաթղթերի տեղադրումն ինտերնետային կայքում:
Ինչպես իրանցի մի դիվանագետ վերջերս նշել էր. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է` կախված Թուրքիայի գլխին»: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր