Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս (չ)է

18/10/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Փոքր ու միջին բիզնեսի թեման Հայաստանի պաշտոնյաների ելույթների անբաժան մասն է։ Նրանք միշտ ասել են ու ասում են, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է զարգացնել, պաշտպանել, փայփայել։

Սակայն, խոսելուց բացի, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք ասում են միայն ինչ-որ տեղից լսած, անգիր արած խոսքեր, եւ իրենք էլ չեն հավատում իրենց ասածին։ Կարծես իրականում մտածում են՝ դե լավ հա, ինչների՞ս է պետք փոքր բիզնեսը։ Օրինակ՝ ինչո՞ւ լինեն մանր խանութներ ու կրպակներ, եթե կարելի է կառուցել մեծ սուպերմարկետ, որը 100 կրպակի չափ մարդ կարող է սպասարկել։ Կրպակի տերն էլ թող աշխատի սուպերմարկետում՝ որպես վարձու աշխատող։ Ճիշտ է, շահույթ չի ունենա, բայց կունենա կանոնավոր աշխատավարձ, եւ նյարդերն էլ հանգիստ կլինեն, հարկային եւ այլ մարմինների հետ չի շփվի։ Ընդ որում, կոնկրետ կրպակների մասով, ոչ միայն մտածում են, այլեւ իրականացնում են իրենց մտածածը։

Իրոք, եթե նայենք զուտ բիզնես տրամաբանության տեսանկյունից՝ շահերի, ծախսերի, արդյունավետության եւ այլն, ապա շուկայական տնտեսության մեջ ընդհանրապես փոքր բիզնեսներ չպետք է լինեին։ Մեծերը պետք է արդեն կուլ տված լինեին փոքրերին, ու դա ինչ-որ առումով կնմանվեր կոմունիզմի՝ ամեն ինչ կլիներ կենտրոնացված։ Այն տարբերությամբ, որ կապիտալի սեփականատերը կլիներ ոչ թե պետությունը, այլ մասնավոր անձինք։ Սակայն նման բան չկա անգամ ամենազարգացած շուկայական երկրներում։ Ոչ միայն այն պատճառով, որ պետությունը նման բան թույլ չի տա։ Այլեւ այն պատճառով, որ անգամ մասնավոր գերհզոր ընկերությունները գիտակցում են փոքր բիզնեսի կարեւորությունն ու ձգտում են «քիթները չխոթել» նրանց գործունեության դաշտ։ Իսկ որո՞նք են այդ օգուտները։ Ահա դրանցից մի քանիսը։

– Մանր ու միջին սեփականատերերի թվի մեծացումը նշանակում է միջին խավի ուժեղացում, ինչը հանդիսանում է ժողովրդավարության եւ քաղաքական կայունության հիմնական երաշխիքը (ոչ թե արտագաղթն է համարվում երաշխիք, ինչպես Հայաստանում)

– Մեծանում է տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը, ինչն իր հերթին ավելացնում է մարդկանց եկամուտներն ու մեղմում սոցիալական տարբեր խմբերի միջեւ եկամուտների բեւեռացումը։

– Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը թույլ է տալիս նոր աշխատատեղեր ստեղծել՝ առանց մեծ կապիտալ ծախսերի (հատկապես սպասարկման ոլորտում):

– Որքան էլ զարմանալի հնչի, փոքր բիզնեսի զարգացումը նպաստում է տեխնոլոգիական, տեխնիկական եւ կազմակերպչական նորարարությունների մշակմանն ու ներդրմանը։ Թեժ մրցակցության պայմաններում փոքր ընկերություններն ավելի հաճախ են գնում ռիսկի եւ նոր նախագծեր իրագործում։

– Փոքր բիզնեսն անուղղակիորեն նպաստում է խոշոր ընկերությունների արդյունավետության բարձրացմանը՝ նոր շուկաներ գրավելու միջոցով, որոնք մեծ ընկերությունները համարում են փոքր։ Փոքր բիզնեսից երբեմն ծնվում են ոչ միայն խոշոր ընկերություններ, այլեւ առաջատար գիտատար ճյուղեր ու արտադրություններ։

– Փոքր բիզնեսը կանխարգելում է մոնոպոլացումը հատկապես արտադրության ոլորտում, նպաստում է մրցակցության խորացմանը։

– Փոքր բիզնեսը սերտացնում է կապը տնտեսության տարբեր ճյուղերի միջեւ։

– Փոքր բիզնեսն ավելի ճկուն է, ավելի արագ է արձագանքում պահանջարկի փոփոխություններին, ինչի արդյունքում բարձրանում է ապրանքների եւ ծառայությունների որակը։

Այս պարզ ճշմարտությունները զարգացած երկրներում շատ լավ գիտակցում են։ Դրա համար, օրինակ, ԱՄՆ «Փոքր բիզնեսի» մասին օրենքում հատուկ նշված է, որ երկրի տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց զարգացած փոքր բիզնեսի ոլորտի, որն իր հերթին` կարիք ունի մշտական պետական աջակցության։

Ոչ միայն նշում են, այլեւ լուրջ քայլեր են իրականացնում այդ ուղղությամբ։ Եվ ոչ միայն ԱՄՆ-ը, այլ Եվրոպայի երկրները, Ճապոնիան, Կանադան եւ այլն։ ԱՄՆ-ում այսօր փոքր ու միջին բիզնեսն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 50-52%-ը, Ճապոնիայում՝ 55-57%-ը, Իտալիայում՝ 57-60%-ը։ Հայաստանում, ըստ որոշ գնահատականների, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը չի գերազանցում 40%-ը։ Սա հերոսական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ այստեղ փոքր բիզնեսին աջակցում են միայն դեկլարատիվ հայտարարություններով։

Ի դեպ, Հայաստանն էլ ունի Փոքր ու միջին ձեռնարկատիրական պետական աջակցության մասին օրենք, որն ընդունվել է 2000թ.։ Այնտեղ, ճիշտ է, ԱՄՆ-ի պես չի նշվում, որ առանց փոքր բիզնեսի տնտեսություն չի կարող լինել, սակայն պետական աջակցության ուղղությունները նախանշված են։ Ըստ օրենքի 3-րդ հոդվածի՝ ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը,

ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը, աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը, տեղեկատվական եւ խորհրդատվական օգնությունը, արտաքին տնտեսական գործունեության խթանումը, նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը, բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը, կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը, վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը, պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը: Նշվածներից մի քանի բան արվել է. օրինակ՝ ՓՄՁ-ի համար որոշ չափով պարզեցվել է հարկային հաշվետվությունների ներկայացման կարգը։ Սակայն մնացած կետերով հիմնականում խոսքից այն կողմ չեն անցել։ Կան կետեր, որ անգամ ծիծաղ են հարուցում։ Օրինակ՝ պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանում պետական մրցույթներում հաղթելն անգամ խոշոր ընկերությունների համար է անհնարին, եթե նրանք գործում են բացառապես օրենքի դաշտում։

Ստեղծվել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, սակայն դրա տված իրական օգուտը, մեղմ ասած, շատ քիչ է։ Նույն ՓՄՁ ԶԱԿ-ի տվյալներով՝ 2010թ. ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ընդամենը 30 սկսնակ գործարարների, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող վարկի տոկոսի մասնակի սուբսիդավորում իրականացվել է ընդամենը 3 տնտեսվարողի դեպքում։ Սա շատ քիչ է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի տվյալներով, այս կառույցի ֆինանսական աջակցությունը շատ դեպքերում նպատակին չի ծառայել։ Օրինակ՝ գումարը վերցրել են բիզնեսը զարգացնելու համար, սակայն ծախսել են սեփական տան երկրորդ հարկի վերանորոգման վրա։ Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ պետության «սրտացավ» վերաբերմունքը երեւաց նաեւ ճգնաժամի ժամանակ։ Զարգացած երկրներում ճգնաժամը ստիպեց կառավարություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել ՓՄՁ սուբյեկտներին։ Հայաստանում էլ կառավարությանը կից` ստեղծվեց օպերատիվ շտաբ, որտեղ պետք է ֆինանսական օգնություն ցուցաբերվեր խոստումնալից ու հեռանկարային ծրագրերի իրագործմանը, սակայն պայմանների մեջ նշված էր, որ աջակցության ծրագրին չեն կարող մասնակցել սկսնակ գործարարները։

Մի խոսքով, փոքր բիզնեսն այժմ ոչ թե վայելում է պետական աջակցությունը, այլեւ մի կերպ դիմադրում է պետությանը։ Էլ չենք խոսում այն մասին, որ անհաջողության մատնված փոքր բիզնեսի տիրոջ համար սկսվում է իսկական մղձավանջ՝ կախարդական շղթա։ Ոչ կարողանում է հարկային մարմիններին կուտակած պարտքերը փակի, ոչ էլ կարողանում է լուծարվել, քանի որ լուծարելու համար պահանջում են նախ պարտավորությունները մարել։ Պետությունը շարունակում է հիացմունքով հիշեցնել, որ բիզնեսի գրանցումը հեշտացել է (օն-լայն եղանակով), սակայն մեդալի մյուս կողմի մասին լռում է։ Միգուցե բիզնես գրանցելու դյուրինության առումով հավասարվել ենք եվրոպական երկրներին։ Սակայն դրա տված օգուտի առումով երբեք չենք հավասարվի, որովհետեւ եվրոպաներում ցանկանում են մարդուն իրոք շահագրգռել, որ ինչ-որ ինքնուրույն բան անի, եւ անհաջողության դեպքում էլ չեն փորձում մինչեւ վերջին կոպեկը քամել, այլ հարկ եղած դեպքում ֆինանսական աջակցություն են ցույց տալիս՝ նախաձեռնողական լինելու համար։ Իսկ մեզ մոտ բիզնես գրանցելու գործընթացի պարզեցումը կարծես միայն մեկ թաքնված նպատակ ունենա՝ մարդուն ճահիճը քաշել։

Եթե ամեն ինչ այսպես գնա, շարունակվի տնտեսության կենտրոնացումը, խոշոր բիզնեսը շարունակի «վայիս լինել» փոքրերի հացին, պետությունն էլ ընդամենը կողքից հետեւի այս ամենին, ապա տեղի է ունենալու այն, ինչը ռուսերեն կոչվում է «սամոեդստվո»։ Մեծերը ուտելու են միմյանց, իսկ փոքրերն այդ մասին տեղեկանալու են արդեն եվրոպաներից ու ամերիկաներից, ինտերնետի միջոցով։ Միգուցե խոշորներն իրենք մի օր հասկանան, որ փոքրերին կուլ տալով` իրենք, ի վերջո, իրենց են վնասելու։ Սակայն դա դժվար թե շուտ լինի. դեռ Ջիվանու ժամանակներից չուզողությունը մեզանում ավելի կարեւոր գործոն է եղել, քան սթափ մտածելակերպը։