Ուրբաթ օրը եւ ուրբաթից հետո

18/10/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանի ներքաղաքական օրակարգի ձեւավորումը ընդդիմադիր դաշտից կրկին անցել է իշխանական տիրույթ:

Եվ նորից ուշադրության կենտրոնում է իշխանական երկու` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ապահարզանի կամ իշխող կոալիցիայի գոյության հարցը:

Արդեն հայտնի է, որ անցած ուրբաթ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն, ինչպես կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել` «որոշում չի կայացվել, եւ քննարկումները շարունակվում են»: Մեր տեղեկություններով` հիմնական քննարկվող թեման եղել է կոալիցիայում ԲՀԿ-ի մնալու նպատակահարմարության հարցը: Իսկ երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե այդ քննարկումներից հետո ՀՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Սպասվում է, որ այս շաբաթ` ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը, ՀՀԿ-ն կհրավիրի գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում ԲՀԿ-ի հետ կապված ինչ-որ որոշում կընդունի ու կհրապարակի: Իսկ անցած շաբաթվա նիստում անընդունելի է համարվել կոալիցիոն հուշագրին հակասող` ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունները, թե առաջիկա ընտրություններին իրենք առանձին կմասնակցեն եւ կձգտեն հավաքել 50+1 տոկոս: ՀՀԿ-ին ու Ս.Սարգսյանին բարկացրել է Գ.Ծառուկյանի այն կեցվածքը, որ նա այդպես էլ չի հայտարարում, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը, ու միայն հեգնանքով ասում է` «այդ մասին` հաջորդ դասին»:

Եվ, ինչպես փետրվարին, այս անգամ էլ ՀՀԿ-ում դժգոհում են, որ Ս.Սարգսյանը կտրուկ որոշում չի կայացնում եւ ԲՀԿ-ին դուրս չի հրավիրում կոալիցիայից: Այդ կուսակցությունում շատերը համոզված են, որ վաղ թե ուշ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, բայց դա արդեն կանի իրեն հարմար պահի: Չեն բացառում նաեւ, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կերպով դուրս չգա ու այդպես էլ մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին` սեփական շահերի համար մինչեւ վերջ օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող վարչական լծակները: Շատերը նույնիսկ զարմանում են, թե Ս.Սարգսյանն ինչո՞ւ է այդքան ներողամիտ Գ.Ծառուկյանի նկատմամբ` այն դեպքում, երբ քաղաքական դաշտում արդեն համոզված են, որ ԲՀԿ-ն շրջանցելով կոալիցիոն հայտարարությունը` նախագահական ընտրություններին կունենա սեփական թեկնածուն: Եվ դա կարող է լինել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով բավականին վտանգավոր մրցակից է Ս.Սարգսյանի համար: Այստեղ նույնիսկ կարծիք կա, որ Ս.Սարգսյանը չի ցանկանում կտրուկ քայլեր անել ԲՀԿ-ի նկատմամբ, քանի որ այդպիսով նա ներքաղաքական հարցերում կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանին: Երբեմն մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Ռ.Քոչարյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որ նրան հավատացրել է, թե Ս.Սարգսյանն ավելի շատ արեւմտյան վեկտորի կրողն է, եւ որ Հայաստանում միայն ինքն է մաքուր ռուսամետ գործիչը: Հայտնի է նաեւ, որ ՌԴ-ն ազդեցության դաշտում է պահում ԲՀԿ-ին ու Գ.Ծառուկյանին, ովքեր համարվում են երկրորդ նախագահին սատարող ուժ: Եվ այդպիսով չի բացառվում, որ Ս.Սարգսյանը պարզապես չի ցանկանում ԲՀԿ-ին հեռացնել կոալիցիայից, որովհետեւ ՌԴ-ն դա կհամարի իր դեմ ուղղված քայլ:

Մի խոսքով, ընտրություններին ընդառաջ ներքաղաքական կրքերը թեժանում են, եւ այս շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կունենան իրենց պատասխանները: Իսկ մինչ այդ քաղաքական կուլիսներում խոսում են, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ԲՀԿ-ին են ներկայացվել այս տարվա փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն հայտարարության պահանջներին հավատարիմ մնալու մի շարք պայմաններ, հակառակ դեպքում` այդ կուսակցությունը պետք է հեռանա կոալիցիայից: Որոշ տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ին պետք է առաջարկվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առաջարկը: Այդ տարբերակով ԲՀԿ-ն մանեւրելու հնարավորություն չի ունենա, եւ միասնական համամասնական ցուցակը կկազմվի գալիք խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն համամասնությունը պահպանելու սկզբունքով, որն էլ ամրագրված է կոալիցիոն հայտարարության մեջ: Ասում են, որ անցած անգամվա նման` այս անգամ էլ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանագնացը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով նախօրեին մեկնել է Շվեյցարիա: ԱԺ տարածած տեղեկատվության համաձայն` Հ.Աբրահամյանը կվերադառնա չորեքշաբթի` հոկտեմբերի 19-ին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը: Արդյո՞ք ԱԺ նախագահը կհասցնի մեկ օրում համոզել իր խնամի Գ.Ծառուկյանին, թե դա նույնիսկ իր ուժերից, չի բացառվում նաեւ` ցանկություններից վեր է: Կարծիք է շրջանառվում, որ Հ.Աբրահամյանը քաղաքական դաշտում գործում է ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան ԲՀԿ-ի եւ Ռ.Քոչարյանի դաշտում: Իսկ ԲՀԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններ անելուց: Այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե ԲՀԿ-ն չի մեկնաբանի այս օրերին մամուլում հնչած տարբեր տեղեկությունները եւ վարկածները: «Մենք մեկնաբանում ենք բացառապես պաշտոնական դիրքորոշումները եւ տեսակետները, որոնք հայտնում են նման իրավասություն ունեցող անձինք»,- ասել էր պատգամավորը:

Իսկ որոշ տեղեկությունների համաձայն` Ս.Սարգսյանն անցած ԳՄ նիստի ժամանակ միաժամանակ ցանկացել է հասկանալ, թե ՀՀԿ գործադիր մարմնի անդամներն ինչ կարծիք ունեն կոալիցիայում

ԲՀԿ-ի մնալ-չմնալու հետ կապված, եւ կուսակցական շահերից ելնելով` ինչ որոշումներ պետք է կայացնեն: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ ԳՄ-ում ոչ բոլորն են հակված ԲՀԿ-ին կոալիցիայից հեռացնելու տարբերակին: ԳՄ-ն ունի 14 անդամ, որոնց ուղիղ կեսն ավելի շուտ կարող են համարվել Ռ.Քոչարյանի կողմնակիցները, թեեւ նրանք այդ մարմնում են հայտնվել Ս.Սարգսյանի ցանկությամբ: Օրինակ,

ՀՀԿ-ում այդքան էլ վստահ չեն, որ Հ.Աբրահամյանը, նրա ազդեցության տակ գտնվող` կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Ռ.Քոչարյանի օրոք երկար տարիներ արդարադատության նախարար աշխատած Դավիթ Հարությունյանը արդյո՞ք քոչարյանամետ «խաղեր չեն տալիս»:

Կուսակցության ներկուլիսային քննարկումների ընթացքում ոմանք նաեւ անհանգստանում են, որ ՀՀԿ ԳՄ անդամներ` ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնից հրաժարված Կարեն Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հայաստանից բացակայող ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը որոշակի վիրավորվածություն կարող են ունենալ իշխանություններից: Իսկ վերջիններս ընտրությունների ընթացքում մշտապես մեծ դերակատարում են ունեցել եւ լուրջ ձայներ են ապահովել ՀՀԿ-ի, ինչպես նաեւ` մինչ այդ` Ռ. Քոչարյանի, այնուհետեւ` Ս. Սարգսյանի համար: ԳՄ այս երեք անդամները վերջին շրջանում գրեթե չեն մասնակցում նիստերին, հետեւաբար նաեւ` ԳՄ որոշումներին: Այդպիսով ԳՄ-ում ակտիվ անդամներից մնում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գագիկ Մինասյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Մուշեղ Լալայանը, Դերենիկ Դումանյանը եւ ինքը` Սերժ Սարգսյանը: Այս վեց անդամների մեծ մասը մինչեւ հիմա աչքի չի ընկել կտրուկ կեցվածքով կամ սեփական կարծիք հայտնելու քաջությամբ: Այնպես որ, խոսակցություններ կան, որ եթե Ս.Սարգսյանն առաջիկա նիստի ժամանակ որոշի ԳՄ անդամներից ստանալ ԲՀԿ-ին կոալիցիայից հեռացնելու համաձայնությունը, կարող է նաեւ չհաջողի: Չի բացառվում, որ մեծամասնությունը դեմ արտահայտվի, եւ ԲՀԿ-ն շարունակի իրենց հետ միասին վայելել կոալիցիոն բարիքները: