Այսօր քաղաքացիներին իրենց բնակարանից վտարում են ոչ միայն Երեւանում, այլեւ` Գյումրում: Երեկ մի խումբ գյումրեցիներ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ավելի քան 30 տարի բնակվում են Գյումրիի Անկախության հրապարակում գտնվող նախկին փոստատան շենքի մի մասում: Նրանց պատմելով, 2002 թ. Գյումրիի նախկին փոստատան շենքը, որ երկրաշարժից հետո վթարային էր դարձել, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանն անհատույց կարգով նվիրել էր «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Վերջինս էլ, արդեն 4 տարի է, պահանջում է այդ շենքում բնակվող 7 ընտանիքներին ազատել տարածքը: «Պրոգրեսի» անամոթ ռեկտորը գողացել է մեր բնակարանների վկայագրերը, դարձրել իր անունով, 4 տարի է` դատարանների, վտարումների մեջ ենք. անօգուտ: Դատարանները մեզ նույնիսկ ձայնի իրավունք չեն տալիս»,- լացակումած ասում էր Արեւհատ Պողոսյանը: Դեռ 1,5 տարի առաջ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռ. Խաչատրյանն այդ շենքում բնակվող 7 ընտանիքների հետ ի վերջո հաշտության եզրեր է գտել ու համաձայնել նրանց տարածքի դիմաց, որպես փոխհատուցում, որոշ գումար տալ: Սակայն, ինչպես ասում են բողոքավորները, ռեկտորը հետո իր խոսքերից ետ է կանգնել: Իսկ 8-րդ դասարանի աշակերտուհի Աննա Թումանյանն էլ երեկ կառավարության շենքի իր հարեւաններին կոչ էր անում. «Էս երկրում սաղ կաշառված են, էլ ճար չկա, կամ նստացույց ենք անելու, կամ էլ գնալու ենք սահմանի մոտ, թուրքերին հանձնվենք: Ոնց եմ զզվում էս կաշառակեր պետությունից»: Երեկ բողոքավորներին հանդիպեց ՀՀ կառավարության Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Սակայն ընդամենը մի քանի բառ փոխանակելուց հետո վերջինս ուղղակի փախավ գյումրեցիներից: Բողոքավորները պատրաստվում են նստացույցի։ Ի դեպ, նշենք, որ Ֆելիքս Փիրումյանը Ռ. Խաչատրյանի քավորն է: