Անցած կիրակի օրը հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել մարդու մահվան ելքով: Հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են «BMW X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որում եղել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երեւանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ: Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սեւ պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ եւ մեկ կրակված պարկուճ: Ոստիկանությունն անմիջապես հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Կոտայքի Մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով: Բոլորին ցնցած այս միջադեպը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել, այդ թվում` սոցիալական ցանցերում: Գրեթե բոլորի մոտ կասկած էր հարուցել այն շտապողականությունը, որով իրավապահները կատարվածը որակել էին` որպես «ինքնասպանություն»: Նախ` չափազանց կասկածելի էր նման հաջողակ գործարարի` ինքնասպանության դիմելու հնարավորությունն ինքնին: Բացի այդ, Ա. Պետրոսյանի լուսանկարների նույնիսկ ոչ մասնագիտական ուսումնասիրությունը գրեթե անհնարին է դարձնում ինքնասպանության հնարավորությունը տեխնիկապես: Ա. Պետրոսյանն ընկերությունը տնօրինում էր հոր մահվանից հետո: Նրանց ընտանեկան բիզնեսը ցանցային լայն տարածում ունի Հայաստանում: Ավելին, Ա. Պետրոսյանը բիզնեսներն ընդլայնել էր Դուբայում, Մալայզիայում, որտեղ նա ուներ նաեւ անշարժ գույք եւ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Այսօր տեղի կունենա Ա. Պետրոսյանի հուղարկավորության արարողությունը: