«Նուշիկյան» ընկերությունը դիմել է Վարչական դատարան` բողոքարկելու Երեւանի քաղաքապետի` գովազդային վահանակներն ապամոնտաժելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանի քաղաքապետարանն ապամոնտաժել էր 7 կազմակերպության, այդ թվում` «Նուշիկյան» ընկերության գովազդային վահանակները: Ընկերությունը Երեւանում ունի մոտ 250 գովազդային վահանակ, որոնցից 14-ը ապամոնտաժվել են: «Ա1+»-ի հետ զրույցում «Նուշիկյան» ընկերության նախագահ Գարեգին Նուշիկյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի` ապամոնտաժման պատճառաբանություններից մեկը եղել է այն, որ գովազդային վահանակները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ հարիր չեն մեր քաղաքի էսթետիկական տեսքին. փակում են Մատենադարանը: «Սակայն ես այնքան էլ համամիտ չեմ դրա հետ, քանի որ աշխարհի ցանկացած զարգացած երկրի մայրաքաղաքում կան այն նույն վահանակներից, որոնք առկա են Երեւանում»,- նշել է Գ. Նուշիկյանը: Երեւանի քաղաքապետարանի մյուս պատճառաբանությունն էլ այն էր, թե ընկերությունը վահանակների համար չունի հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ պարոն Նուշիկյանն ընդգծեց, որ ոչ մի կազմակերպություն էլ չունի: «Բազմիցս դիմել ենք պետական բոլոր պատկան մարմիններին, խնդրել կնքել պայմանագիր, սակայն մեզ պատասխանել են, որ հողի վարձակալության վերջնական սակագներ դեռ չկան»,- հակադարձել է Գ. Նուշիկյանը` ավելացնելով, թե նախկին սակագներով 1 քառ. մետրի տարեկան վճարը եղել է 1000 դրամ: Վահանակները զբաղեցնում են ընդամենը 4 քառ. մետր տարածք եւ ամեն մի վահանակի համար տարեկան մայրաքաղաքային եւ պետական բյուջե է մուտքագրվում 2,5 մլն դրամ: «Դա ակնհայտ խոսում է այն մասին, որ մենք չենք խուսափել այդ 4000 դրամը վճարելուց, խնդիրն այս դեպքում այլ հարթությունում է»,- նկատել է նա: Գարեգին Նուշիկյանի խոսքով` ինքը դեմ չէ մայրաքաղաքային բարեփոխումներին, սակայն անհասկանալի է քաղաքապետարանի հապշտապ, գիշերով կատարած ապամոնտաժումը: «Համենայնդեպս, մեր կազմակերպությունը նման մոտեցման արժանի չէր. մենք խոշոր հարկատու ենք, 16 տարի համագործակցել ենք քաղաքապետարանի հետ: Կարծում եմ` գործընկերոջ հետ նման կերպ չեն վարվում»,- դժգոհել է Գ. Նուշիկյանը: Նրա խոսքով` իրենք Երեւանի քաղաքապետարանին առաջարկել են վահանակները ապամոնտաժել հունվար-փետրվարին, որպեսզի վերջինս հասցնի գովազդատուների նկատմամբ կատարել պայմանագրային պարտավորությունները, սակայն ապարդյուն: Գարեգին Նուշիկյանը նշել է, որ ընկերության տարիների աշխատանքը ցույց է տվել, որ երկրի ու քաղաքի համար սրտացավ կազմակերպություն է եւ բոլորովին չի ցանկանում հավատալ, որ այս ամենի ետեւում վատ միտում կա. «Դեռ 1996-ին, այդ ծանր տարիներին, մենք բարեգործական նկատառումներով 15 նստարաններ տեղադրեցինք մայրաքաղաքում եւ փորձել ենք ամեն ինչ անել ի նպաստ երկրի առաջընթացի: Հիմա ստացվում է` մեր սեփականությունը պաշտպանված չէ այս քաղաքում, ու դա կարող է վատ նախադեպ լինել մյուսների համար»: Երեկ Երեւանի քաղաքապետարանը խնդրի առնչությամբ ոչ մի պարզաբանում չի տվել: Քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության պետն «Ա1+»-ին փոխանցել է, թե իրենք պաշտոնական պատասխան կհնչեցնեն դատարանում: