ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ` Լիբիի հետ երեկ Երեւանում առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Մինչ այդ առավոտյան նա իր հավատարմագրերն էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանդիպել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջ.Հեֆերնի թեկնածությունը ԱՄՆ Սենատը հաստատել էր սեպտեմբերի վերջին: Իսկ Սենատում իր թեկնածության քննարկման ժամանակ Հեֆերնը իր նախորդների նման խուսափել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը եւ փոխարենն ասել էր, թե ճանաչում է 1915թ. «հայերի զանգվածային սպանդը»` որակումների հարցը թողնելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայեցողությանը, որը ձեւավորում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Իսկ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոր դեսպանը հայտարարեց, որ իրենց նպատակն է խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը երեք հիմնական հարցերի շուրջ: «Առաջին ոլորտն, անշուշտ, տարածաշրջանային համագործակցությունն է, տարածաշրջանային ինտեգրումը: Երկրորդը տնտեսական ոլորտն է, որտեղ երկկողմ առեւտրի եւ ներդրումների միջոցով մեր կապերի ամրապնդման ենք ձգտում: Երրորդը քաղաքական ոլորտում աշխատանքն է: Հուսով ենք եւ աշխատում ենք այդ ոլորտում, որպեսզի 2012 եւ 2013 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրությունները լինեն լավագույն ընտրությունները եւ համապատասխանեն միջազգային չափանիշներին»,- հայտարարեց դեսպանը: Նա նաեւ հիշեցրեց, որ այս շաբաթ ՀՀ են այցելելու ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` նախ` պետքարտուղարի տեղակալ, սպառազինությունների վերահսկման հարցով պատասխանատու Ռոզա Գոթմելերը եւ պետքարտուղարի առաջին տեղակալ Վիլյամ Բըրնսը: Լրագրողների հարցերին պատասխանելիս` դեսպանն անդրադարձավ նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման, ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խնդրի խաղաղ կարգավորմանը, մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում եւ աշխատում ենք խնդրում ներգրավված երկրների հետ: Եղել են հանդիպումներ, առաջիկայում նոր հանդիպումներ եւս կլինեն: Կրկին ուզում եմ նշել, որ մենք հետամուտ կլինենք խնդրի խաղաղ կարգավորմանը եւ շարունակելու ենք աշխատել Մինսկի խմբի շրջանակում»: Ջ.Հեֆերնը հայտնեց, որ ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին ծանոթացել է միայն վերջին 2 ամիսների ընթացքում, երբ պատրաստվում էր Սենատում իր թեկնածության հաստատման համար նախատեսվող լսումներին: «Ես 2 նկատառում առանձնացնեմ. իմ նախորդի` դեսպան Մարի Յովանովիչի հաղորդմամբ` վերջին 6 ամիսներին այստեղ կարեւոր առաջընթաց է գրանցվել: Մենք հուսով ենք, որ կշարունակվեն զարգացումներն այդ ուղղություններով` տարեսկզբին ընդունված այդ կարեւոր որոշումների ուղղությամբ, եւ ՀՀ-ում ընտրությունները կանցկացվեն` եւ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հարցում աջակցությունը բերել»,- ասաց դեսպանը` չմանրամասնելով, թե խոսքն ինչ «որոշումների եւ հաջողությունների» մասին է: