Անշարժությունից ավելի լավ

18/10/2011

«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ցեղասպանության մասին հայտարարություններն արվեցին, քանի որ դրանք համընկնում էին Սարկոզիի իսկ խորին համոզմունքներին»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նա հիշեցրել է, որ Սարկոզին նաեւ ասաց, թե Թուրքիայի նման մեծ երկիրը իր պատմության հետ առերեսվելով` ավելի կուժեղանա, եւ նույնիսկ հղում կատարեց ֆրանս-գերմանական օրինակին: «Նրա հայտարարություններն ակնկալված էին Հայաստանում եւ բարձր գնահատվեցին»,- ասել է դեսպանը` Թուրքիայի` ԵՄ հնարավոր անդամակցության համատեքստում հիշեցնելով, որ Թուրքիան աշխարհագրորեն Եվրոպայում չէ: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերակատարման ակտիվացման շրջանառվող խոսակցությունների մասին` Արի Ռենոն նշել է, որ նման հեռանկար եւ հավանականություն, ինչպես նաեւ` սատարողի դերակատարության ստանձնում չի տեսնում: «Բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ֆրանսիան հակված է այդ ձեւաչափի պահպանմանը, եւ հենց այդ ձեւաչափի շրջանակներում է, որ պետք է երկխոսություն սկսվի: Ոչինչ ավելի վատ չի կարող լինել, քան քարացվածությունն ու անշարժությունը»,- ասել է նա: Նա խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին`նշելով, որ դրանք ամենաբարձր մակարդակի վրա են, քանի որ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդրողն է: «Հայաստան կատարած Ֆրանսիայի նախագահի զրուցակիցները ցանկություն են հայտնել, որ ֆրանսիական կողմն է՛լ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա հայաստանյան տնտեսության մեջ: Մեր մասնակցությունը ցանկանում ենք ավելի ընդգծված դարձնել նաեւ արտաքին առեւտրի ոլորտում»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Անդրադառնալով հայ-եվրոպական հարաբերությունների մերձեցման գործընթացին` Անրի Ռենոն նկատեց, որ այն բավական արագ է առաջ ընթանում: «Հայաստանը վճռական է` հաստատուն քայլերով դեպի Եվրամիություն առաջանալու գործընթացում: Սա ընդգծում է ՀՀ-ի պատրաստակամությունը` նմանօրինակ բանակցություններ վարելու հարցում: Շատ շուտով կսկսվի վիզաների դյուրացման գործընթացը: Ազատ տեղաշարժի հարցերի լուծումը կբերի ազատ առեւտրի գոտիների գործարկմանը: Սա խթան կհանդիսանա հայաստանյան տնտեսության համար»,- նշել է Անրի Ռենոն: