Նոր դատավորներ

18/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Այդ հրամանագրով դատավորներ են դարձել նաեւ որոշ պաշտոնյաների որդիներ: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության այլեւս քննիչ Դավիթ Հարությունյանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանը, նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նույն հրամանագրով Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Կարինե Ղազարյանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Էդուարդ Ամալյանը` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռուբեն Բունիաթյանը` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Գայանե Խաչատրյանը` Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Լիլիթ Խաչատրյանը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արթուր Մարգարյանը` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արմեն Չիչոյանը` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: